Մշակույթ

Միքայել Մանվելյան. Յերեւան

Միքայել Մանվելյան. Յերեւան

Հատվածներ համանուն անավարտ վեպից



Ամառվա տոթից մալարիայից տառապող Յերեւանը շունչ է քաշում աշնանը:
Այգեկութը սկսվում է: Եկեղեցու զանգերից հետո նեղ փողոցները լցվում են քթոցներով բեռնավորված էշերով, ձիերով, սայլերով: Թուրք, հայ՝ մեծ ու փոքր պտուղներով լեցուն կողովներով, տուն են շտապում: Կախանացու ալվան խաղող, պահունի տանձ, խնձոր, սուջուխի համար խարջու խաղող, դութմա, ձմերուկ, ալբուխարա, սերկեւիլ... Աշխատանքը տենդոտ եռում է, բոլորն աշխատում են: Կանայք դեղձ են կլպում ալանու համար, ընկույզ, կաղին, դութմա կորիզ չրթում, շարաններ պատրաստում սուջուխի համար: Շիրայի հոտը բռնել է փողոցները:



Ամբողջ ցերեկը այգիներում են, շատերն այնտեղ են ապրում, այնտեղ են տրորում դոշաբացու խաղողը: Մեծ կաթսաների մեջ օջախների վրա պլպլտում է խաղողի հյութը, թանձրանում դոշաբ դառնալու համար: Խաղողի ճեճը կտավի տոպրակներում, ինչպես մորթազերծ մի անասուն՝ կախված ծառից, քամվում է մեղմանուշ կլտոցով տակը դրած կաթսաների մեջ: Հնձաններում թիակները ձեռներին, մինչեւ ծնկները ոտները վեր քշտած՝ խաղող են կոխկրտում, շիրան բարակ առվակով հոսում է տակառի մեջ կամ ծորակի տակը փորած ավազանը: Ամեն կողմից ծուխ է ելնում՝ բոզբաշի, խաշի, խորովածի հոտը բռնել է ամեն կողմ:



Տարվա այդ ամիսներին Յերեւանի այգիները վեր են ածվում համատարած խրախճանքի: Ամեն կողմից դուդուկի մելամաղձոտ ձայներ, զուռնայի զիլ կանչ, մարդկանց գոռգոռոցներ, կանացի ճիչեր, դրանց միանում են շղթայակապ շների հաչոցն ու կաղկանձը, այս ու այն կողմից էշերի բեկբեկվող ողբաձայն բայաթին, մերթընդմերթ էլ՝ աքաղաղի կանչը, իսկ արեւը մտնելուց դրանց խառնվում է գորտերի շատ հեռվից լսվող թախծալի երգը: Աշխատողներից այգեպաններն էին համեմատաբար բարեկեցիկ վիճակի մեջ: Բացի իրենց բաժին ընկած խոտից ու մրգեղենից, մի քիչ էլ թռցնում էին:



«Խորհրդային գրականություն» հանդես, 1939թ. (10-11)



Արամ ՊԱՉՅԱՆ



 

Լրահոս

Ամենաընթերցված

Երեւի հասել ենք վերջին…

Երեւի հասել ենք վերջին…

Պարոն Հովակիմյան, հիշո՞ւմ ես, մի անգամ իմ եւ քո սիրելի Աննա Իսրայելյանի մոտ հարցազրույցի էինք, եւ ես...

×
Gallery Image