Ռուբեն Հովսեփյանի «Որդան կարմիրի» մասին Հրաչից էի լսել: Սարիբեկյանն իր մանկական խանդավառությամբ, վառվող հիացմունքով վերհիշում էր ու պատմում այն գորգի մասին, որ երկրե-երկիր, քամիների վրա սահելով, գետերի հավերժական ջրերի հոսանքներով եկել-հասել էր մեր օրերը, հառնել Ռուբեն Հովսեփյանի վեպում: Եվ պատին խփված գորգից թռչուններ էին պոկվում: Խոսում էր գորգը.
«Տարիների հեռվից անցած այդ օրն ինձ պատկերանում է մինչեւ հիմա էլ մեր տան պատին խփված այն գորգի տեսքով, որ դարասկզբին, որդիների հետ, Լեւոն պապս էր որսացել ջրհեղեղից: Ինչպես պապս էր ապշում՝ ամեն անգամ գորգի վրա նոր նախշ հայտնաբերելիս, այնպես էլ ես եմ ահա քանի տարի ապշում՝ անցած այդ օրվա մանրամասները մտաբերելիս: Բոլոր անցքերին, բնականաբար, ես չէի կարող մասնակից լինել, բայց մանկությունը երեւի հենց դրա համար է հրաշք տարիք համարվում, որ ականջի պոչով լսածդ նույնիսկ կարողանում է անմնացորդ լուծել արյան մեջ՝ քեզ պարգեւելով հաճելի այն խաբկանքը, թե մի ժամանակ եղել ես ամենագո» (Ռուբեն Հովսեփյան, «Որդան կարմիր»):
Ծանր է, երբ մերոնք այս էլ որերորդ անգամ հեռանում են: Ծանր հիվանդությունից են հեռանում: «Ես էլ եմ հիվանդ, երկիրն էլ… առավոտյան Գերմանիա եմ մեկնում ՝բուժվելու հույսով։ Երկի՛րն ի՞նչ է անելու, ո՛ւր է գնալու…»: Գրել է Ռուբեն Հովսեփյանը: Չգիտենք՝ երկիրն ինչ է լինելու, ուր է գնալու: Գուցե չիմացության եւ հնարավոր իմացություններից երես թեքելու արատն է, որ կասեցնում է, ընդհատում հաջորդական գործողությունների այն պարտադիր արդյունքը, որն այդպես էլ մեզ չի գոհացնում՝ լքելով այս պետության մտքի գիտակցական սահմանները: Ռուբեն Հովսեփյանն ավելի շատ ճանաչվում էր որպես Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» վեպի թարգմանության հեղինակ: Եվ թարգմանիչն ինչ-որ տեղերում ասես մենության ու անհասանելիության մեջ էր առնում գրողին՝ պատմվածքների, վիպակների, վեպերի ու ակնարկների հեղինակին, որին, այսպես ասած, հայ ժամանակակից իրականությունը դեռ նոր պիտի ճանաչի: Իհարկե, եթե այդ իրականությունը դեռ ապրում է կամ թե ուզում է ապրել: Կկարդա՞նք հայ գրողներին, թե՞ դժվար է ասել: Պարզ է՝ դժվար է ասել՝ գրականությանը, մարդուն, երկրին, վերջապես, «Ի՞նչ է անելու, ո՛ւր է գնալու…»:
«- Ասենք՝ երկար, երկար ճանապարհ ես գնում,- պառավի համար շարունակեց Սամսոնը,- որ հասնես մի տեղ, ուր պիտի հասնեիր, եւ հանկարծ ճանապարհի կեսին նկատում ես, որ շատ փոքրիկ, չնչին մի բան կորցրել ես, չկա: Հոգնած ես, ետ դառնալու ուժ չունես, ու հոգնությունից ներսումդ մեծանում է կասկածը, որ եթե ետ էլ դառնաս, միեւնույն է, ճանապարհի փոշու մեջ դժվար թե գտնես կորցրածդ: Ու դու շարունակում ես ճանապարհդ: Մարդիկ հաճախ են մոռանում, մայրիկ, որ իրերը, առարկաները, ամեն-ամեն ինչ կապված են իրար հետ անտեսանելի, բայց ամուր թելերով: Կորցրել էիր մի բան, հիմա արդեն ինքդ ես շպրտում, որովհետեւ առանց այն առաջինի, չնչինի ավելորդ են եւ սրանք: Ու գնում ես, քայլում՝ դատարկվելով, թեթեւանալով... Ի վերջո, այնքան ես թեթեւանում, որ պատահական քամին էլ քեզ ճամփից կշեղի: Ու շեղում է: Եվ քո պետքը չէ: Ո՞ւր ես հասնելու՝ այլեւս պետքդ չէ: Մանր-մունր բաներ կորցնելով՝ դու կորցրել ես ամենակարեւորը՝ ճանապարհ ելնելու նպատակդ: Բայց դու դեռ գնում ես...» (Ռուբեն Հովսեփյան, «Ամառ էր, կիրակի»):
Արամ ՊԱՉՅԱՆ