Այլ

Հունաստանի շարունակական աղետը

Հունաստանի շարունակական աղետը

Արժույթի միջազգային հիմնադրամը պաշտոնապես հաստատեց, որ Հունաստանը ժամանակին չի վճարել 1,6 միլիարդ եվրոյի (1,8 միլիարդ դոլարի) չափով պարտքն այն բանից հետո, երբ եվրագոտու ֆինանսների նախարարները հրաժարվել են երկարաձգել ֆինանսական օգնության ծրագիրը: ԱՄՀ-ի ներկայացուցիչ Ջերի Ռայսը հայտարարել է, որ իրենք գործադիր խորհրդին հայտնել են, որ Հունաստանն այժմ ունի պարտքի վճարման ուշացում եւ կարող Է ԱՄՀ-ի ֆինանսավորում ստանալ միայն այն բանից հետո, երբ այդ պարտքը մարվի: Սակայն Հունաստանին մոտ օրերս սպասվում է եւս երկու խոշոր վճարում: Պետությունը պարտավոր է պարտատոմսերի սեփականատերերին վճարել 2 մլրդ, իսկ Եվրոպական կենտրոնական բանկին՝ 3.5 մլրդ եվրո:
Հիշեցնենք, որ 2010 թվականի մայիսին Հունաստանի կառավարության դեֆիցիտը կրկին վերանայվեց եւ գնահատվեց 13.6%, որն աշխարհի երկրորդ ամենաբարձր ցուցանիշն էր: Առաջին տեղում Իսլանդիան էր՝ 15.7%-ով, իսկ երրորդ տեղում՝ Միացյալ Թագավորությունը՝ 12.6%-ով։ Այս ամենի արդյունքում կասկած առաջացավ, որ Հունաստանն ունակ է մարել իր պարտքը։ Որպեսզի խուսափեն նման տարբերակից, 2010 թվականի մայիսին եվրագոտու երկրները եւ Արժույթի միջազգային հիմնադրամը համաձայնեցին Հունաստանին փրկել այդ իրավիճակից՝ նրան անմիջապես տրամադրելով 45 մլրդ եվրո եւ ընդհանուր պարտքը հասցնելով 110 մլրդ-ի։ Ֆինանսավորումն ապահովելու համար Հունաստանից պահանջեցին խիստ միջոցներ ձեռք առնել՝ իր դեֆիցիտը կառավարելու համար։
2010 թվականի նոյեմբերի 15-ին Եվրամիության վիճակագրական մարմինը՝ Եվրոստատը, վերանայեց պետական ֆինանսները եւ պարտքը, որին հաջորդեց Աթենքում կայացած հանդիպումը՝ նվիրված երկրի չափազանց մեծ դեֆիցիտին: Մեկ տարի անց ակնհայտ դարձավ, որ երաշխավորությունը բավարար չի լինի, եւ 2012 թվականին երկրորդ երաշխավորությունն իրականացվեց՝ 173 մլրդ դոլարի տեսքով, եւ կառավարությունից պահանջվում էր ֆինանսական բարեփոխումներ կատարել եւ խիստ միջոցներ ձեռք առնել։ Գործարքի մի մասն էր կազմում Հունաստանի պարտքի 53%-ի կրճատումը: Մասնավոր վարկառուների եւ եվրագոտու կենտրոնական բանկերի ստացած ցանկացած շահույթ վերադարձվում էր ետ Հունաստան։ Աթենքում հաստատվելու էր դիտորդների թիվ, ովքեր կհետեւեին համաձայնեցված բարեփոխումների իրականացմանը եւ խիստ վերահսկողության տակ կպահեին պարտքի վերադարձման գործընթացը:
Սակայն ներկա վիճակը ցույց տվեց, որ գործընթացն ապարդյուն է անցել, հունական ճգնաժամն իր գագաթնակետին է: Բանը հասել է նրան, որ Լոնդոնի բնակիչներից Թոմ Ֆինին «Indiegogo» հարթակում Հունաստանի օգտին առցանց դրամահավաք է կազմակերպել, որ կոչվում է «Greek Bailout Fund», նպատակ ունի հավաքել 1,54 մլրդ եվրո եւ փոխանցել ԱՄՀ-ին: Հիմնադրամում գրանցվել է 6-7 հազար մարդ, եւ արդեն մեկ օրում հավաքվել է մոտ 80 հազար եվրո:
Աթենքի կենտրոնում, ընդդեմ Եվրոպական Միության, բողոքի մեծ ցույցեր են սկսվել: Հունական ճգնաժամը քննարկելու համար հանրահռչակ «The guardian»-ն օնլայն պորտալ է տրամադրել, որտեղ մարդիկ կիսվում են կարծիքներով, մտքերով, փորձում ելքեր գտնել: Մեկ շաբաթ է, ինչ Հունաստանի բանկերը փակ են, հուլիսի 1-ին բացվել են միայն թոշակների վճարման համար: Քաղաքացիները կարող են բանկոմատներից օրական միայն 60 եվրո կանխիկացնել: Եվ ահա, «The guardian»-ում ճգնաժամը քննարկող մասնակիցներից մեկը մի ուշագրավ գրառում է արել.
«Քորֆու կղզում հանգստացող զբոսաշրջիկներն ասես պատկերացում չունեն, թե ինչ է կատարվում Հունաստանում: Եվ ինչո՞ւ են նրանց համար բաց ռեստորանները, սրճարանները, որոնք սովորականի նման իրենց բիզնեսն են անում, ինչպես սուպերմարկետներն ու ավտոկայանատեղիները, որոնք միշտ լիքն են: Բանկոմատները նորմալ աշխատում են, հերթեր չկան: Մարդկանց կուտակումներ կարելի է տեսնել լողափին, սակայն դրանք նույնպես քաղաքական խնդրի հետ կապ չունեն»:
Հուլիսի 5-ին Հունաստանում տեղի է ունեցավ հանրաքվե, որի ընթացքում քաղաքացիները պետք է պատասխանեին «ոչ» կամ «այո» հարցին, թե արդյոք հարկավո՞ր է ընդունել հունիսի 25-ին Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպական կենտրոնական բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի առաջարկած համաձայնագիրը: Հանրաքվեի արդյունքում հույների ավելի քան 61 տոկոսը պատասխանեց՝ «ոչ»:
Եվ ահա, ժամեր առաջ հրաժարական է տվել Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը: Նա հայտարարել է․ «Հանրաքվեի արդյունքների հրապարակումից քիչ անց ինձ հայտնի դարձավ, որ եվրախմբի մասնակիցները եւ մյուս գործընկերները կարծում են, որ բանակցություններին իմ բացակայությունը կօգներ համաձայնության հասնել: Այդ պատճառով ես հեռանում եմ ֆինանսների նախարարությունից»:

Լրահոս

Ամենաընթերցված

Գողացված քվեների վրեժը

Գողացված քվեների վրեժը

Հանրայինում առաջին համարների բանավեճի ժամանակ Զավենիչին առաջարկելով ընդդեմ «Ուժեղ Հայաստան»-ի գրավոր...

×
Gallery Image