«Հրապարակի» զրուցակիցը Գերմանիայի հայ ակադեմիականների միության նախագահ, պատմաբան Ազատ Օրդուխանյանն է:
- Եվ այսպես, Գերմանիայի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներն արդեն հայտնի են. առաջատարը Քրիստոնեա-դեմոկրատական եւ Քրիստոնեա-սոցիալական միությունների (ՔԴՄ-ՔՍՄ) դաշինքն է՝ Ֆրիդրիխ Մերցի գլխավորությամբ: Հենց նա, ամենայն հավանականությամբ, կդառնա Գերմանիայի նոր կանցլերը՝ փոխարինելով Օլաֆ Շոլցին: Ինչպե՞ս եք գնահատում այս իրադարձությունները:
- Ֆրիդրիխ Մերցի, որը հայտնի իրավաբան է, գործարար եւ միլիոնատեր, եւ ՔԴՄ-ՔՍՄ-ի հարաբերական հաղթանակը ներկա անհանգիստ ներգերմանական եւ եվրոպական քաղաքական իրավիճակին հնարավորինս համապատասխանող արձագանքն էր, ուստի կարելի է օրինաչափ համարել։ Արտահերթ անցկացված այս ընտրությունները, այնուամենայնիվ, իրենց արդյունքներով կարդինալ տարբերվում են վերջին 80 տարվա ժողովրդավար Գերմանիայի բոլոր ընտրություններից եւ լի էին անակնկալներով, արդարացված հույսերով ու տապալված սպասումներով։ Սույն ընտրությունների արդյունքները Գերմանիայում եւ ոչ միայն այստեղ, լուրջ փոփոխությունների ու նոր մարտահրավերների շեփոր հնչեցրին։
- Համաձայն նույն տվյալների՝ Օլաֆ Շոլցի սոցիալ-դեմոկրատներն ընդամենը երրորդ տեղում է: Կարելի՞ է ասել, որ Գերմանիայում ավարտվում է նրա «դարաշրջանը»՝ ինչպես պաշտոնավարման, այնպես էլ քաղաքական առումով, հաշվի առնելով, որ ավելի վաղ կառավարության ղեկավարը հայտարարել էր, թե մտադիր է հեռանալ քաղաքականությունից:
- Ոչ միայն Օլաֆ Շոլցը, այլ նաեւ նրա հետ կոալիցիա կազմած երկու մյուս քաղաքական ուժերի առաջին դեմքերն իջնում են քաղաքական վերին ամբիոնից եւ լավագույն դեպքում կարող են քաղաքական դահլիճի երկրորդ կամ երրորդ շարքում տեղեր զբաղեցնել։ Երկարամյա բյուրոկրատական կենսագրությամբ բնորոշվող Շոլցի դիմանկարը, սակայն, կարող է դեռ տեղեր գրավել գերմանական մամուլում եւ կառավարական օթյակներում։ Կարող է․․․ Առավել հավանական է, որ դեռեւս եկող մի քանի շաբաթներ կառավարման ղեկը տանող ներկա կառավարող կոալիցիայի մյուս երկու գործիչներն իրենց կուսակցությունների հետ միասին անցնեն քաղաքական նոր լիցքավորման ռեժիմի։
- Ընտրություններում հաղթած 69-ամյա Մերցն արդեն մի շարք հայտարարություններ է արել: Չնայած Դոնալդ Թրամփի շնորհավորանքին, նա քննադատել է ԱՄՆ նախագահին եւ որպես առաջնահերթություն նշել ԱՄՆ-ից «իրական անկախացման» մասին: Ի՞նչ է սա նշանակում:
- Սա կարող է նշանակել, որ եվրոպացիներն առավել ջանասիրաբար կանցնեն 80 տարի տքնաջանորեն կառուցած իրենց ժողովրդավարության արժեքների ու ավանդույթների պաշտպանությանը, որի սահմանը հասնում է մինչեւ ուկրաինական ճակատային գիծ։ Ֆրիդրիխ Մերցը 10 տարի շարունակ (2009-2019թթ․) ղեկավարել է Գերմանիայում ամենահին եւ ամենամեծ գերմանա-ամերիկյան Atlantik-Bruecke e.V. (Ատլանտյան կամուրջ՝ հիմնված 1952 թվականին) կազմակերպությունը, որն այս երկու երկրների բազմակողմանի հարաբերությունների մշակման ու իրականացման առանցքային կառույցներից է, ամենակարեւորներից։ Մերցը՝ Եվրախորհրդարանի նախկին պատգամավորը, նաեւ գերմանա-ամերիկյան հարաբերությունների մեծ գիտակ է եւ հանդիսանում է այդ հարաբերությունների լաբիրինթում կողմնորոշվող մեծ գրոսմայստեր։ Իր վերոհիշյալ գնահատականները նա վստահաբար զուգակշռել է էլեկտրոնային ժամանակակից ոսկու կշեռքով։
- Թուրքիայում սկսել են մտահոգվել Մերցի՝ ԳԴՀ հնարավոր կանցլերի պաշտոնում նշանակվելուց: Իշխանամետ ԶԼՄ-ները հիշեցնում են, որ գերմանացի քաղաքական գործիչը հայտնի է ԵՄ-ին Անկարայի անդամակցության հարցում դեմ իր դիրքորոշմամբ։ Իր նախընտրական ծրագրում արված հայտարարություններում Մերցն ընդգծել էր, որ «Թուրքիան հեռացել է ԵՄ արժեհամակարգից, ուստի հնարավոր չէ, որ դառնա միության անդամ»։
- Գերմանաբնակի լիակատար իրավունքով, այստեղ պարոն Մերցին կարող եմ հարց տալ․ «Իսկ Թուրքիան երբեւէ մոտ եղե՞լ է ԵՄ արժեհամակարգին, որ հիմա էլ հեռացած լինի։ Մեր օրերի Թուրքիան ամենալավագույն ու համառ ջանքերի դեպքում հնարավո՞ր է կարողանա գոնե հատել ԵՄ արժեհամակարգից տասնյակ կիլոմետրերի հեռավորության սահմանը»։ Բրյուսելում երկար տարիներ քաղաքական աթոռներ զբաղեցրած, Բոննի եւ Մարբուրգի համալսարանների իրավաբանության ֆակուլտետի շրջանավարտ Մերցը, դեմ արտահայտվելով Անկարային եվրոպական քաղաքական մշակույթում տեսնելու խնդրին, արտահայտում է Գերմանիայի քաղաքական ճարտարապետների ճնշող մեծամասնության կարծիքը։ Վստահաբար կարող եմ ասել, որ ԵՄ-ի բազկաթոռներից գոնե մեկին հասնելու Էրդողանի ու նրա հետնորդների բազմաթիվ տարիների փափագն ու չարչարանքները դեռ երկար ժամանակ կպահպանեն միակողմանի սիրո արտահայտության հոգեվիճակը։
- Շուրջ մեկ շաբաթ առաջ ՀՀ իշխանությունները հայտնեցին, թե Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Շոլցին, վերջինս էլ «նշել է, որ Գերմանիան պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին»։ Բեռլինն առաջիկայում փոխելո՞ւ է մոտեցումը Հայաստանի նկատմամբ, թե՞ Շոլցի վստահեցումները համակարգային են, պայմանավորված չեն մեկ անձով:
- Վստահ եմ, որ Գերմանիայի հետ ՀՀ համագործակցության բազմաթիվ բնագավառներ ու հնարավորություններ դեռ չեն օգտագործված։ ՀՀ դիվանագիտական կորպուսը խոհեմ ու գիտականորեն հիմնավորված աշխատանքի դեպքում Գերմանիայում միշտ կգտնի մեծ թվով գործընկերներ՝ անկախ նրա քաղաքական առաջին դեմքի աշխարհայացքային առանձնահատկություններից։ Այդ հարաբերությունների զարգացումները, ըստ իս, պետք է պայմանավորել հայերիս խորքային ու լայն գործունեության անցնելու հանգամանքով, որին, հաստատ, Գերմանիան դրականորեն կպատասխանի ու իր կողմից կմեծացնի եղած հարաբերությունների մասշտաբները։ Ուստի եկեք գնանք ու ինքներս լուրջ աշխատենք։