Հասարակություն

Նորից կրթությունը՝ միակ ճանապարհը

Նորից կրթությունը՝ միակ ճանապարհը
Առհասարակ, իշխանության հրամանի ուժը զորեղ է, հրամանն ի կատար ածելու սովորույթը՝ բավականին կենսունակ, եթե անգամ հանրակրթական դպրոցների բոլոր տնօրենները, տարիներ ի վեր զեղծարարությունների, ընտրակեղծիքների մեջ թաթախված մանկավարժները մեկուսացվեն, զրկվեն դասասենյակներ, լսարաններ մուտք գործելու իրավունքից, միեւնույն է՝ որեւիցե երաշխիք չկա, որ նրանց փոխարինողները նոր քաղաքական իրավիճակի, նոր իշխանության ճնշման ներքո չեն անի նույն բանը:



Հավանականությունը մեծ է, որ նրանք (օրինակ՝ մեկ այլ, լեգիտիմություն չունեցող նախկին իշխանության մի նմանակի օրոք) հրամանի, վախի ու ստրկության ուժով կշարունակեն իրենց ապօրինի կրթական համակարգի բնականոն զարգացումն իսպառ փլուզող գործունեությունը: Կոպիտ ու առօրեական ասած՝ կրթական ոլորտին վերեւից տրվող հրամանները դրժողներ են պետք: Իհարկե, սա վերստին տանում է տասնյակ անգամներ կրկնված այն պնդմանը, որ անհրաժեշտ է վերափոխել նաեւ կրթական ոլորտի ողջ արժեհամակարգը, այսինքն՝ բոլորովին նոր տեսլական, նոր կրթություն, նոր մոտեցումներ, նոր աշխարհայացք, անշուշտ՝ բաց, կոռուպցիոն ռիսկերը թոթափած համակարգ, որ հայտնապես պիտի մատչելի լինի բոլորի համար, պիտի բավարարի կրթական օղակի մասնագետների՝ ուսուցիչների, դասախոսների, աշակերտների, ուսանողների եւ այլոց պահանջները:



Եվ ակներեւ է՝ Հայաստանի համար զարգացման այլ ճանապարհ չկա, քան մատչելի, որակյալ ու խորը կրթությունը, եւ նոր իշխանությունն իր ամենակենսունակ ուժերը պարտավոր է գործարկել՝ հենց կրթության ու գիտության ոլորտը, կարելի է ասել, հիմքից բարենորոգելու, հարկ եղած դեպքում ամբողջովին նորը կառուցելու ուղղությամբ: Ահա, սկիզբը կարծես թե դրվում է, սակայն բարեփոխումների ընթացքը հետեւողականորեն շարունակելը, թերեւս, ամենաբարդն է լինելու:



Գոնե այս պահին հանրակրթական դպրոցը բարոյապես ու ֆիզիկապես ապականված է՝ «մանկավարժ, ռեկտոր, դեկան, ուսմասվար, դասախոս» վերտառություններն այլեւս հավատ չեն ներշնչում, ընդհակառակը՝ կապվում են ամենաքստմնելի, ամենահանցավոր երեւույթների հետ: Մանկապարտեզ, դպրոց, համալսարան ասելով՝ վաղուց նկատի ունենք փող, նշանակում, կաշառք, ընտրակեղծիք, ՀՀԿ եւ այսպես շարունակ: Անթույլատրելի ու ցավալի այս եղելությունները ժամ առաջ կոնստրուկտիվ ապաքինման կարիք ունեն՝ հանձին պետության, նոր իշխանությունների ամենօրյա հետեւողական, անաչառ վերաբերմունքի եւ, անկասկած, հասարակության, ոլորտի մասնագետների ակտիվ ներգրավման:



**Արամ ՊԱՉՅԱՆ**

Լրահոս

Ամենաընթերցված

Գողացված քվեների վրեժը

Գողացված քվեների վրեժը

Հանրայինում առաջին համարների բանավեճի ժամանակ Զավենիչին առաջարկելով ընդդեմ «Ուժեղ Հայաստան»-ի գրավոր...

×
Gallery Image