Քաղաքականություն

Վատ բան պետք է ասեմ, բայց պետք է նաև ստվեր լինի, որ տնտեսությունն արագ զարգանա․ Սամսոն Գրիգորյան 

Վատ բան պետք է ասեմ, բայց պետք է նաև ստվեր լինի, որ տնտեսությունն արագ զարգանա․ Սամսոն Գրիգորյան 

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր քննարկում էր կազմակերպել կառավարության՝ ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրում նախատեսող օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ: Քննարկումը վարում էր Բաբկեն Թունյանը, հարցերին պատասխանում էր ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը, իսկ հրավիրյալների թվում էին տնտեսագետներ, գործարարներ, ոլորտային փորձագետներ։

Հենց սկզբից փորձագետները իրենց մտահոգություններն ու կասկածները հայտնեցին հայտարարագրման համակարգի ներդրման արդյունավետ ու անխափան աշխատանքի մասով։ Օրինակ՝ «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ նախագահ Սամսոն Գրիգորյանը հիշեցրեց, որ կառավարության ներդրած անկանխիկի համակարգը մինչ օրս նորմալ չի աշխատում, պետությունը չի կարողանում անգամ 60 հազար շահառուի POS տերմինալներով ապահովել, հիմա ինչպե՞ս է հայտարարագրման համակարգն ապահովելու, որի շահառուները ավելի շատ են լինելու՝ միլիոնավոր մարդիկ։

«Էսօր մենք ունենք խնդիր նաև ՊԵԿ-ի կայքի հետ կապված․ ամեն ամսվա 15-20-ը ՊԵԿ օնլայն հարթակը, որտեղ հայտարարագրեր են տրվում, կանգնում է, և չի կարողանում հաշվառել էդքան մուտք գործողներին։ Հիմա ո՞նց ենք մենք պատկերացնում, երբ արդեն միլիոնավոր մարդիկ են մուտք գործելու և հայտարարագիր ներկայացնելու, որքանո՞վ է պատրաստ պետությունը սրան, ինչո՞ւ ենք այսքան շտապում»,-հարցրեց Գրիգորյանը։

Նիստը վարող Բաբկեն Թունյանն արձագանքեց, որ իրենց փակ քննարկումներում նույն այդ հարցը իրենք են առաջինը տվել, որովհետև անկանխիկի մասին օրենքն իրենց համար փորձ է, որ ինչ-որ բան անելուց առաջ պիտի համոզված լինեն, որ համակարգը դրան պատրաստ է։ Դրա համար էլ հիմա համակարգը միանգամից բոլորի համար չի ներդրվելու։

Արման Պողոսյանն էլ ընդունեց, որ կարևոր հարց է բարձրացվում և նշեց․ «Համարեք, որ խնդիրն արձանագրված է, անտարբերության չի մատնվելու»։

Սամսոն Գրիգորյանը մեզ հետ զրույցում ավելի մանրամասնեց իր մտահոգությունները։ Նա նշեց, որ միակ և ամենամեծ խնդիրն այս պահի դրությամբ այն է, որ ոչ ՀՀ քաղաքացիներն են այսօր այդ համակարգի ներդրմանը պատրաստ, ոչ էլ պետությունն է դրան պատրաստ։

«Տեսեք, Հայաստանը թույլ զարգացող տնտեսությամբ երկիր է, զարգացող երկրներում տոտալ վերահսկում անհնար է իրականացնել, որովհետև, վատ բան պետք է ասեմ, բայց պետք է նաև ստվեր լինի, պետք է չհարկված գումարներ երկրում պտտվեն, որ տնտեսությունն արագ զարգանա։ Եթե մենք լինեինք արդեն զարգացած, կայացած տնտեսությամբ երկիր, որտեղ մենք բյուջեի խնդիր չունենք, քաղաքացիների եկամուտների հետ խնդիր չունենք, աղքատության հետ կապված խնդիր չունենք, դա նորմալ կլիներ, նաև պարտադիր կլիներ։ Բայց նման կիսատ թերզարգացած տնտեսությամբ երկրում դու պետք է բիզնեսը, եկամուտները թողնես ավելի ազատ, զարգացնես, հասցնես որոշակի մակարդակի, երբ հասկանաս՝ բավարար է, ես արդեն կարող եմ տոտալ վերահսկողության տալ վերցնել էս ամեն ինչը, հետո անել այսպիսի բան»,-ասաց Սամսոն Գրիգորյանը։

-Կարծում եք՝ վա՞ղ է այսպիսի համակարգի ներդրումը։

-Կարծում եմ՝ Հայաստանի համար դեռ շատ վաղ է, ոչ թե վաղ է։

-Իսկ ի՞նչ եք առաջարկում, փորձելու եք հասնել նրան, որ օրենքի նախագծում փոփոխություններ և շտկումնե՞ր անցկացնեն, թե՞ հետամուտ եք լինելու, որ հետաձգվի օրենքի ընդունումը։ Ո՞ր տարբերակին եք ավելի հակված։

-Հակված եմ փուլային տարբերակին, որը նաև առաջարկվում է նախագծով,այդ փուլային տարբերակն ավելի լայնացնել, ավելի երկարաձգել, և փուլ առ փուլ սա մտցնել։ Նույնիսկ կարող եմ ասել, որ մինչև վերջին շահառուին հասնելը թող նույնիսկ վեց-յոթ տարի անցնի, որպեսզի էս ընթացքում երկիրը պատրաստվի էդ ամեն ինչին։ Եւ, իհարկե, դրա հետ մեկտեղ՝ պետք է տնտեսություն զարգացնեն, նման թույլ տնտեսությամբ շատ վաղ է այս օրենքի ընդունումը։

-Բայց ասում են՝ թույլ չէ մեր տնտեսությունը։

-Ես ասում եմ՝ թույլ է մեր տնտեսությունը։ Ոչ միայն թույլ է, այլև տկար է մեր տնտեսությունը։ Ես տեսնում եմ իրականությունը, ունեմ պրակտիկա, փաստերի հետ եմ առնչվում, և լավատեսության մասին դեռ շատ վաղ է Հայաստանում խոսել։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image