Մշակույթ

Քաղաքագրություն. Երեւանը՝ Սարյանի հուշերում

Քաղաքագրություն. Երեւանը՝ Սարյանի հուշերում

Աշնանը Երեւանում ինձ ուրախ լուր հայտնեցին։ Կոգանը Վենետիկից հեռագրել էր Հայաստանի Ժողկոմխորհի քարտուղար Լուկաշինին՝ ցուցահանդեսի հայկական տաղավարի, առանձնապես իմ գործերի հաջողությունների մասին։ Դա առիթ եղավ, որ Ժողկոմխորհը, իբրեւ խրախուսանք, ինձ համար արվեստանոց եւ բնակարան կառուցելու որոշում կայացնի։



Ապրում էինք Ազիզյանի տանը, երկու սենյակում։ Դրանից մեկը սոսկալի մութ էր, իսկ լուսավորը դեպի պատշգամբ էր նայում, որի լուսամուտների տակ, սեղանի շուրջ տնատերերն անցկացնում էին իրենց ողջ օրը: Այդ պայմաններում ապրելը, էլ չեմ ասում՝ ստեղծագործելը, անհնարին էր: Երեխաները մեծացել եւ անհանգստացնում էին թե մեզ, թե տանտերերին:



Իր այդ անհարմարության հետ, տունը նկարչագեղ էր: Այգիով բակը արեւմտյան կողմում սմբակաձեւ էր՝ շրջափակված մոտիկ տների հին պատշգամբներով: Ծածկված էր տուֆաքար սալահատակով, որի վրա գծագրվում էին անձրեւաջրի համար փորված առուները: Այդ վարդագույն միջավայրում ծիրանի ծառեր եւ յասամանի թփեր կային: Դա երեւանյան տներից շատերին հատուկ հարմարավետ բակ էր, որ հատկապես գեղեցիկ էր լինում գարնանը: Բայց դե ինչպե՞ս նկարել:



Աշխատելու համար ժամանակավորապես տեղավորվեցի մի այլ տեղ, Կոնդի բարձունքի վրա, Արազյանի տանը: Այս տնակը՝ վեր բարձրացող իր պատշգամբով, բակի կողմից թվում էր երկհարկանի, իսկ փողոցից՝ միհարկանի: Պատշգամբից երեւում էր Արարատը՝ բակի մեծ թթենու եւ նռնենու արանքից: Սա եւս շատ գեղեցիկ բակ էր, բայց, ցավոք, աշխատելու համար նույնքան անհարմար էր, ինչքան եւ առաջինը:



1924 թվականին տեղափոխվեցինք նոր բնակարան, Ռուբենի 55 համարի տակ, ուր սկսեցի հանգիստ ապրել եւ նկարել: Բակի փոքրիկ պարտեզը, այգին, պատշգամբից բացվող տեսարանը գեղանկարչական մեծ հետաքրքրություն էին ներկայացնում: Գարնան օրերին շրջապատը ծաղկաստանի էր վերածվում: Գեղեցիկ էին հատկապես դեպի պատշգամբ բարձրացող գլիցինայի ծաղիկները: Դժբախտաբար, ժամանակին ես քիչ եմ նկարել այդ ծաղիկները: Նկարածներս էլ ոչնչացան 1928 թվականին, Փարիզի ցուցահանդեսից հետո, նավի հրդեհման պատճառով:



Իսկ գեղեցկուհի գլիցինիան չորացավ 1932 թվականի ձմռանը, Երեւանի անսովոր 22 աստիճանի ցրտերից...



Երեւանյան նկարչագեղ տներն ու բակերն սկսեցին ոչնչանալ: Խնամք չէր տարվում: Որբացան, ապա ավերակների վերածվեցին: Ափսոսում եմ, որ քիչ եմ նկարել այդ տեսարանները:



Քանի դեռ չէր սկսվել նոր Երեւանի կառուցումը, քաղաքը թողնում էր քայքայված փլատակի տպավորություն: Մի տեսակ տխրություն էր իջել նրա վրա: Բայց երբ աշխույժ ռիթմով մուրճերը զարկեցին, երբ միտքը եւ ջլապինդ բազուկները գործի անցան, ամեն ինչ փոխվեց: Երեւանը հետզհետե պայծառացավ:
Մարտիրոս Սարյան, «Գրառումներ իմ կյանքից»



Արամ ՊԱՉՅԱՆ



 

Լրահոս

Ամենաընթերցված

Երեւի հասել ենք վերջին…

Երեւի հասել ենք վերջին…

Պարոն Հովակիմյան, հիշո՞ւմ ես, մի անգամ իմ եւ քո սիրելի Աննա Իսրայելյանի մոտ հարցազրույցի էինք, եւ ես...

×
Gallery Image