«Եղբայրներ եւ քույրեր»… Վալերի Օսիպյանի կոչը Բաղրամյան պողոտայի ցուցարարներին լրիվ ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանի կրոնա-միստիկ էության գծի մեջ էր:
Նստացույցի 14-րդ օրը ոստիկանությունը որոշեց այս անգամ «առանց բռնության» Բաղրամյան պողոտայից «դուրս բերել» ցուցարարներին: Գեներալ Հունան Պողոսյանը եւ Վալերի Օսիպյանն իրենց «մարդասիրական հորդորներով», «Եղբայրներ եւ քույրերով» խորհուրդներ էին տալիս՝ 10-20 րոպեի ընթացքում թողնել Բաղրամյանը, գնալ Ազատության հրապարակ, բողոքի ակցիան շարունակել այնտեղ: Խորհուրդները մնացին խորհուրդներ: Փութաջանորեն սկսվեց բարիկադ-աղբամանների չեզոքացումը: Բաղրամյան պողոտայի «բացմանը» կենդանի պատի անդամներից ներկա էին պատգամավորներ: Ոստիկանությունը լրագրողներին եւ պատգամավորներին խնդրեց դեպի մայթեր ձգվել եւ դեպքերին այնտեղից ունկնդրել: Նստած ցուցարարների նկատմամբ ֆիզիկական, կոպիտ ուժ կիրառելով՝ ոստիկանությունը քայլ առ քայլ վերցրեց Բաղրամյանը՝ բերման ենթարկելով 46 մարդու: Եվ «եղբայրների ու քույրերի» հանդեպ նմանօրինակ «մեղմաբարո» ոճով ավարտին հասցվեց Վովա Գասպարյանի աստվածաշնչյան առաքելությունը:
2015 թվականի «electric yerevan»-ի մասին դեռ շատ հոդվածներ ու վերլուծականներ կգրվեն, կպարզաբանվեն պայքարի դրական ու բացասական կողմերը: Սակայն մի բան անվերապահորեն ակնհայտ է, եւ դա Սերժ Սարգսյանը պիտի լավ հասկանա: Հայաստանում այլեւս չի մնացել մի ոլորտ, որ խնդրահարույց չլինի, չի մնացել մի երեւույթ, որի շուրջ ժողովուրդն ու իշխանությունը համակարծիք են: Այսօր ամեն ժամ հնարավոր են պայքարի եւ բողոքի նոր ալիքներ, նոր ակցիաներ: Ով ինչ անվանում ուզում է թող տա՝ սոցիալական, քաղաքական, քաղաքացիական… Իշխանությունն այլեւս որեւէ տարբերակ չունի դիմանալու եւ դիմադրելու այն արժանապատիվ քաղաքացիների արդարացի պահանջին, ովքեր ուզում են ապրել մի երկրում, որի նախագահը լեգիտիմ է, մի երկրում, որտեղ ժողովրդի գլխին պատուհաս դարձած քրեածին օլիգարխիան պետականորեն չի հովանավորվում, մի երկրում, որի ժառանգությունը վաճառքի չեն հանում: Դեպի նախագահի նստավայր տանող Բաղրամյան պողոտան պատկանել է ու պատկանելու է ժողովրդին… Գուցե իշխանությունը փողոցի «բացումը» որպես անձնական տոն է դիտարկում: Թող դիտարկի: Շուտով այդ տոների մոմերը մեկ առ մեկ հանգչելու են:
Արամ ՊԱՉՅԱՆ