Սամվել դպիր Գրիգորյանն անդրադարձել է «Մայր Հայաստան» հուշահամալիրի վանդալիզմի դեպքին.
«ՍՐԲԱՊՂԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԱՆԴԱԼԻԶՄ
Վերջին օրերին Գյումրիում երկու պախարակելի դեպք տեղի ունեցավ՝ սրբապղծություն և «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծում։ Կոտրվել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները, իսկ «Մայր Հայաստան» հուշահամալիրը ենթարկվել է վանդալիզմի։
1․ Սրբապղծություն
Աստվածաշնչյան և եկեղեցական ըմբռնմամբ՝ Եկեղեցին պարզապես քարե շինություն չէ, այլ Աստծո Տուն և աղոթքի, եկեղեցու սուրբ խորհուրդների սրբագործված տարածք։ Օծված տաճարի հանդեպ ցանկացած ոտնձգություն որակվում է որպես սրբապղծություն։ Այդպիսի արարքը պետք է համարժեք գնահատական ստանա ոչ միայն իրավապահ մարմինների, այլև հասարակության գիտակից հատվածի կողմից։
Աստվածաշնչում մի դրվագ կա, երբ Օզա անունով մի մարդ, ով դրա իրավունքը չուներ, անզգուշությամբ ձեռքը մեկնեց և դիպավ Աստծո Տապանակին, ինչի համար անմիջապես արժանացավ Աստծո դատաստանին (Բ Թագ. 6:6-7)։
Այնպես որ, Աստծո տաճարի պատուհանը կոտրողը պետք է լավ մտածի ու քանի դեռ ժամանակ ունի, զղջա, ներողություն խնդրի հոգևորականներից ու հավատացյալ մարդկանցից և ապաշխարի, այլապես ինքն էլ չի գիտակցում, թե ինչպիսի պատուհաս է բերելու իր վրա իր սրբապղծությամբ։ Իր իսկ համար օգտակար կլինի, որ հենց եկեղեցու քահանային առաջին հերթին ներկայանա նա։
2․ «Մայր Հայաստան» հուշահամալիրի պղծումը
Գյումրիի խորհրդանիշներից մեկը համարվող «Մայր Հայաստան» հուշահամալիրից պոկել են հերոս–քաղաքների անվանումների ոսկեգույն տառերը։ Հաշվի առնելով, որ տառերը թանկարժեք մետաղից չէին, ակնհայտ է, որ տեղի ունեցածը շահադիտական կողոպուտ չէ, այլ նպատակային վանդալիզմ։ Պղծություն է, երբ հերոս քաղաքների անվան տառերը նետվում են աղբաման:
Սա հուշարձան է, որը խորհրդանշում է Հայրենական մեծ պատերազմում իրենց կյանքը զոհաբերած հայորդիների սխրանքն ու հիշատակը։ Հայ ժողովրդի 500-600 հազ. զավակներ հերոսաբար կռվել է Հայրենական Մեծ պատերազմի մարտի դաշտերում, տվել Խորհրդային Միության 100-ից ավել հերոսներ, 200-300 հազ. զոհեր (մանրամասները` մեկնաբանությունում):
Թուրքական բանակը պատրաստ էր ներխուժել հարավից Կովկաս և ավարտին հասցնել 1915թ․ ցեղասպանության կիսատ թողած գործը հենց որ հերոս-քաղաք Մոսկվան ընկներ, կամ ֆաշիստական Գերմանիան հատեր Վոլգան հերոս-քաղաք Ստալինգրադում (մանրամասները` մեկնաբանությունում)։
Սա հարձակում է մեր ընդհանուր պատմական հիշողության և ազգային արժանապատվության նկատմամբ, արժեհամակարգային ճգնաժամի դրսևորում։
Նման արարքը նույնպես պետք է արժանանա ոչ միայն իրավական, այլ նաև հասարակական հստակ դատապարտման»: