Այսպիսով, ինչ ուզում եք, ասեք, բայց փաստ է՝ ԱՄՆ-ում հաղթանակեց մաչիզմը, կնատյացությունը, հաղթանակեց շոուն, իսլամաֆոբիան, հաղթանակեցին TV-ն, հաղթանակեց սանրվածքը, խարիզման, հաղթանակեց զավեշտալի ինքնավստահությունը, ապուշությունը, տգիտությունը, վերջապես՝ ամբողջովին հաղթանակեց փողը: Սա փողի ամենապաշտոնական հաղթանակն է: Միլիարդատեր Թրամփը մատ արեց ոչ միայն Հիլարիին, այլեւ իրենց ողջախոհի տեղ դրած՝ ԱՄՆ-ում ապրող մի հսկա զանգվածի, որոնց մեջ մտնում էր նաեւ գործող նախագահ Օբաման՝ ընտանյոք հանդերձ: Հանրապետականների «ֆանտաստիկ» հաղթանակն ինչո՞ւ պիտի զարմացնի ու զայրացնի այդ նույն «ողջախոհ» զանգվածին, որն ամաչում է Դոնալդ Թրամփ երեւույթից: Մի՞թե ամեն ինչ դեռ տարիներ առաջ չէր կանխորոշում Թրամփ ֆենոմենը:
Դեբիլիզմի մեջ տապակված առաջադեմները կասեն՝ այսօրինակ ընտրությունը վկայում է, թե որքան առաջադեմ են ամերիկացիները, որ, եթե ուզեն, կարող են երկրի ղեկը վստահել մի բավականին տգեղ ուտիճի: Կարող են, իհարկե, չէ՞ որ սա ԱՄՆ-ն է՝ աշխարհի համար «առաջին» պետություն-կայսրությունը, ցեղասպանության վրա կերտած իր «զարմանահրաշ» պատմությամբ, աշխարհին Հոլիվուդ, կոլա, սենդվիչ, սելֆի ու Ֆեյսբուք պարգեւած կորուսյալ դրախտը... չէ՞ որ այսպիսի տերությանը եւ տերության մեջ ապրող ժողովրդին ամեն ինչ կարելի է, անգամ Թրամփ չի-կարելին է կարելի:
Հիրավի, եթե Թրամփի ընտրվելն առաջադիմության վերելքն է համարվում, ուրեմն, հենց այս պահից սկսած, պիտի վերանայել առաջադիմություն ասվածի ողջ կենսագրությունն ու դրա վերջնարդյունքը: Ամերիկացիներն ավելի շատ սիրեցին Դոնալդ Թրամփին ոչ թե նրա յուրօրինակ ուղեղանյութի համար, այլ որ ամերիկացիները վաղուց արդեն առաջնորդվում են «սիրո սրտառուչ իմպուլսներով»... «Սերն է նրանց շարժիչ ուժը, սերն է նրանց աստվածը»: Հիլարի Քլինթոնը սխալվել էր՝ էլեկտրոնային փոստով անձնական նամակագրություն էր ձեռնարկել: Տեր աստված, ինչպիսի՜ անամոթություն, ինչպե՜ս կարող էր նման լուրջ քաղաքական գործիչն այդպիսի բացթողում թույլ տալ, Թրամփի բառերով՝ ԱՄՆ անվտանգությունը դներ կասկածի տակ: Բա եղա՞վ, Հիլարի, ի՞նչ արեցիր քո ճակատագրի հետ:
Հետաքրքիրը գիտե՞ք որն է, երբ Թրամփ-բիզնեսմենը կանանց, միգրանտների եւ այլոց հասցեին իր նողկալի արտահայտություններն էր նետում ԱՄՆ-ի ԶԼՄ-ները, հանրույթի իբր ավելի կուռ հատվածը բավականին ծանր էր տանում՝ նրան մեղադրելով կնատյացության, հոմոֆոբիայի եւ այլ՝ ԱՄՆ քաղաքացուն, այսպես ասած, ոչ սազական արատների մեջ:
Բայց պարզվեց՝ ԱՄՆ այդ «առաջադեմ» հորջորջվող քաղաքացիներն (մեծ մասը) իրականում կիսում են Դոնալդի մտքերը եւ լիովին համաձայն են այն ամենի հետ, ինչ ասում է նորընտիր նախագահը: Մի հայտնի ամերիկացի մեկնաբան հարցազրույցի ընթացքում ասաց, որ այդ բոլոր զզվելի արտահայտություններն իրականում քաղաքական ճկուն քայլի մաս էին կազմում, եւ որ սրանից հետո Թրամփը, որպես նախագահ, կհրաժարվի նույն բաները կրկնելուց, այսուհետ չի ատի կանանց, մուսուլմաններին, մեքսիկներին, միգրանտներին: Իրեն ավելի պատշաճ ու ավելի հավաք կպահի, չէ՞ որ նա մոլորակի «առաջին» տերության նախագահն է այլեւս: Եվ, ուրեմն, պարզվում է՝ այսօրինակ փիառ-կոմպանիան կատարելապես հաջողվել է: Կուտը կերված է: Եթե Դոնալդ Թրամփը կանանց, միգրանտներին եւ շատ շատերին ատում էր այն բանի համար, որ դրանով փիառվեր՝ գերազանց է, ուրեմն ստացվեց, քայլն ամբողջովին աշխատեց ու միլիարդատերին բերեց-հասցրեց նախագահի պաշտոնին:
Այլեւս փաստ է, որ ԱՄՆ հանրույթը ոչ միայն հոգնել էր կրկնվող դեմոկրատներից, այլեւ հոգնել էր, այսպես ասած՝ հին ստանդարտներից: Շոու-երկիրը դժգույն նախագահ ունենալու իրավունք չուներ: Եվ, ահա, տիկնայք եւ պարոնայք, վերջապես ամեն ինչ իր տեղն է ընկնում՝ «ամերիկյան երազանքի» ֆալոսը գալիս է իշխանության, լրիվ ամերիկյան «առաջադիմության» մարմնավորումը: Կեցցեն ամերիկացիները, հիրավի նրանք արժանի են հոլիվուդյան ֆիլմերի ու մուլտերի հերոսներից մեկին՝ փողատեր Դոնալդ Թրամփին:
Արամ ՊԱՉՅԱՆ