Մշակույթ

Մարիամ Տեր-Գուլանյանը և իր «Բացակա պատմվածքը»

Մարիամ Տեր-Գուլանյանը և իր «Բացակա պատմվածքը»

Շատ շնորհակալ եմ հրավերի համար, որն առիթ դարձավ խոսելու իմ նոր գրքի մասին։ Գիրքս պատմվածքների ժողովածու  է՝ «Բացակա պատմվածքը» վերնագրով։ 

Գրքի անվանումը պատահական չէ ընտրված։Այն պատմությունների մասին   է,   որոնք   հիմնականում, մնում են չպատմված՝ քանի որ շատ ցավոտ են, ծայրահեղ մարդկային են կամ այնքան սովորական, որ ոչ ոք չի փորձում պատմել դրանք։ Բայց այդ բացակա պատմվածքներում հենց մենք ենք ապրում։ Հենց դրանք են մեզ ձևավորում։ Եվ դա է կյանքը։  
Այս   ժողովածուն  գրել   եմ   կյանքիս   տարբեր  ժամանակաշրջաններում՝ փորձելով լսելի դարձնել մարդկանց լռությունը։ Գրել եմ այն մարդկանց մասին, ում   կողքով   հաճախ անտարբեր ենք  անցնում։ Մարդկանց, ովքեր ապրում են սիրո, կարոտի, հիշողությունների ու երազանքների սահմանագծում,  բայց  չեն համարձակվում խոսել այդ մասին։ Յուրաքանչյուր պատմվածք ծնվել է իրական կյանքից, իրական պատմությունից:

Գիրքը գրելիս ինձ ներշնչել է հենց կյանքը։ Իրական մարդիկ՝ իրենց լռությամբ, իրենց ասված ու չասված պատմություններով։ Ինձ ներշնչել են լուռ մարդիկ, լուռ ճակատագրերը, ովքեր չեն գոռում, չեն բողոքում, բայց կրում են մի ամբողջ կյանքի պատմություն իրենց լռության մեջ։ Ես ի նկատի չունեմ քաղաքական խնդիրների շուրջ   մեր ժողովրդի այսօրվա ցավալի լռությունը, մոտեցումս ավելի շատ փիլիսոփայական է, եթե կարելի է այդպես ասել։ Այս  գիրքը իմ կյանքում լսած ու ապրած իրական պատմությունների մարմնավորումն է։   

Գրքում ներառված բոլոր հիմնականում պատմվածքները մարդկանց ճակատագրերից մի չբացահայտված հատված է։ 

Թերևս «Բացակա   պատմվածքը» ամեն մարդու կյանքի պատմությունն է, որը նա փնտրում է իր կարդացած բոլոր գրքերում՝ հույս   ունենալով,   որ   այն   իր   դեռ   չկարդացած   գրքի   հերոսի պատմությունն է։ Սակայն պատմվածքն այդ միշտ բացակա է լինելու, այդպես   էլ   չի   գտնվելու,   քանզի   մարդու   փնտրած   ամենակարևոր պատմվածքը իր կյանքի պատմությունն է, որը նա մի օր իր ապրած օրերով կգրի կամ կպատմի և կհասկանա, որ ամենուր ինքն իրեն էր 
փնտրում, և թերևս միայն բացակա պատմվածքում մարդը վերջապես կհանդիպի ինքն իրեն...

Երբ գրում էի այս պատմվածքնրը, ինքս էլ փնտրում էի իմ բացակա պատմվածքը։ Չգիտեմ՝ գտա՞ այն, թե՞ դեռ մնում է բացակա, բայց մեկ բան հաստատ է, որ յուրաքանչյուր  գրող իր գրքերում փնտրում է և բացահայտում է նախևառաջ ինքն իրեն և իր կապը Աստծո և աշխարհի հետ։ 

Եվ  եթե ընթերցողի մեջ արթնանա իր  կյանքի չհրապարակված պատմությունը և ընթերցողն ինքն իրեն համդիպի այս գրքում, միայն այդ դեպքում, կարելի է ասել, որ գիրքը հաջողվել է։ Հուսանք և սպասենք ընթերցողի կարծիքին։ 

Սիրով հրավիրում եմ բոլոր գրասերներին Հուլիսի 28-ին, ժամը 16:00-ին, Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի դահլիճ՝  իմ նոր հրատարկված   «Բացակա պատմվածքը» գրքի շնորհանդեսին,   որն   ի   դեպ   շուտով կհատարակվի  ֆրանսերեով՝ Փարիզում։ 

Շնորհանդեսի հասցեն՝ Նալբանդյան փողոց 4/1։ 
Մուտքն ազատ է։ 

Սիրով հրավիրում եմ բոլորին՝ բացահայտելու յուրաքանչյուրիս կյանքի բացակա պատմվածքը:

Ուզում եմ երկու խոսքով կիսվել ձեզ հետ, որ այժմ աշխատում եմ իմ նոր վեպի վրա՝  «Ներկան որոնելիս» պայմանական վերնագրով։ Վեպը մարդու անվերջանալի փնտրտուքների մասին է, և երբ ի վերջո մարդը հասկանում է, որ այդ ամբողջ ճանապարհի ընթացքում ինքն իրեն էր փնտրում, այդ պահին փնտրողն անհետանում է։  Եվ մարդը պարզ տեսնում է, որ պարզվում է այդքան ժամանակ Աստված ինքն իրենք էր փնտրում․․․  իր մեջ։ 

Բայց դա գիտակցելու համար պետք էր անցնել այդ ողջ ճանապարհը։ Եվ յուրաքանչյուր մարդ իր ճանապարհն ունի անցնելու և իր ժամանակը հասնելու այդ գիտակցմանը: 

Նոր վեպումս երկու գլխավոր հերոս կա՝ տղամարդ և կին, հերոսներից մեկը ճանապարհ   է   ընկնում   արևմուտքից դեպի արևելք՝ տեսնելու, թե որտեղ է արևը ծագում, մյուս հերոսը՝ արևելիքից՝ արևմուտք, որպեսզի տեսնի, թե որտեղ է արևը մայր մտնում, և այդ փնտրտուքի ճանապարհին նրանք  հանդիպում են  և  այդ հանդիպումը փոխում է երկուսի կյանքն էլ։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image