Հասարակություն

Քաղաքագրություն. Րաֆֆի՝ Թերուսը

Քաղաքագրություն. Րաֆֆի՝ Թերուսը

Թերուսության արդյունքում Հայաստանի ներկա իրականությունը կազմավորող հասարակությունը շատ ժամանակ անկարող է դիմադրել թերուս իշխանությանը, ուստի սկսում է նմանակել եւ արտահայտվել նրա լեզվով: Րաֆֆին այս ուշագրավ ակնարկում խոսում է դրա լավ ու վատ կողմերի մասին։ Եվ թեման կարծես չի հնացել:




Թերուսը պատրաստի հող ունի, եւ հողը ժողովրդական կյանքից ստացած ունակությունն է, որի մեջ ընկած ամեն սերմ անպտուղ չէ մնում: Թերուսը մի պատվաստված ծառ է, որի վրա վայրենի դրության մեջ ուժեղ եւ առողջ էր, խորին արմատներ ուներ արձակած մայր հողի մեջ: Նա քաղցր պտուղներ է տալիս, եւ նրա պտուղները ախորժելի են ավելի այն պատճառով, որ իրանց բնական եւ ինքնուրույն գույն, համ եւ հոտ ունեն:



Թերուսը, ավելի կատարելագործվելով, դառնում է մի տեսակ ինքնուս փիլիսոփա, որը ընդհանուր մարդկային ճշմարտությունները դուրս է բերում իր սեփական աշխատանքով, իր մտածություններով ու փորձերով: Շատ անգամ նա սխալներ է գործում եւ խոշոր սխալներ, բայց որպես նրա ճիշտ գաղափարները իր առողջ դատողության արդյունք են, այնպես էլ գործած սխալները իր սխալներն են, օտարի խելքը չէ սխալեցնում նրան: Նա շատ անգամ սայթաքում է, ընկնում է, որովհետեւ իր սեփական ոտների վրա է քայլում, վարձկան ձի չէ նստած: Նա մարդկային հեղինակությունների հետ գործ չունի եւ գուցե չի էլ ճանաչում նրանց: Նա հետեւում է մեկ հեղինակության միայն - դա է բնության համաշխարհական գիրքը: Այս հսկայական գրքից քաղում է նա ինչ որ իրան պետք է:
Նա հետազոտում է, ճանաչում է մարդկությունը, մարդկության սրտի եւ կյանքի մեջ ուսումնասիրելով նրա պետքերը: Նրա արտահայտած մտքերը մարդկության մտածությունների եզրակացություններն են, նրա ձայնը ժողովրդի սրտիցն է բխում: Ինքն ժողովրդին է պատկանում եւ իր մեջ բովանդակում է ամբողջ ժողովուրդը: - Նա դառնում է մարգարե, պատգամախոս եւ արտահայտում է ժողովրդի պահանջները:



Բայց մենք այսպիսի ինքնուսներ չունենք եւ չենք էլ ունեցել, -դրանք այն մարդիկն են, որ կոչվում են տաղանդներ, ժողովրդական բանաստեղծներ եւ փիլիսոփաներ:
Մենք ունենք անհաստատ թերուսներ միայն, որոնք մի խառնուրդ են գիտության եւ ժողովրդական մարդիկների, իրանց անզարգացած դրության մեջ: Այդ մարդիկը օգտավետ են լինում նրանով, որ զուրկ չեն առողջ եւ ինքնուրույն մտածութենից, եւ զորեղ ընդունակություն ունենալով, շուտով ըմբռնում են ամեն մի լուսավոր գաղափար: Եվ այդ է պատճառը, որ նրանք մի զարգացած մարդու ազդեցության տակ կամ մի զարգացած շրջանի մեջ այնքան զարգանում են, որ երեւելի մարդիկ են դառնում: Մեզանում այս տեսակ շրջաններից առաջին օրինակը տվեց «Մշակի» խմբագրատունը, նա պատրաստեց եւ պատրաստում է մարդիկ, որոնք ապագա են խոստանում… Ոչ ոք այնքան ճարպկությամբ չէ սեփականում եւ չէ յուրացնում ուրիշի մտածության ծնունդը, որպես թերուսը: Եվ եթե քննելու լինենք մեր թերուսների գրավոր աշխատությունները, կտեսնենք, որ նրանք հետեւողություններ են, միայն վարպետ կերպով ձեւակերպած: Թերուսը եւ սահմանափակ մասնագետը նրանով են միայն զանազանվում, որ առաջինը բանեցնում է իր խելքը, իսկ երկրորդը` օտարի խելքը: Թերուսը նոր ատամներ եւ լավ ախորժակ ունի, նա ամեն բան մարսում է: Դուք տվեցեք նրան մտքեր միայն, նա իսկույն մի բան կշարադրե: Եվ այս է պատճառը, որ նրանց գրվածքները լինում են բազմակողմանի. նրանք ամեն բանի վրա դատում են, ամեն բանի վրա գրում են եւ ամեն բանի մեջ խրվում են...



 

Լրահոս

Ամենաընթերցված

Գողացված քվեների վրեժը

Գողացված քվեների վրեժը

Հանրայինում առաջին համարների բանավեճի ժամանակ Զավենիչին առաջարկելով ընդդեմ «Ուժեղ Հայաստան»-ի գրավոր...

×
Gallery Image