«Ռուսաստանի օրերը՝ Հայաստանում» միջոցառման շրջանակում մեկնարկել է «Հայաստանում ռուսական կինոյի շաբաթ» ծրագիրը, որն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 14-18-ը: Միջոցառումն իրականացվում է ՀՀ եւ ՌԴ մշակույթի նախարարությունների եւ Հայաստանում Ռուսաստանի դեսպանության աջակցությամբ:
Ռուսական կինոշաբաթի շրջանակներում հայ հանդիսատեսին կներկայացվի վերջին տարիների ռուսական կինոարտադրության 14 ֆիլմ՝ տարբեր ժանրերում․ դրամա, կատակերգություն, անիմացիա, որոնց մեջ են Սերգեյ Մոկրիցկու «Ճակատամարտ Սեւաստոպոլի համար», Դմիտրի Մեսխիեւի «Գումարտակ» պատերազմական դրամաները, մի խումբ ռեժիսորների կողմից Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում նկարահանված Աննա Մելիքյանի «Սիրո մասին» («Կինոտավր» կինոփառատոնի «Լավագույն ֆիլմ» եւ «Ոսկե արծիվ» մրցանակակիր) մելոդրամաները, «Համադասարանցիներ» եւ «Նախաճաշ հայրիկի մոտ» կատակերգությունները, «Մաքուր արվեստ» դետեկտիվ ֆիլմը՝ Աննա Չիպովսկայայի մասնակցությամբ, ընտանեկան դիտման համար նախատեսված «Ուրվականը» ֆիլմը՝ Ֆյոդոր Բոնդարչուկի մասնակցությամբ, «Ուղղիչ դասարան» սոցիալական դրաման, երեխաների համար նախատեսված «Գայլեր եւ ոչխարներ. խե-ե-ելահեղ կերպարանափոխություն» անիմացիոն ֆիլմը, ինչպես նաեւ ռուսական հայտնի «Դուխլես» ֆիլմի շարունակություն «Դուխլես 2»-ը՝ Դանիլա Կոզլովսկու մասնակցությամբ, եւ կինոռեժիսոր Արտյոմ Միխալկովի դեբյուտային աշխատանքը՝ «Խաղասեղանին սերն է» ֆիլմը՝ հայ դերասանների մասնակցությամբ:
ՌԴ մշակույթի նախարարության կինեմատոգրաֆիայի դեպարտամենտի փոխտնօրեն Գալինա Ստրոչկովան լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ 2016-ը ռուսական կինոյի տարի է ոչ միայն Ռուսաստանում, եւ այս կինոշաբաթի շրջանակներում Հայաստան են բերել ժամանակակից ֆիլմեր, իսկ հայ եւ ռուս ժողովուրդներին շատ բան է կապում նաեւ կինոյի միջոցով։ Կինոշաբաթը կբացվի ռեժիսոր Նիկոլայ Լեբեդեւի «Անձնակազմ» ֆիլմով, որը 2016թ. ռուսական ամենաեկամտաբեր կինոնկարն է:
ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանի կարծիքով, քանի որ վերջին շրջանում ռուսական կինոն մեծ թափ է ստացել, ապա ռուսական մշակույթը ֆիլմերի ձեւաչափով ներկայացնելը շատ կիրառելի է։ Բանախոսներից Երեւանում «Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնի» տնօրեն Մարկ Կալինինն էլ նշեց, որ ռուսական կինոն մեծ պահանջարկ ունի Հայաստանում, դրա մասին վկայում է հայկական փառատոներում ռուսական ֆիլմերի ընդգրկվածությունը։ Ռեժիսոր Արտյոմ Միխալկովի դիտարկմամբ էլ՝ այսօր Ռուսաստանում ֆիլմեր են նկարահանում հիմնականում հայ ռեժիսորները։
Նախագծի շրջանակում տեղի կունենա նաեւ հայ եւ ռուս կինեմատոգրաֆիստների ստեղծած՝ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմի փակ ցուցադրությունը Գյումրիում: Ի դեպ, այս ֆիլմը Հայաստանի ազգային կինոակադեմիայի կողմից վերջերս Հայաստանի կողմից առաջադրվեց «Օսկար» մրցանակի՝ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:
Ինչպես իր խոսքում նշեց «Շարմ հոլդինգ» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանը, իրենք չէին ցանկանա, որ փակ ցուցադրությանը լրագրողներ ներկա լինեին ու լուսաբանեին, քանի որ ֆիլմը ռուսական տարբերակով է ցուցադրվելու, ինչու ռուսական, որովհետեւ ռուսական կինոշաբաթի շրջանակներում է ներկայացվում։ Ինչ վերաբերում է հայկական տարբերակին, որի մեջ հնչում է նաեւ Գյումրու բարբառը, ապա այն կինովարձույթ դուրս կգա արդեն այս ամսվա ընթացքում։
Միջոցառման շրջանակներում տեղի կունենա նաեւ ՌԴ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Կարեն Շախնազարովի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը, ինչպես նաեւ՝ նրա ստեղծագործական երեկոն Երեւանի «Մոսկվայի տուն» կենտրոնում եւ հանդիպում Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողների հետ:
Ռուսական ֆիլմերի ցուցադրությունները տեղի կունենան Երեւան, Գյումրի, Աբովյան քաղաքներում:
Կինոցուցադրությունների հիմնական վայրերը լինելու են Երեւանում «Մոսկվա» կինոթատրոնը եւ «Ռուսաստանի գիտության եւ մշակույթի կենտրոնը», Գյումրիում՝ «Հոկտեմբեր» կինոթատրոնը, Աբովյանում՝ Հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանը։ Բոլոր վայրերում կինոդիտումների համար հանդիսատեսի մուտքն ազատ է լինելու։ Ֆիլմերը ներկայացնելու են հենց իրենք՝ հեղինակները, իսկ կինոդիտումներից հետո տեղի են ունենալու քննարկումներ հանդիսատեսի հետ:
Սոնա ԱԴԱՄՅԱՆ