ՀՀ ՊՆ-ն հայտարարեց, որ ապրիլի 9-10-ը ՀՀ զինված ուժերի եւ Իրանի Իսլամական Հանրապետության զինուժի հատուկ նշանակության ստորաբաժանումներն անցկացնելու են համատեղ զորավարժություն. «Զորավարժությունը ենթադրում է Հայաստան-Իրան պետական սահմանին տեղակայված սահմանային անցակետերի վրա պայմանական ահաբեկչական խմբերի հարձակումը չեզոքացնելու գործողություններ»։ Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը, անդրադառնալով այս զորավարժությանը, ասաց, որ, իր կարծիքով, հայկական կողմը դիվանագիտական առումով կարողացել է աշխատել միջազգային գործընկերների հետ, որ պատժամիջոցների տակ գտնվող Իրանի հետ ՀՀ զորավարժությունները պատժամիջոցների չենթարկվեն:
«Այստեղ շատ կարեւոր եմ համարում այն հանգամանքը, որ Իրանը մինչ այս համատեղ նմանատիպ զորավարժություն է անցկացրել Ադրբեջանի հետ: Եվ մենք կարողացանք այդ հարցը խաղարկել` որ եթե Ադրբեջանի հետ անցկացվում են համատեղ զորավարժություններ, ինչո՞ւ Հայաստանի հետ դա հնարավոր չէ իրականացնել: Կարծում եմ, որ Իրանի կողմից կատարված քայլն այն է, որ Ադրբեջանի հետ համատեղ զորավարժություն անցկացրեց գրեթե նույն համատեքստում` ամեն մեկն իր տարածքում, դա միտված է նրան, որ անպայմանորեն Հայաստանի Հանրապետության հետ եւս կարողանա զորավարժություններ անցկացնել»,- ասաց փորձագետը, եւ սա չի նշանակում, որ իրավիճակը սրվել է, դրա համար են զորավարժություններ անում: Սա ավելի շատ կանխարգելիչ բնույթ է կրում՝ ցույց տալու, որ ՀՀ եւ ԻԻՀ անցակետերի վրա ցանկացած զինված հարձակում կդիտարկվի որպես ահաբեկչական հարձակում, ինչը թույլ կտա գործողություններ իրականացնել: «Կարծում եմ` սա շատ կարեւոր մեսիջ է՝ Ադրբեջանին նաեւ ուղղված: Զսպող հանգամանք էլ է հանդիսանում»,- ասաց Հովհաննիսյանը: