Հասարակություն

Թամանյանի կանաչ Երևանը

Թամանյանի կանաչ Երևանը
Հունիսի 5-ը շրջակա միջավայրի պահպանության միջազգային օրն էր: Թերեւս արժե մեկ անգամ եւս վերհիշել Ալեքսանդր Թամանյանի պատկերացրած եւ նախագծած այն կանաչ Երեւանը, որը տարիների ընթացքում յուրացվել եւ ոչնչացվել է նախկին իշխանությունների լուռ համաձայնության եւ, իհարկե, նրանց հովանավորչության ներքո:



Քաղաքի կանաչավետ գլխավոր մասը շրջանային զբոսայգու ձեւով ընդգրկում է քաղաքի կենտրոնը: Այսպիսով այդ շրջանային զբոսայգին, երկու կողմից մոտենալով Կոմունարների այգուն, սպասարկում է միաժամանակ ե՛ւ կենտրոնը, ե՛ւ ծայրամասը: Հարկավոր է նշել նաեւ քաղաքի 100 մետր լայնությամբ գլխավոր պողոտան՝ իր զբոսայգով, որը տրամագծորեն անցնում է քաղաքի միջով՝ հյուսիս-արեւմուտքից դեպի հարավ-արեւելք:



Այդ պողոտան թունելի միջով դուրս է գալիս դեպի Զանգվի կանաչազարդ եւ այգեծածկ ափերը: Զանգվի բացառիկ գեղեցիկ ձորը եզրափակված է բազալտե ժայռերով, լիովին արդարացնում է մեծ, ընդարձակ պարտեզի կառուցումն այստեղ: Ծրագրվում է այդ պարտեզը գցել Զանգվի երկու կողմի ափերի վրա՝ միացնելով հատուկ կամրջով: Այդ պարտեզը հասնում է հիդրոկայանի տերիտորիային՝ այն տեղում, որտեղից ջուրը դուրս է գալիս եւ գեղեցիկ ջրվեժ կազմում: Այստեղ է ծրագրվում նաեւ Զանգվի լիճը (գոյություն ունեցող Էջմիածնի կամրջի տեղը)՝ որպես ջրամբար Զանգվի ներքին մասում եղող 5000 հեկտար հողամասի ոռոգումն ուժեղացնելու համար:



Այդ լիճն էլ հնարավորություն կտա կառուցելու տնտեսական չափազանց շահավետ նշանակություն ունեցող 7000 կիլովատ ուժանոց հիդրոկայան՝ Էջմիածնի խճուղու մոտ: Այդ ջրամբարը, երկարությամբ 2 կիլոմետր, հանդիսանալով տնտեսական ազդակ (ֆակտոր), միաժամանակ մեծ ծառայություն կմատուցի քաղաքի բարեկարգման գործին:



Լիճը հնարավորություն կտա ոչ միայն քաղաքի համար լավ լողարաններ շինելու, այլեւ կնպաստի սպորտի, լողի եւ թիավարելու ձեւերի զարգացմանը: Ջրամբարի ջուրը 26 մետր բարձրությունից բաց թողնելու ժամանակ կստեղծվի ուժեղ ջրվեժ քաղաքի սահմաններում՝ գեղեցկացնելով Զանգվի ներքեւի մասի ձորը:



Քաղաքի արեւելյան մասում հոսում է Գետառը, որը դուրս է գալիս Նորքի ձորից եւ լցվում Զանգուն: Այդ գետը պատուհաս է դառնում քաղաքի համար, որովհետեւ հորդ անձրեւներից լցվում-ուռճանում է, դուրս է գալիս ափերից եւ քանդում է կամուրջները, անգամ՝ մոտակա տները: Նախագծով ծրագրվում է տեղ-տեղ լայնացնել եւ ուղղել Գետառի չափազանց ծուռումուռ ընթացքը, ափերը քարով ամրացնել ու վրայով մի քանի կամուրջներ անցկացնել: Գետառի վերեւի եւ ներքեւի կանաչազարդ ափնյա փողոցները միացվում են քաղաքի ճանապարհացանցին: Գետառի միջին հոսանքն էլ, անցնելով շրջանային զբոսայգու միջով, կնպաստի նրա գեղեցկությանը: Քաղաքի հյուսիսային մասում նախատեսված է կուլտուրայի եւ հանգստի պարկը, որը գտնվում է Քանաքեռի բարձրավանդակի մի մասում եւ քաղաքն արեւմուտքից եւ արեւելքից շրջապատող բլուրների փեշերում: Այդ պարկը հարավային կողմից տերասներով միանում է կուլտուր-գեղարվեստական թաղի տերիտորիային, իսկ հյուսիսային կողմից հասնում է անտառին, որը ծածկելու է Երեւանի վերեւի բարձրավանդակի մի մասը, եւ այսպիսով ստեղծվելու է մի վստահելի պատնեշ՝ քաղաքը հյուսիսից եկող քամիներից եւ փոշուց պաշտպանելու համար:



Անտառը կարող է ըստ կարիքի ընդարձակվել եւ միացվել մոտակա շրջանների կանաչազարդ մասիվներին, արեւելյան կողմից՝ Սայաթ-Նովայի պարկին եւ Զանգվի ձորի այգիներին, արեւմտյան կողմից՝ գազանանոցին եւ Գետառի այգիներին, արեւելյան կուլտուր-գեղարվեստական քաղաքամասի պարկին: Այդ անտառը քաղաքի շուրջ դասավորված այգիների հետ միասին կազմելու է մշտական կանաչ գոտի՝ ապահովելով քաղաքի առողջ եւ թարմ օդը: Օգտվելով Կիրովի անվան ջրանցքից՝ կարելի է Կուլտուրայի եւ հանգստի պարկում ջրավազաններ, շատրվաններ եւ լողարաններ, իսկ տերասներով իջնող զբոսայգում ջրվեժ շինել: Այս սահմաններով քաղաքը նախատեսվում է առայժմ 200 հազար բնակչության համար, սակայն ապագայում կարելի է ընդարձակել մինչեւ 500 հազար բնակչության համար՝ միացնելով շրջապատող հողամասերը:



Ա. Թամանյան՝ «Երեւանի վերակառուցումը»



**Արամ ՊԱՉՅԱՆ**

Լրահոս

Ամենաընթերցված

Գողացված քվեների վրեժը

Գողացված քվեների վրեժը

Հանրայինում առաջին համարների բանավեճի ժամանակ Զավենիչին առաջարկելով ընդդեմ «Ուժեղ Հայաստան»-ի գրավոր...

×
Gallery Image