Սեպտեմբերի 25-ին ՀՀ 18 համայնքներում ՏԻՄ ընտրություններ էին: Մի մասում մասնակցում էր նաեւ «Ապրելու երկիր» կուսակցությունը։ Զրուցել ենք կուսակցության հիմնադիրներից Մեսրոպ Առաքելյանի հետ։
- Ինչպե՞ս եք գնահատում կիրակի անցկացված ընտրությունները, եւ ի՞նչ արդյունքներ է գրանցել «Ապրելու երկիրը»։
- Կուսակցությունը վեց տեղում մասնակցել է ընտրություններին, տարբեր համայնքներում տարբեր արդյունքներ են գրանցվել, ընդհանուր առմամբ՝ կային որոշ տեղերում ավելի սպասելիքներ, սակայն արձանագրված արդյունքներն ընդունում ենք, եւ այն չափով, ինչ որ հասարակությունը մեզ վստահության քվե է տվել, դրա շրջանակներում կծառայենք համայնքներին։ Իսկ ընդհանուր, եթե ավելի լայն դիտարկենք, այս ընտրությունները եւս մեկ անգամ ցույց տվեցին, որ գործող իշխանությունը չի վայելում հասարակության աջակցությունն առնվազն այս ընտրությունների շրջանակներում՝ հաշվի առնելով, որ եթե նայենք, օրինակ, քաղաքային համայնքները, ապա մեկ քաղաքում է միայն «Քաղաքացիական պայմանագիրը» 50 տոկոսից ավելի քվե ստացել։ Նմանատիպ պատկեր ունեինք նաեւ նախորդ տարի; Այսինքն՝ ակնհայտ է, որ հասարակությունը փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում, եւ նաեւ այս ընտրությունները մեկ անգամ եւս հասարակության դրսեւորումն են՝ ուղղված այդ փոփոխություններին։
- Դուք պարբերաբար խոսում էիք, որ տարբեր համայնքներում ձեր դեմ ճնշումներ էին գործադրվում, այդ թվում՝ Թալինում, այդ ճնշումները որքանո՞վ ազդեցին ընտրությունների արդյունքների վրա։
- Ցավով եմ արձանագրում, որ մի կողմից չհերքելով, որ ընտրական գործընթացներում էական փոփոխություններ են տեղի ունեցել, սակայն մի շարք համայնքներում, առավել եւս՝ գյուղական բնակավայրերում, շարունակում են պահպանվել, այսպես ասած, հին եւ բարի ավանդույթները, եւ տեղական «հեղինակություններ» ու նաեւ վարչական որոշակի ազդեցություն ունեցող անհատներ ընտրական գործընթացների շրջանակներում անում են այն, ինչ ունեինք տասնամյակներ։ Այսինքն՝ փորձել ճնշումներ, առաջարկներ ե՛ւ ընտրողներին, ե՛ւ ցուցակներում ընդգրկված տարբեր մարդկանց, որի շրջանակներում, այո, որոշակի խնդիրներ առաջանում են։ Բայց, մեծ հաշվով, պետք է նշեմ, որ բոլոր տեղերում էլ մեր թիմերը բավականին ամուր մասնակցել են քարոզարշավին, եւ մեծ խնդիրների առաջ չենք կանգնել։ Ավելի շատ նշում եմ, որ ընտրական մթնոլորտը, ցավոք, շատ տեղերում հիշեցնում է հին գործելաոճը։
- Ալավերդիում հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել․ դուք 49 տոկոս եք հավաքել եւ ձեր հաղթանակն ամրագրելու համար պետք է կոալիցիա կազմեք որեւէ ուժի հետ։ Դուք ասել էիք, որ ՔՊ-ի հետ բացառում եք կոալիցիան, իսկ մյուս ուժերի հետ կոալիցիա կազմելու հարցը քննարկո՞ւմ եք, թե՞ ոչ։
- Ալավերդիում երեք ուժ է ընդգրկված ավագանու կազմում, Դաշնակցությունը չի հաղթահարել նվազագույն շեմը, ճիշտ է՝ ՀԱԿ-ն էլ չի հաղթահարել, սակայն օրենքի ուժով երրորդ տեղն է գրավել եւ մեկ մանդատ է ստանում՝ նախնական տվյալների համաձայն։ Իսկ մենք եւ ՔՊ-ն 13-ական մանդատ ենք ստանում։ Այս պահին տեսականորեն միակ հնարավոր համագործակցությունը ՀԱԿ-ի հետ է լինելու, բայց դեռ վերջնական որեւէ բան չկա, քննարկումներ դեռ չունենք։ Ժամանակ կա, այդ ուղղությամբ ենք աշխատելու, որպեսզի մեր հաղթանակն ամրագրենք։
- Հնարավո՞ր է՝ ՔՊ-ն բանակցի ՀԱԿ-ի հետ, եւ նրանք երկուսով կոալիցիա կազմեն։
- Չգիտեմ, խնդրում եմ՝ դա հարցրեք ՔՊ-ին եւ ՀԱԿ-ին։ Այս պահին այնպիսի իրավիճակ է, որ ՀԱԿ-ի դիրքորոշումը որոշելու է, թե ով կընտրվի համայնքի ղեկավար։
- Այսինքն՝ ՀԱԿ-ից է կախված Ալավերդի համայնքի ու նաեւ ձեր հաղթանակի ճակատագիրը։
- Այո, ձայների բաշխումն այդ պատկերն է արձանագրել։
- Ալավերդցիներն ասում էին՝ Մանե Թանդիլյանը գնացել է Ալավերդի ու ձեր թիմակիցներին հորդորել ՔՊ-ի հասցեին սուր քննադատությամբ հանդես չգալ, մեղմ վերաբերվել իշխանություններին։
- Ոչ, ամբողջովին հերյուրանք է, չգիտեմ՝ որտեղից այդ տեղեկությունը։ Տիկին Թանդիլյանը, կարծում եմ, առիթ ունեցել է պատասխանելու, նման բան բացառված է, որովհետեւ նայեք Թանդիլյանի գրառումները կամ հարցազրույցները՝ գործող իշխանության դեմ, եւ մենք որեւիցե հորդոր կամ առաջարկ չենք արել, առավել եւս՝ քարոզարշավի ընթացքում զերծ մնալ քննադատելուց։ Քննադատությունը, բնականաբար, չի անցնում մարդկային եւ այլ կարմիր գծերը, եւ այդ քննադատությունը ոնց կար, այդպես էլ եղել է, այդ թվում՝ Ալավերդիում։
- Իսկ այլ համայնքներում կա՞ կոալիցիոն իրավիճակ։
- Մեր մասնակցած համայնքներից Սիսիանում որեւիցե ուժ 50 տոկոսից ավելի չի հավաքել։ Այնտեղ հինգ ուժ է ներկայացված լինելու ավագանու կազմում։ Այս պահին չունենք վերջնական որոշում, ընթացքում կհասկանանք՝ հնարավոր ինչ համագործակցության արդյունքում ներգրավված կլինենք համայնքի ղեկավարմանը։ Այնտեղ մենք պատրաստ ենք ստանձնել համայնքի ղեկավարումը, եթե որեւէ ուժ ցանկություն ունի աջակցել մեզ այդ հարցում, պատրաստ ենք լսել։
- Կա՞ համայնք, որտեղ ձեր կուսակցությունը բացարձակ հաղթանակ է տարել։
- Ոչ։ Գյուլագարակում ընդամենը մի քանի ձայնի տարբերությամբ ենք պարտվել՝ մենք 49 տոկոս ենք հավաքել, ՔՊ-ն՝ 51։
- Իսկ Չարենցավանում քանի՞ տոկոս եք հավաքել եւ ի՞նչ կասեք այդ համայնքի մասով, որտեղ դարձյալ գործող համայնքապետը հաղթեց։
- Ընդունում ենք ի գիտություն ժողովրդի ընտրությունը, մեր ստացած մանդատների շրջանակներում կմասնակցենք համայնքի կառավարմանը։ Նախնական հաշվարկներով՝ 2 մանդատ կունենանք։
- Իսկ ձեր թեկնածուն՝ Անահիտ Խեչոյանը, կվերցնի՞ մանդատը եւ կաշխատի որպես ավագանու անդամ, թե՞ կհրաժարվի մանդատից։
- Չէ, այս պահին որեւէ էդպիսի մտադրություն չկա, տիկին Խեչոյանը մինչ այդ է համայնքի նկատմամբ ցուցաբերել հանրային ակտիվություն, եւ վստահ եմ՝ ավագանու շրջանակներում կշարունակի մաքսիմում համայնքի խնդիրները բարձրաձայնել եւ փորձել լուծումներ տալ դրանց։