Հասարակություն

Լուսանկար՝ հանցագործության առիթով

Լուսանկար՝ հանցագործության առիթով

Բաղրամյան փողոցով մրջյուններ են վազում: Մի քիչ սեւեռվում ես՝ մրջյուններն ուտիճների են վերածվում. թուրութվանքով, սաղավարտներով ամենուր են, նույնիսկ քաղաքի գողտրիկ անկյուններից ու նախաբակերից են դուրս պրծնում: Թաքուն տեղերում պախկվելու մեծ արվեստին են տիրապետում, բայց մոռացել են, որ Երեւանը թաքնվելու քաղաք չէ: Ռազմա-ոստիկանական-պատերազմական ծանրաքարշ մեքենաները բերել շարել են Ազգային ժողովի, նախագահական նստավայրի պարիսպների կողքերին, որ Սերժ Սարգսյանը պաշտպանվածության զգացողությունը մոտիկից ապրի, այնքան մոտիկից, որ թիկունքին համազգեստավորներն արեւածաղիկ չրթելով ու ծամոն ծամելով խոսեն, թե ում որտեղ, ինչ մեթոդներով են բռնելու, թե «շաբաթ-կիրակի ուրդե ընտանիքով կարելի ա քաղաքից դուս ձգվել, որ օբյեկտի խորովածն ա լավը»: Տեսնես ոստիկանությունը քանի՞ վաշտ էր հանել ժողովրդի դեմ, երեւի ամբողջի կեսը, համենայնդեպս, այնպիսի տպավորություն էր, որ դեպի Բաղրամյան 26 գնում են մի քանի երկրի համազորային բանակներ: Բայց արի ու տես՝ Սերժ Սարգսյանի մի քանի կռճոն վաստակող զորագունդն իր պաշտպաններն ունի, հանձին փուչիկագետ Կարեն Ավագյանի, ով իր ֆեյսբուքյան էջում գրում է.



«Պետք չէ ոստիկաններին թիրախ դարձնել։ Երեկ Բաղրամյան փողոցում ամենաբարդ վիճակում հենց ոստիկաններն էին, մարդիկ, ովքեր իրենց ծառայությունն էին կատարում՝ պահպանելով ցուցարարների անվտանգությունը, չեզոքացնելով սադրանքները, ապահովելով քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքը։ Ոստիկանությունը կոչված է կարգուկանոն հաստատելու համար, ինչը երեկ պրոֆեսիոնալ կերպով արվեց…»:
Ահա այսպիսի բաներ, ոստիկանության կողմից ժողովրդի հանդեպ դաժան հաշվեհարդարը սղցվում է «իրենց ծառայությունն են կատարել» նողկալի կեղծիքով: Ծեծուջարդի, համալիր բռնության, լրագրողների տեսախցիկները փշրելու, նրանց աշխատանքը խոչընդոտելու, բացահայտ առեւանգումների մեթոդները վաղուց կազմավորում են ոստիկանության «հին ու բարի» ավանդույթը:



Երեկ ոստիկանության կողմից հանցագործություն է կատարվել, որը Հայաստանի օրենքներով քրեական պատասխանատվություն է ենթադրում: Արդարադատություն իրականացնող ո՞ր մարմինը պիտի ընթացք տա այս հանցագործությանը: Ազգային ժողովում որ պատգամավորը փորձեց խոսել դեպքի մասին, Սերժ Սարգսյանի հավատարիմ գլխավոր ոստիկաններից մեկը՝ տարաբախտ Գալուստ Սահակյանը, խոսափողն անջատեց: Պարզ է՝ Գալուստն էլ իր ծառայությունն է կատարում՝ խոսափող անջատող ոստիկանի, եւ մյուսներն էլ, այդ թվում՝ նաեւ Կարեն Ավագյանը, իրենց ոստիկանական օրվա ծառայությունն են կատարում՝ հանուն տիրոջ բարօրության:
Եվ վերջին արարը… Ջարդից հետո Ազատության հրապարակում լուսանկարվում են երջանիկ, անտագնապ դեմքերով ոստիկանները՝ որպես օրվա չքնաղ հիշատակ: Սա պատմական լուսանկար է, գուցե Սերժ Սարգսյանն այն փակցնի իր գլխավերեւո՞ւմ:



 

Լրահոս

Ամենաընթերցված

Գողացված քվեների վրեժը

Գողացված քվեների վրեժը

Հանրայինում առաջին համարների բանավեճի ժամանակ Զավենիչին առաջարկելով ընդդեմ «Ուժեղ Հայաստան»-ի գրավոր...

×
Gallery Image