«Իսկանդերի» մուտքը Հանրապետության հրապարակ հասարակության ստվար հատվածների համար ասես մեսիա լիներ: Այդ են վկայում որոշակի հարաբերական ու տարատեսակ հրճվանքները եւ նորից ականատեսի երջանկության ու խաղաղության զգացողությունը, որ ի հայտ է բերում «Իսկանդեր-Է» օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգը: Արձագանքն այնքան բուռն էր, որ անգամ Ռազմ.info-ն հարկ համարեց ամբողջական տեղեկատվություն տալ, թե վերջապես ինչ է կամ ով է այդքան սպասված ռազմավարական զսպման գործիք «Իսկանդերը» եւ ինչպիսի հնարավորություններ ունի.
««Իսկանդեր-Է»-ն «վիրաբուժական գործիք է»։ Այն ի վիճակի է, հակաօդային պաշտպանությունը ճեղքելով, մինչեւ 300 կմ հեռավորության վրա մինչեւ մի քանի մետր ճշգրտության հարվածներ հասցնել։ Հակաօդային պաշտպանության ճեղքումն ապահովվում է հրթիռի թռիչքի բարձր տրաեկտորիայով (մինչեւ 50 կմ)՝ թիրախին մոտենալիս ակտիվ ու անկանխատեսելի մանեւրելով։ Իսկ բարձր ճշգրտությունն ապահովվում է դեպի թիրախն ինքնուղղորդվելու հատուկ համակարգերի միջոցով… «Իսկանդերի» հրթիռների համար պոտենցիալ թիրախներ կարող են լինել թշնամու ռազմական օդանավակայանները, զինամթերքի խոշոր պահեստները, նավթագազային ու էներգետիկ ենթակառուցվածքները, խոշոր զորամիավորումների շտաբներն ու հրամանատարական կետերը եւ բացառիկ կարեւորություն ունեցող այլ օբյեկտներ, որոնք հայկական բանակի սպառազինությունում առկա հարձակման այլ միջոցների համար հասանելի չեն» (աղբյուրը՝ http://razm.info/)...։ Եվ, այսպես շարունակ, կարծես բոլորն էլ արդեն իսկ գիտեն, թե ինչ տվյալներ ունի Ռուսաստանի Դաշնությունում արտադրված բալիստիկ հրթիռը, մանավանդ, երբ իմացության ու տեղեկատվության վրա խոհափիլիսոփայական քար է դնում Ռուսաստանի Դաշնության Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը՝ հիշեցնելով, թե որքան կարեւոր է այսօրվա աշխարհում ապացուցել հզորությունդ, որից հետո քեզ նեղացնել չեն կարող:
Հանրապետության հրապարակում «Իսկանդերի» հայտնությունից հետո հասարակության մեջ նման բուռն արձագանքը պիտի որ անակնկալ չլիներ: Սրան կարելի է հետեւյալ բնորոշումը տալ՝ երկրում անվտանգության սպասման դեֆիցիտ, որը մասամբ ավարտին է հասցվում, կարելի է ասել, մի սրընթաց հարվածով: Ահա, միանգամայն պարզ է անդրադարձման այս կերպը: Երկրում, ուր մարդը պետական ատյանների, ղեկավարման սիստեմների կողմից պաշտպանված չէ, այդ պաշտպանության գեթ մեկ կարելիություն տեսնելով՝ ինչ խոսք, հոգեբանորեն շփոթմունքի, հախուռնության եւ զգացմունքայնության ազդակներով է արձագանքում, չէ՞ որ հանկարծ առկայծում է պաշտպանվածության եւ անվտանգության թանկարժեք իրատեսությունը՝ մի բան, որ խաղաղորեն ընդունել դեռեւս չի ստացվի:
Արամ ՊԱՉՅԱՆ