Հարցազրույց

Ժիրայր Սեֆիլյանը քննադատում է ԱՄն դեսպանի հայտարարությունը

Ժիրայր Սեֆիլյանը քննադատում է ԱՄն դեսպանի հայտարարությունը

Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քուինը հուլիսի 3-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսել էր այն մտավախությունների մասին, որ եթե Ղարաբաղը լինի Ադրբեջանի կազմում, այնտեղ ապրող հայերի անվտանգությունն ու իրավունքների պաշտպանությունն անհնարին կդառնա՝ հաշվի առնելով Ադրբեջանի վարած քաղաքականությունը։

«Մենք հավատում և հուսով ենք, որ դա հնարավոր է: Մենք կարծում ենք, որ բոլոր կողմերը պետք է համատեղ ջանքեր գործադրեն դրա համար: Միացյալ Նահանգները կարծում է, որ դա ճիշտ մոտեցում է և խրախուսում է բոլոր կողմերին ապահովել իրավունքների պաշտպանությունը և անվտանգությունը (Լեռնային Ղարաբաղի բնակիչների, խմբ.): Բոլոր կողմերն ասել են այդ մասին, հիմա մնում է գտնել դրա ճիշտ ճանապարհը»,- ասել էր դեսպանը։

Ազգային ժողովրդավարական բեւեռի խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը, պատասխանելով մեր հարցին, թե ինչպես է վերաբերվում Արցախը Ադրբեջանին հանձնելու ենթատեքստով արված այս հայտարարությանը, ասաց.

«Այս դեպքում պաշտոնական Երեւեանի հայտարարություններն են  նման հայտարարությունների հիմք տալիս: Այս օրերին պետք է դիտարկել ամեն ինչը այն համատեքստում, որ նրանց (ԱՄՆ) գլխավոր նպատակը Ռուսաստանին տարածաշրջանից հեռացնելն է: Այդ կարճաժամկետ մարտավարական նպատակն է հետապնդում արցախյան հարցի լուծումներ որոնելիս: Այն լուծումների մասին, որ նրանք խոսում են, ունեն մարտավարական նշանակություն, ոչ՝ ռազմավարական: Այնինչ այդ մարտավարական լուծումները կարող են ռազմավարական մեծ նշանակություն ունենալ եւ մեծ վնասներ հասցնեն մեզ: Դրա համար էլ, նախկինում էլ, երբ նմանատիպ հայտարարություններ են եղել, մենք  քննադատել ենք, արտահայտել մեր անհամաձայնությունը:

Բոլորը գիտեն, թե մենք ինչ վերաբերմունք ունենք Արեւմուտքի նկատմամբ, մասնավորապես՝ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի, եւ ինչպիսի հեռանկարներ ենք պատկերացնում: Սակայն, երբ նման սխալ հայտարարություններ են անում, մենք չենք վարանում նրանց քննադատել: Շաբաթներ առաջ, երբ հնչեց նման հայտարարություն, այժմ եւս, ես բարձրաձայնում եմ, որ մեզ համար անընդունելի է այն, ինչ դեսպանը երեկ ասաց, թե իբր հայերը կարող են խաղաղ ու անվտանգ համակեցություն ապահովել Ադրբեջանի կազմում: Այդպիսի բան չի լինելու, մենք թույլ չեն տա, որ նման բան լինի, իրենք էլ գիտեն, որ դա չի լինի: Մենք ունենք որոշակի ինֆորմացիա,  որ ԱՄՆ-ը Բաքվին ճնշում է, պարտադրում է երկու կետ. արցախահայության իրավունք եւ անվտանգության ապահովում…»:

Այս եւ այլ հարցերի շուրջ ամբողջական հարցազրույցը` Ժիրայր Սեֆիլյանի հետ դիտեք «Սփյուռքի ձայն» հաղորդաշարի եթերում, շաբաթ օրը: 
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image