Ռուսատանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ։
Այս մասին տեղեկանում ենք ՌԴ նախագահի պաշտոնական կայքից։
«Վլադիմիր Պուտինը հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ», - գրել է «Կրեմլինը»:
Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը։ «Գոհունակությամբ նշվեց, որ ռուս խաղաղապահների ջանքերի շնորհիվ իրավիճակը տարածաշրջանում շարունակում է մնալ կայուն և հանգիստ»:
Մտքերի փոխանակություն է տեղի ունեցել երկկողմ համագործակցության արդիական թեմաների շուրջ, այդ թվում ՝ էներգետիկ ոլորտում:
«Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց հունիսին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ Հայաստանում ներքաղաքական իրավիճակի զարգացման մասին», - գրել է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը։
Նշենք, որ վարչապետի պաշտոնական կայքում որևէ խոսք չկա ներկա քաղաքական իրավիճակի և հնարավոր արտահերթ ընտրությունների վերաբերյալ։
«Այսօր՝ ապրիլի 24-ին, կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Զրուցակիցները քննարկել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերի իրականացման ընթացքը, մասնավորապես՝ կարևորելով 8-րդ կետի լիարժեք կյանքի կոչման անհրաժեշտությունը, որը վերաբերում է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց փոխանակմանը:
Երկու երկրների ղեկավարներն անդրադարձ են կատարել նաև անվտանգության և էներգետիկայի ոլորտներում համագործակցությանն ու ընթացիկ ծրագրերին, տարածաշրջանային խնդիրներին», - գրված է մամուլի հաղորդագրության մեջ:
Իսկ թե ինչու ներքաղաքական զարգացումների վերաբերյալ որևէ նշում չկա, ժամանակը ցույց կտա։ Գուցե ամաչում են գրել, որ իմքայլական վարչապետը Պուտինի հետ քննարկում է Հայաստանի ներքին քաղաքականությունը, մանավանդ Սյունիքից վտարվելուց հետո։