Քաղաքը, որտեղ անցել է իմ մանկությունը, այլեւս գոյություն չունի: Զբոսնելով այժմ Սովետական Հայաստանի մայրաքաղաքի լայն պողոտաներով, հիանալով չքնաղ այգիներով ու հրապարակներով՝ ես հիշողությանս մեջ դժվարությամբ եմ վերականգնում անցյալ դարի 90-ական թվականների Երեւանը: Կարդացեք հին Երեւանի մասին Գրիբոյեդովի նկարագրությունը, երբ այնտեղ դեռ տիրություն էր անում պարսկական շոհի փոխանորդ սարդարը, եւ երեւակայեցեք, որ այդ արեւելյան քաղաքի միջով անց է կացվել մի քանի ուղիղ, քանոնի պես ձիգ փողոց՝ միհարկանի, երբեմն՝ երկհարկանի տներով՝ երեսպատված սեւ, փոքր-ինչ մռայլ տեսք ունեցող տուֆով: Պարսկական ժամանակների ծուռումուռ փողոցները կրում էին սարդարի տված անունները, իսկ նոր փողոցների կնքահայրերն իրենք՝ ցարական նահանգապետերն էին: Փողոցներից մեկն այդպես էլ կոչվում էր՝ Գուբերնսկայա, իսկ մյուսը՝ Ցարսկայա…
…Ուսուցիչն ինձ դասից ազատեց, եւ ես վազեցի քաղաքի կենտրոնը, որտեղ գտնվում էր ոստիկանական վարչությունը: Այնտեղ, բակի փայտյա սարայում, Երեւանում առաջին անգամ բացվել էր «Իլուզիոն», եւ, ինչպես ասում էին, «կենդանի պատկերներ» էին ցուցադրում: Տոմսն արժեր տասը կոպեկ: Գրպանումս զրնգում էին երկու պղնձյա հինգկոպեկանոցներ, որ տնտեսել էի նախաճաշերից: Խաբելով ուսուցչին՝ այժմ սրտատրոփ պատրաստվում էի ծանոթանալու այդ հրաշքին:
«Իլուզիոնը» լեփ-լեցուն էր: Հասարակ փայտյա նստարանների վրա խռնվել էին երեխաներ ու մեծահասակներ: Բոլորն էլ ինձ պես հուզված էին: Դույլը ձեռքին մի մարդ երեւաց եւ սկսեց կտավե էկրանի վրա ջուր լցնել: Դա արվում էր, ինչպես հետագայում իմացա, որպեսզի պատկերը կտավի վրա ավելի պարզ երեւա: Լույսը մարեց: Թաց կտավի վրա սկսեցին պարել ստվերները: Ինչ-որ մակագրությունից հետո երեւաց գետի եւ կամրջի պատկեր, եւ հանկարծ կադրի խորքից շոգեկառքը սրընթաց շարժվեց դեպի հանդիսատեսը: Դահլիճում իրարանցում սկսվեց: Թվում էր, ուր որ է հսկա հրեշը բոլորին կճզմի: Շատերը տեղերից վեր թռան: Մի կին գոռալով դահլիճից դուրս փախավ՝ ասելով, որ դա սատանայի տեսիլք է:
Բայց շոգեկառքը ոչ ոքի չճզմեց: Կողքից անցավ: Նրա հետեւից սլացան մի քանի վագոններ: Վերջին վագոնից ցած թռավ մի մարդ: Վազեց դեպի գետակն ու սուզվեց ջրի մեջ: Նրան հետապնդում էին մեծ ատրճանակներով զինված երկու ոստիկան: Նրանցից մեկը շորերով նետվեց ջուրը եւ սկսեց թփրտալ: Մյուսը դժվարությամբ նրան ափ հանեց: Հանդիսատեսները, մոռանալով վախը, բարձրաձայն ծիծաղում էին ձախորդ ոստիկանի վրա: Դրան հաջորդեց տեսարանային մի պատկեր: Հիշում եմ, թե ինչպես ինձ ապշեցրեց ալեկոծվող ծովը, որ ես կյանքում առաջին անգամ էի տեսնում: Սեանսից հետո ես այսպիսի խոսակցություններ էի լսում. «Այստեղ մի կեղծիք կա, չի կարող պատահել, որ մարդը պատի վրայով ման գա…»: Իսկ այն կինը, որը շոգեկառքի երեւալուց դահլիճից դուրս էր փախել, բոլորի վրա գոռում էր, որ այդ ամենն Ազրաիլի - չար ոգու մեքենայություններն են, եւ պահանջում էր վառել «Իլուզիոնը»: Բայց այս խոսակցությունները միայն գրգռում էին մարդկանց հետաքրքրությունը, եւ դահլիճն արագ լցվեց նոր հանդիսատեսներով:
Պետք է նշել, որ այն տարիներին Երեւանում դեռ երկաթուղի չկար (երկաթուղին անցկացվեց 1901 թվականին, իսկ կինոյի առաջին ցուցադրումը տեղի ունեցավ դրանից երկու տարի առաջ): Մեծապես դրանով էր բացատրվում հանդիսատեսների գերբնական վախը «կրակ ժայթքող հրեշից»:
Համո Բեկնազարյանի «Հուշեր դերասանի եւ կինոռեժիսյորի» գրքից
Պատրաստեց Արամ ՊԱՉՅԱՆԸ