Մշակույթ

Հայաստանը տեսնել հաստատուն, ներքին կյանքը` խաղաղ, մարդկանց՝ սիրով շրջապատված

Հայաստանը տեսնել հաստատուն, ներքին կյանքը` խաղաղ, մարդկանց՝ սիրով շրջապատված

Անցնող տարին ամփոփելով՝ գրականագետ Դավիթ Գասպարյանն արձանագրում է․ նախեւառաջ՝ լարվածություն, որը շատ էր թե՛ երկրի ներսում, թե՛ արտաքին հարաբերություններում, թե՛ մարդկանց շրջանում․ «Դժբախտաբար, այս լարվածությունը շատ ծանր է նստում յուրաքանչյուրի վրա։ Ու քանի որ տարի ենք ամփոփում, ուզում եմ շեշտել, որ ամեն մարդ ժամանակի ընթացքում նմանվում է ինքն իրեն․ խելոքն ավելի է խելոքանում, հիմարն ավելի է հիմարանում։ Այդ հատկանիշների խտացումը մեկի դեպքում արդյունք է, մյուսի դեպքում՝ հետեւանք, լավը լավանում է, վատը՝ վատանում»։
Այս բանաձեւը եթե պրոյեկտենք մեր երկրի վրա, համազգային մակարդակով մեր վիճակն ավելի՞ է վատանում, թե՞… «Համազգային մակարդակով շատ զգույշ պետք է լինենք, շատ նուրբ արտաքին քաղաքականություն եւ դիվանագիտություն պետք է վարենք, մենք այլընտրանք չունենք, չպետք է ուժեղ, հզոր տերություններին տրամադրենք մեր դեմ։ Այս գործում խնդրում եւ պահանջում եմ մեր պաշտոնյաներից կատարյալ վարպետություն»։

Գրական-մշակութային առումով նույնպես առանձնացել է տարին։ «Այս ոլորտում եւս եղան ու նշվեցին հոբելյաններ, գիտաժողովներ կազմակերպվեցին։ Գրական-մշակութային առումով վատ տարի չէր, բավականին գրքեր լույս տեսան, այդ թվում իմ՝ «Համո Սահյան․ մենագրություն»-ը՝ նվիրված բանաստեղծի 110-ամյակին, որն իմ 2-րդ մենագրությունն էր՝ նվիրված նրան։ Կարծում եմ՝ լավ գիրք է ստացվել»,- ասում է ու նկատում, որ անհատական մակարդակում արդյունավետ տարի էր, նույնն ուզում է տեսնել համազգային մակարդակում․

«2025-ին առաջին հերթին կցանկանայի Հայաստանը տեսնել առողջ, հաստատուն վիճակում, այդ լարվածությունը վերանա, ներքին կյանքը խաղաղվի, մարդիկ իրար հանդեպ լարվածությունը թուլացնեն, սերն ու բարին շատանան»։    

Գրող Մերուժան Տեր-Գուլանյանն անցած տարում քիչ լուսավոր բաներ է հիշում, բացի Բագրատ սրբազանի սկսած շարժումից․ «Ամենաբարձրն ու լուսավորը Բագրատ սրբազանի սկսած շարժումն էր»։ Տեր-Գուլանյանը նախօրեին դիտել է Արթուր Վանեցյանի հարցազրույցը եւ տպավորվել, քանի որ «փայլուն հարցազրույց էր, եւ այնքան ուրախացա, որ Վանեցյանը բացվել է եւ ուզում է խոսել, որը շատ ազնիվ էր իր խոսքի մեջ։ Ինչքան գեղեցիկ կլիներ, որ ինքը Սրբազանի կողքին կանգնած լիներ, ճիշտ է՝ դա չի եղել, բայց կարող է եւ լինել․․․»։

Մերուժան Տեր-Գուլանյանը նույնպես անցնող տարում իր համար գրական բացահայտումներ է արել․ «Մի քանի գրական գործեր եմ կարդացել ու շատ ուրախացել եմ մեր երիտասարդներով, կնշեմ Արամ Ավետիսի «Ամպուտացված ամպեր» գիրքը, որը շատ հետաքրքիր է, Մարինե Պետրոսյանի վերջին հրաշալի գիրքը, Նարեկ Կիրակոսյանի գործերը, Լեւոն Ջավախյանի գրառում-էսսեները, որ պարբերաբար իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է այս տարի։ Շատ եմ հավանել Աշոտ Ալեքսանյանի՝ Չարենցի մասին գիրքը, ուղղակի փառավոր գիրք է գրել Չարենցի մասին։ Ուշացումով կարդացի Հենրիկ Էդոյանի «Պոեզիայի երկակի տեսողությունը»։ Տպավորված էի նաեւ Դավիթ Գասպարյանի Զահրատի մասին հոդվածով, Գոհար Գալստյանի բանաստեղծությունների գիրքը եւս հավանել եմ։ Ես շատ եմ ուրախանում գրականությամբ, ի վերջո՝ դա իմ կյանքն է, բայց մեր խնդիրն այսօր այն է, որ հեռուստատեսությամբ, մամուլով՝ ինչքան անհետաքրքիր դեմքեր, պատգամավորներ կան, բոլորի նկարները դնում տպում ենք, բայց այս մարդիկ, մեծ հաշվով, չկան ասպարեզում, եւ չկան ոչ միայն գրողները, այլ նաեւ՝ նկարիչները, այն մարդիկ, ովքեր կարգին ստեղծագործողներ են։ Ես բոլորով հիացած չեմ, որովհետեւ ես՝ որպես մտավորական, նաեւ վիրավորվում եմ, երբ նրանցից շատերը լուռ են, բայց կան մարդիկ, որոնք դիմադրում են եւ դիմադրում են գեղարվեստորեն, գեղեցիկ»։   

Գրողն անդրադառնում է նաեւ վերջին ամիսներին «առաջին» տիկնոջ կողմից իրականացվող եւ լայնորեն քննարկվող «Կրթվելը նորաձեւ է» արշավին․ «Դրանք՝ բոլորը, անհեթեթություններ են, ի՞նչ է նշանակում՝ կրթվելը նորաձեւ է, կրթությունը ո՛չ ռաբիզ երաժշտություն է, ո՛չ կանացի շոր, որ հագնես ու նորաձեւության հետ համեմատես, իսկ մի տարի հետո հնանա։ Կոմիտասն ու Մոցարտը երբեք մոդայիկ չեն եղել, որովհետեւ իրենք շարունակ եղել են։ Ի՞նչ է նշանակում՝ նորաձեւ կրթություն, դրանք՝ բոլորը, ծիծաղելի բաներ են։ Ընդհանրապես, կրթությանը չպետք է ձեռք տալ, եւ պետք է շատ զգույշ լինել։ Էժեն Իոնեսկոն, որ հակասովետական մարդ էր, երբ եկավ Խորհրդային Միություն, դրանից հետո մի հրաշալի հոդված տպեց, որը քննադատում էր այդ տոտալիտար, բռնապետական ռեժիմը, բայց զարմանալիորեն մի բան էր նկատել՝ սովետական դպրոցի կրթությունը, որը համարել էր բարձրագույնն աշխարհում։ Այնպես որ՝ չի կարելի կոշիկի կամ վերարկուի նման մոդայիկ կրթություն ստեղծել։ Չի կարելի կպնել Մովսես Խորենացուն, երբ չես հասկանում ու չես կարդացել Խորենացի, իսկ դա հստակ երեւում է, որ դու չես կարդացել Խորենացի։ Նա սուրբ է, ու հայ ժողովրդի անձնագիրն ինքն է տվել, մինչդեռ ինչ հեշտ եք կարողանում Խորենացու մասին դատողություններ անել ու անհեթեթություններ դուրս տալ, միաժամանակ դպրոցներում պատմություն կեղծել ու գրականություն ոչնչացնել։ Սա դառը բան է»։
Մերուժան Տեր-Գուլանյանը 2025-ին՝ թե՛ անհատական, թե՛ համազգային առումով, առողջություն է ցանկանում բոլորին․ «Ուզում եմ նաեւ, որ թմբիրից մեր ժողովուրդը դուրս գա, ամոթ է, որ այսպիսի ժողովուրդը, որը միշտ ազգ է եղել, այս վիճակում է հայտնվել, պետք է անհապաղ դուրս գալ թմբիրից։ Շատ կուզենայի, որ Հանրապետության հրապարակը լեփ-լեցուն լիներ սպիտակազգյաց սրբազանի գլխավորությամբ, որի կողքին կանգնած կլինեին մի քանի այլ լուսավոր մարդիկ եւս՝ Արթուր Վանեցյանը, Արման Թաթոյանը եւ այլք։ Սա ազգային փրկության ճանապարհն է, եւ պետք է գան մարդիկ, որոնք ծրագիր կներկայացնեն ժողովրդին, թե ինչ են անելու հետո»։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image