Վերլուծություն

Վերջին մենամարտը դեռ առջևում  է

Վերջին մենամարտը դեռ առջևում  է

Ընդդիմադիր ուժերը պայքարում են, որ ընտրության արդյունքը անվավեր ճանաչվի և երկրորդ փուլ նշանակվի։ Ժողովուրդը թերահավատ է, որ նման բան հնարավոր կլինի։ Այստեղ կա մի կարևոր «բայց»։

Իշխանությունը լեգիտիմ չէ։ Ժողովուրդը չի ընդունում կեղծված ընտրության արդյունքները։ Զարմանալին այն է, որ այդ մասին առաջինը փաստացի բարձրաձայնել է հենց իշխանությունը, որից հետո նույն խաղի տրամաբանության մեջ են ներգրավվել նաև նրան սատարող աշխարհաքաղաքական ուժերը։

Քվեների 10 տոկոսը դեռ չհաշված՝ Փաշինյանը, ի գիտություն թե՛ իր արտաքին հենարանների, թե՛ հայ հասարակության, արդեն գոռացել է՝ «ես հաղթել եմ»։ Տերերն էլ անմիջապես շնորհավորել են։

Ինչքա՜ն էին շտապեցնում Փաշինյանին իր քաղաքական հենարանները, որ նա դեռ հակառակորդի «զորքը» չմոտեցած հայտարարեց հաղթանակի մասին, իսկ դրանից հետո՝ հայտարարությունից հետո, բառացիորեն «թաքնվեց» ԿԸՀ-ի հաշվարկների հետևում՝ ամբողջ գիշեր հավասարումներ լուծելու տրամաբանությամբ։

Բայց իմ նյութը դա չէ։

Նոր ընտրությունը ձեռնտու է ոչ միայն Փաշինյանին, այլ նաև նրա արտաքին հենարաններին։ Անգամ ԲՀԿ-ին քաղաքական դաշտից դուրս մղելու փորձից հետո Փաշինյանը չկարողացավ ձեռք բերել Սահմանադրությունը արագ և ափալ-թափալ փոխելու հնարավորություն։ Նա պարզապես երկարաձգեց իր իշխանությունը, ինչը արտաքին դերակատարների համար այնքան էլ էական նպատակ չէ։

Նրանց պահանջը ավելի խորքային է՝ արագ փոխել Սահմանադրությունը։ Փաշինյանը, նույնիսկ եթե կարող է Հայաստանի քարտեզի վրա որոշ փոփոխություններ ձևավորել, դա դեռ չի նշանակում հարցի լուծում կամ վերջնական ամրագրում։
Նրանց պետք չէ պարզապես «փաշինյանական» կառավարում։ Նույն այդ ուժերը ևս համոզվել են, որ եվրոպական, արևմտյան, ադրբեջանա-թուրքական ռեսուրսների ամբողջ ներգրավմամբ էլ այս մարդուն լիարժեք «ուղղել» չհաջողվեց։ Հասկացան նաև, որ ՀՀ քաղաքացին նրան չի ընդունում, և նա այլևս նախկինի պես չի կարող քաղաքական գործընթացները միակողմանի վերահսկել։
Այդ պատճառով էլ կա երկու տարբերակ՝ կամ արտահերթ ընտրություններ, որպեսզի Փաշինյանը փորձի իրականացնել իրենց ցանկությունները, կամ միջանկյալ լուծումներ, որոնց միջոցով ընդդիմադիր հիմնական ուժերը, որոնք այսօր ունեն զգալի կշիռ, դուրս կմղվեն քաղաքական հավասարումից։

Փաշինյանն արդեն Ազգային ժողովի միջոցով փորձում է գնալ նման աբսուրդային լուծումների ճանապարհով, ինչը կարող է միայն ավելի բարդացնել իրավիճակը։

Այնպես որ ժողովրդի գործը ավարտված չէ, ամեն ինչ դեռ նոր է սկսվում։ Պետք չէ հիասթափվել, որովհետև ձեր դիմաց կանգնած են աշխարհաքաղաքական մեծ ուժեր, իսկ այս պահին թույլ և սահմանափակ լեգիտիմությամբ գործող Փաշինյանն էլ առանձնապես լիարժեք «պահանջարկ» չունի նույնիսկ նրանց շրջանում։

Պետք է կարողանալ երկու բախվող քարերի արանքից հանել ծաղիկը՝ Հայաստանը, մեր ապագան։ Ծանր գործ է, բայց հենց դա է մեզ վիճակվածը։

Վերջին մենամարտը դեռ առջևում է։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image