«Հրապարակի» զրուցակիցը գերմանաբնակ հասարակական գործիչ, պրոֆեսոր Ավետիս Սադոյանն է
- Բեռլինում գերմանահայության ջանքերով շարունակում եք ակտիվ հանրահավաքները՝ Հայ առաքելական եկեղեցու կալանավորված սրբազանների՝ Միքայել Աջապահյանի և Բագրատ Գալստանյանի, ինչպես նաև Սամվել Կարապետյանի և մյուս քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով: Ի՞նչի՞նչ արդյունքներ կամ ակնկալիքներ կան, ովքեր են մասնակցում ձեր ակցիաներին:
- Մենք արդեն մի քանի ամիս շարունակաբար հանդես ենք գալիս Բեռլինում բողոքի ակցիաներով՝ բարձրաձայնելով Հայաստանի և Արցախի քաղաքական հալածանքների, հատկապես՝ քաղբանտարկյալների հարցը։ Մեր նպատակն է հարցը միջազգային հարթակներում պահել օրակարգում և ստեղծել այնպիսի հանրային ճնշում, որ իշխանությունները ստիպված լինեն քայլեր ձեռնարկել ազատ արձակման ուղղությամբ։ Արդյունքների մասով՝ արդեն ունենք որոշակի տեղեկացվածություն և քննարկումներ որոշ միջազգային կառույցների հետ, բայց գործընթացը դեռ ընթացքի մեջ է։
- Տեղեկացանք նաեւ, որ ստորագրահավաք եք նախաձեռնել՝ ընդդեմ այն փաստի, ինչպես դուք եք ձևակերպել. որ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել է 2023 թվականի Արցախի Ցեղասպանության կազմակերպիչներ Իլհամ Ալիևին և Նիկոլ Փաշինյանին»։ Ի՞նչ է ենթադրում դա:
- Ստորագրահավաքի նպատակն է միջազգային հանրությանը տեղեկացնել և դատապարտել այն քաղաքական ու բարոյական անթույլատրելի քայլը, երբ գերտերությունների ղեկավարները հարթակ են տալիս այն անձանց, որոնք պատասխանատու են Արցախի դեմ իրականացված ցեղասպանական գործողությունների համար։ Մենք ցանկանում ենք ոչ միայն հանրային վրդովմունք արտահայտել, այլև՝ փաստաթղթային ուղերձ հղել համապատասխան կառույցներին՝ պահանջելով քաղաքական գնահատական և պատժամիջոցներ։
- Որքանո՞վ է գերմանական մասմեդիան կամ քաղաքական, փորձագիտական դաշտը տեղեկացված ձեր ակցիաների մասին: Արձագանք կամ որևէ վերաբերմունք հնչե՞լ է ձեր ակցիաների մասով:
- Գերմանիայում գործող մի շարք լրատվամիջոցներ արդեն լուսաբանել են մեր բողոքի գործողությունները։ Բացի այդ, կապի մեջ ենք ինչպես տեղական քաղաքական գործիչների, այնպես էլ՝ փորձագետների հետ։ Արձագանքները տարբեր են՝ կան և՛ համակրանքով ու հասկանալու պատրաստակամությամբ մոտեցողներ, և՛ քաղաքական զգուշավորությամբ մոտեցողներ։ Կարևորն այն է, որ թեման այստեղ դուրս է գալիս միայն հայկական համայնքի շրջանակից և մտնում է գերմանական հանրային դիսկուրս։
- Ուրիշ ի՞նչ նախաձեռնությամբ եք մտադիր հանդես գալ:
- Մենք պատրաստվում ենք ավելի լայնածավալ տեղեկատվական և քարոզչական արշավի՝ ներառյալ սոցիալական ցանցերում, խորհրդարանական լսումներին մասնակցություն և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների հետ համագործակցություն։ Նպատակն է թեման պահել միջազգային օրակարգում այնքան ժամանակ, քանի դեռ մեր պահանջները չեն կատարվել։