Չիլիի Ներկայացուցիչների պալատը (խորհրդարանի ստորին պալատ) հավանություն է տվել օրինագծին, որը յուրաքանչյուր տարվա ապրիլի 24–ը սահմանվում է որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր:
Այս մասին X–ի իր միկրոբլոգում հայտնել է Չիլի–Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Քրիստիան Արայան։
Նա այս իրադարձությունն անվանել է «փոքրիկ ժեստ բարբարոսության դեմ, որից տառապում է քրիստոնյա ժողովուրդը, որը նաև շարունակում է ենթարկվել հալածանքների ու թշնամանքի»:
Որոշումն ընդունվել է 106 կողմ, 1 դեմ և 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Օրինագծի ընդունմանն անմիջապես արձագանքել է Թուրքիայի ԱԳՆ–ն` նշելով, որ Չիլիի Ներկայացուցիչների պալատի ընդունած «Օսմանյան կայսրությունում 1915 թ. իրադարձությունները ցեղասպանություն ճանաչելու մասին» բանաձևն ուժ չունի: