Մշակույթ

ՔՊ-ն որոշել է օրենքով ամրագրել բուհերի խորհուրդների քաղաքականացումը

ՔՊ-ն որոշել է օրենքով ամրագրել բուհերի խորհուրդների քաղաքականացումը

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագիծը: Համաձայն ներկայացված նախագծի հիմնավորման, ոլորտները կարգավորող՝ ներկայում գործող օրենքներով սահմանված համապատասխան դրույթները համահունչ չեն բարձրագույն կրթության եւ գիտության միջազգային արդի չափանիշներին, ինչպես նաեւ՝ «չեն նպաստում բարձրագույն կրթության եւ գիտության համակարգի ու հաստատությունների մրցունակության բարձրացմանը, չեն ապահովում կամ մասնակի են ապահովում բարձրագույն ուսումնական հաստատությունների եւ գիտական կազմակերպությունների գործունեության համար միասնական մոտեցումների եւ սկզբունքների կիրառումը»։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, սակայն, կարծում է, որ բարձրագույն կրթության եւ գիտության օրենքները պետք է լինեն տարբեր ու նաեւ ճիշտ չէ, այսպես ասած` «զոռով» միավորել գիտական ինստիտուտները համալսարանների հետ, որովհետեւ. «Թե բուհերը, թե գիտական հաստատությունները բիզնես ընկերություններ չեն եւ նրանց միավորումը շատ ցավոտ պրոցես է լինելու, քանի որ կա որոշակի դրվածք, նաեւ` հիշողություն: Հիմա խնդիրն այն է, որ նախարարությունը բուհերին եւ գիտական, ակադեմիական ինստիտուտներին մոտենում է որպես խանութի: Միացնենք, դարձնենք մեկ «խանութ», բայց այդպես չէ, այստեղ կոնֆլիկտներ են լինելու, անարդար կրճատումներ, բոլորը գիտեն թե հատկապես Հայաստանում ինչպես է տեղի ունենում մարդկանց կրճատումը, ով տեր ունի` մնում է, ով տեր չունի` կրճատում են: Հիմա ավելորդ ցնցումներ են լինելու, մինչդեռ բուհերը, ինստիտուտներն այսօր իրենց ինքնությունը, ձեռագիրը ունեն, թեկուզեւ` թույլ լինեն, որովհետեւ անընդհատ քննադատում են մեր բուհերը, ինստիտուտները, ասում են` թույլ են, եկեք միացնենք, ուժեղացնենք...: Սակայն, դրանք ճիշտ մտքեր են միայն թղթի վրա, ուստի, կարծում եմ` այս միավորումը` թե օրենքի, թե համալսարաններ-ինստիտուտներ մասով բավական հեռահար վնաս է հասցնելու ու գալու է մի պահ, որ մենք փոշմանենք իրենց ձեռք տալու համար»:

Խաչատրյանի կարծիքով, նման միավորումները պետք է լինեն շատ բնական ու ներքեւից եկող. «Բուհերն ու ինստիտուտներն իրենք պետք է որոշեն, թե ով ում միանա: Մենք խոսում ենք բուհական ինքնավարության մասին, որն օրենքում էլ կա եւ ինչը բուհերը իրենք պետք է որոշեն, չի կարելի վերեւից ասել` դու միացիր սրան, որովհետեւ մենք այդպես ենք ուզում եւ այդպես ենք արդեն որոշել»:
Համաձայն նախագծի հիմնավորման, բուհական համակարգը պաշտպանված չէ արտաքին միջամտությունից․ «Ենթակա է քաղաքականացման վտանգին, կառավարման համակարգը խիստ ուղղահայաց է, ինչը հակակշիռների եւ հավասարակշռված կառավարման տեսանկյունից խնդրահարույց է»:
Այս ձեւակերպումը, ըստ Ս. Խաչատրյանի, ունի ենթատեքստ, որը գնում է դեպի 2020 թ. «Հիշում եք` պատերազմից հետո մի շարք բուհեր, տարբեր ձեւաչափերով պահանջեցին վարչապետի հրաժարականը, մի տեղ` գիտխորհրդի որոշմամբ, մեկ այլ տեղ` առանձին ֆակուլտետով, մի ուրիշ տեղ` ստորագրահավաքով եւ այդ ժամանակ, իշխանությունը հասկացավ, որ եթե ինքը խիստ չհսկի, ապա բուհերը կարող են վերահսկողությունից դուրս գալ: Հենց սա նկատի ունեն, ասելով, որ կա քաղաքական ազդեցություն...: Նաեւ այս իշխանությունները տարիներ շարունակ, այդ թվում` 2018թ-ից հետո քննադատում էին նախկիններին, որ բուհերի հոգաբարձուների խորհուրդները քաղաքականացված են, բայց այս նոր նախագծում իրենք գրում են, որ բուհերի հոգաբարձուների խորհրդում պետք է լինեն պատասխանատու պաշտոններ զբաղեցնող կամ զբաղեցրած անձինք: Այսինքն, քողարկված ձեւով ասվում է, որ օրինակ` երկրի նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը բոլորն էլ կարող են մտնել բուհերի հոգաբարձուների խորհուրդ, որովհետեւ իրենք զբաղեցնում են պատասխանատու պաշտոն: Նախ այդ բառն էլ շատ խորամանկ բառ է, ի՞նչ է նշանակում պատասխանատու պաշտոն, սկսենք նրանից, որ Հայաստանում ոչ ոք պատասխան չի տալիս իր պաշտոնի համար, այսինքն, չեն ուզեցել գրել, որ քաղաքական պաշտոններ զբաղեցնող մարդիկ կարող են լինել հոգաբարձուների խորհրդի անդամ, դրա տեղը ավելի կոռեկտ բառ են գրել` պատասխանատու պաշտոն, բայց մենք բոլորս հասկանում ենք, թե ինչ է դա նշանակում. Այն, որ այսուհետ եւս բուհերի հոգաբարձուների խորհուրդը բաղկացած է լինելու պաշտոնյաներից»,-ընդգծում է փորձագետը:
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image