Քաղաքականություն

Հույս ունենք, որ ՍԴ-ն այս անգամ իր մեջ կամք կգտնի եւ ճիշտ որոշում կկայացնի

Հույս ունենք, որ ՍԴ-ն այս անգամ իր մեջ կամք կգտնի եւ ճիշտ որոշում կկայացնի

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը «Պատիվ ունեմ» խմբակցության 4 պատգամավորի հետ դիմել է Սահմանադրական դատարան՝ կապված գործուն զղջումը նաեւ ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում կիրառելու օրենսդրական փոփոխությունների հետ։ 

Մեզ հետ զրույցում պատգամավոր Արծվիկ Մինասյանը ներկայացրեց, թե ինչու են դիմել ՍԴ։ «Մենք մուտքագրել ենք դիմումը ՍԴ։ ՍԴ-ն այն ընդունել է օգոստոսի 9-ին եւ, ըստ օրենքի, պետք է 1 ամսվա ընթացքում կայացնի որոշում՝ նշանակելով զեկուցող դատավոր։ Միայն դիմումը բաղկացած է 63 էջից, իսկ նյութերով անցնում է 100 էջը։ Մանրամասն վերլուծված են բոլոր ռիսկերը, որոնք, մեր գնահատմամբ, այս օրենքը ստեղծում է։ Դիմումը ներկայացվել է 33 պատգամավորի ստորագրությամբ։ Միաժամանակ դիմումով մենք նաեւ միջնորդել ենք, որպեսզի գործի քննության ընթացքում կասեցվի այս օրենքի գործողությունը՝ որպես հայցի ապահովման միջոց, քանի որ կարող է ունենալ անդառնալի հետեւանքներ։

Պատկերացրեք՝ եթե այս նորմերը սկսեն կիրառվել առանձին խումբ անձանց նկատմամբ, հետագայում շատ բարդ է լինելու, անհավասար պայմաններ են ստեղծվելու այլ քաղաքացիների համար, եւ եթե ՍԴ-ն որոշում կայացրեց, օրինակ, բավարարել մեր դիմումը, ապա կստացվի, որ սխալ կիրառում է տեղի ունեցել, իսկ առանձին դրվագներով եթե անձին ազատել են քրեական պատասխանատվությունից, հետո հետվերադարձը դառնում է բարդ, անհնարին։ Անհասկանալի է այն փաստը, որ իշխանությունը ներկայացնող մի շարք գերատեսչություններ դեմ են արտահայտվել այս նախագծին, ինչպիսին, օրինակ, Բարձրագույն դատական խորհուրդն է կամ ԱԱԾ-ն, ոստիկանությունը, ըստ տարածված տեղեկատվության՝ նաեւ մարդու իրավունքների պաշտպանը, Հայաստանի միջազգային հարաբերությունների գծով պատասխանատուի գրասենյակը։ Իհարկե, իրենց բացասական կարծիքը չկար ԱԺ ներկայացրած տարբերակում, բայց ընդունվեց այս նախագիծը՝ արհամարհելով նաեւ այս կառույցների բացասական կարծիքը, որտեղ հատկապես նշված էր, որ սա ոչ միայն կոռուպցիոն ռիսկեր է առաջացնում, այլեւ խաթարում է արդարադատության հիմնական էությունը։ Մեր վերլուծությունը, գնահատականը բերել է նրան, որ այս նախաձեռնության քաղաքական դրդապատճառն իշխանության այս խմբի կողմից առանձին անձանց հետ որոշակի համաձայնության գալն է, որպեսզի նրանց քրեական պատասխանատվության չենթարկեն։ Երկրորդ շարժառիթն այն է, որ կան հանցագործության մեջ մեղադրանքներ՝ հրապարակված, որոնք իրավապահ մարմինները չեն կարողանում ապացուցել, սրանով փորձում են քողարկել իրենց այդ հայտարարությունները, ինչպես, օրինակ, դասալիքների թեման է։ Եվ, վերջապես, երրորդ խումբն այն անձինք են, որոնք գուցե իսկապես հանցագործություններ են կատարել, բայց գալիս են իշխանության հետ համաձայնության, որպեսզի չենթարկվեն քրեական պատասխանատվության, այդ անձինք էլ ծառայություններ մատուցեն քաղաքական իշխանություններին։ Այլ բացատրություն չկա, որովհետեւ զուտ իրավական տեսանկյունից այս նախագիծն ուղղակի անհեթեթություն է։ Այն հակասում է թե՛ ՀՀ Սահմանադրության մի շարք հոդվածների՝ մարդու հիմնական իրավունքների տեսակետից, արդարադատության անաչառության եւ արդյունավետության տեսակետից, նաեւ միջազգային մի շարք պարտավորությունների ու միջազգային դատական ատյանների կողմից արդեն իսկ կայացված որոշումների, որոնք ունեն կիրառական նշանակություն մեր իրավակիրառ պրակտիկայում»,- ասաց Մինասյանը՝ կոնկրետ նշելով, թե որտեղ են հակասությունները Սահմանադրության հետ։

«Մեր դիտարկմամբ՝ այս օրենքը հակասում է 11 հոդվածի, դրանք վերաբերում են թե՛ ընտանիքի պաշտպանության սահմանադրական կարգավորումներին, թե՛ անձի ազատությանը, արժանապատվությանը, կյանքի իրավունքին, խոշտանգումների եւ անմարդկային նսեմացուցիչ վերաբերմունքի արգելքին, արդար դատաքննության կարգավորումներին։ Հակասում է մի շարք սկզբունքների, ինչպիսին է օրենքի առջեւ բոլորի հավասարության սկզբունքը, մեղքի եւ պատժի համաչափության սկզբունքը եւ իրավական որոշակիության սկզբունքը։ Այն ձեւակերպումները, որոնք տրված են այդ ակտում, հնարավորություն են տալիս այս կամ այն քննիչին՝ սուբյեկտիվ կերպով որոշելու՝ անձը ենթակա՞ է քրեական պատասխանատվության, թե՞ ոչ՝ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար, եւ եթե որեւէ քննիչ կայացնի համանման սուբյեկտիվ որոշում, որը նաեւ դատախազը կհաստատի, ապա մեկ այլ քննիչ այլ հանգամանքներում լրիվ այլ որոշումներ կարող է կայացնել»,- ասաց Մինասյանը։

Մեկ այլ կարեւորագույն խնդիր էլ այն է, որ քննչական մարմինները փաստացի դատարանի գործառույթ են ստանձնում. «Մենք այսօր Քրեական օրենսգրքում ունենք ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների առանձին դեպքերով խրախուսական նորմեր․ երբ անձը փոխհատուցում է պատճառված վնասը, զղջում է իր կատարած արարքի համար, առաջին անգամ է այդ արարքը կատարել, նպաստել է հանցագործության լիարժեք բացահայտմանը, ապա այդ նորմերի ուժով կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, բայց այդ ազատումն անպայման անցնում է դատական քննության փուլ, այսինքն՝ ստուգվում են բոլոր այդ իրավական գնահատականները, անձի ցուցաբերած վարքագիծը եւ այլն, մինչդեռ այս փոփոխություններով ի՞նչ դատաքննություն, ի՞նչ դատարաններ, ի՞նչ արդարադատություն․․․ այդ ֆունկցիան փոխանցվում է քննչական մարմիններին, ինչը հակասում է արդար դատաքննության հիմնական սկզբունքներին»։

Մինասյանի խոսքով՝ փոփոխությունների հեղինակների այն պնդումը, որ միջազգային փորձում նման պրակտիկա կա, կեղծ է․ «Իրենց վկայակոչած բոլոր երկրների վերաբերյալ մեր կողմից ուսումնասիրություններ կատարվել են, ավելին՝ մենք հավելյալ նաեւ այլ երկրների փորձն ենք ուսումնասիրել․ չկա որեւէ երկրորդ երկիր, որ այս տեսքով կարգավորում է տալիս։ Գրեթե բոլոր երկրներում գործում են համաձայնեցման վարույթի, համագործակցության վարույթի կարգավորումները, եւ բոլորն անցնում են պատշաճ դատական քննության փուլեր»։

Հարցրինք՝ ՍԴ-ից ունե՞ն սպասելիքներ՝ հաշվի առնելով, որ իրենց նախորդ դիմումը՝ կապված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի սահմանադրականության հետ, ՍԴ-ն շուրջ 2 տարի է՝ չի քննում, այս պահին էլ քննությունը կասեցված է, չե՞ն կարծում, որ նույն սցենարն է կրկնվելու, Մինասյանը պատասխանեց․ «Չեմ բացառում, որ նույն սցենարն այս դեպքում էլ կկրկնվի, բայց մի առանձնահատկություն կա, որ ինձ մոտ մի քիչ հույս է արթնացնում․ եթե, օրինակ, նույն «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի շրջանակներում քաղաքական իշխանությունն անընդհատ թմբկահարում էր, թե նախկինները ցանկանում են իրենց թալանածը պաշտպանել, ինչը մեր դիմումի հետ որեւէ կապ չունի, բայց հանրային ընկալման մեջ կա նման որոշակի տրամադրվածություն, այս դեպքում նման բան էլ չի կարող լինել, այստեղ զուտ իրավունքի վեճ է, իրավական կարգավորման եւ բացարձակ կապ չունի նախկինների գործողությունների կամ գործունեության հետ։ Սա է ինձ մի փոքր հույս ներշնչում, որ ՍԴ գոնե այն դատավորները, որոնք իրավունքի գերակայությունը գիտակցելով, նաեւ միջազգային պարտավորությունների շրջանակներում տեսնելով Հայաստանին սպասվող հարվածները, իրենց մեջ կամք կգտնեն, որպեսզի կայացնեն արդար որոշում»: Տեղեկացանք նաեւ, որ դիմումը պատրաստել են հայտնի իրավաբանների մասնակցությամբ, եւ հաշվի է առնվել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի մասնագիտական կարծիքը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image