Հասարակություն

Առաջինը՝ գրաշխարհի ոլորտը

Առաջինը՝ գրաշխարհի ոլորտը

Ինչ խոսք, ուրախաբեր ու ոգեւորիչ է մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանի առաջին հայտարարությունն այն մասին, որ առաջնահերթ պիտի կարգավորի գրահրատարակչական ոլորտը, որ գրախանութները պիտի դառնան նաեւ ընտանեկան հանգստի գոտիներ, ուր չեն գնում միայն գիրք գնելու, ընթերցելու, այլեւ կարող են կազմակերպել իրենց հաճելի հանգիստը: 



Հաշվի առնելով, որ Երեւանում մնացել են ընդամենը մի երկու-երեք գրախանութներ, որոնք քաղաքի կենտրոնական հատվածներից գնալով դուրս են մղվում (վերջինը «Նոյյան տապան» գրատունն էր, որ հեռացվեց Հանրապետության հրապարակի Կառավարության տուն 2 հասցեից), գրքի վրա ծանրացած ավելացված արժեքի հարկի առկայությունը, նաեւ գրահրատարակչական ոլորտի տարատեսակ, կիսաստվերային ու ակներեւ խնդիրները, այո՝ իրատեսական ու անհրաժեշտ է հնչում Ա. Ամիրյանի հենց այս հայտարարությունը: Լավ կլիներ նաեւ, որ նորանշանակ նախարարն ուշադրության կենտրոնում պահեր գրադարանները, առհասարակ՝ գրադարանային ոլորտը, որն աջակցության կարիք ունի, պիտի վերականգնել, բարենորոգել մարզային, գյուղական գրադարանները, համալրել նոր գրքերով, ակտիվացնել գրադարանների ներքին կյանքը եւ, ամենակարեւորը՝ բարձրացնել գրադարանավարների աշխատավարձը:



Արդ, այս բնագավառում խնդիրները իսկապես շատ են, թվացյալ աշխուժությունն էլ իր հերթին կեղծ պատրանք է ստեղծում, թե ոլորտը գնալով զարգանում ու բարգավաճում է, սակայն այլ բան է ասում իրականությունը, այլ բան են ասում գրավաճառները, եւ այսպես շարունակ: Անզեն աչով էլ բացերը տեսանելի են եւ հրատապ: Արմեն Ամիրյանը նշել է նաեւ, որ ոչ թե 100, այլ անգամ մեկ օր չի սպասելու, որպեսզի ներկայացնի եւ խոսի այս եւ այլ մշակութային ծրագրերի եւ մտահղացումների մասին:



Գործ անելու, գործն ավարտին հասցնելու տրամադրվածությունը կարծես թե կա, մնում է, ինչպես ասում են, դրանց հրատապությունը տաք պահել եւ հետեւողականորեն ի կատար ածել բարեփոխումներն ու առաջադրված խնդիրները: Առանց գրահրատարակչական ոլորտի, գրադարանների, գրախանութների մոդեռնիզացիայի այսօր դժվար է դիմակայել ժամանակակից գործընթացներին: ԱՄՆ-ում, եվրոպական քաղաքներում, թերեւս, շարունակում են ապրել հենց այն գրախանութները, որոնք պատմություն, ավանդույթ եւ շեշտված ոճ ունեն, որոնք ոչ միայն գրքի կրպակներն ու տաղավարներն են, այլեւ վայրեր, ուր կարելի է մտածել, հանգստանալ, լինել գրքերի ու գրականության աշխարհում:



Արամ ՊԱՉՅԱՆ

Լրահոս

Ամենաընթերցված

Երեւի հասել ենք վերջին…

Երեւի հասել ենք վերջին…

Պարոն Հովակիմյան, հիշո՞ւմ ես, մի անգամ իմ եւ քո սիրելի Աննա Իսրայելյանի մոտ հարցազրույցի էինք, եւ ես...

×
Gallery Image