Քաղաքականություն

Թրամփը՝ «21-րդ դարի գրողը»

Թրամփը՝ «21-րդ դարի գրողը»

Էդիկ Անդրեասյանի «Բաց զրույց Արամ Պաչյանի» հետ հոդվածը կարդացի: Նախ, իսկապես շնորհակալություն արձագանքի համար: Որոշ եզրահանգումների հետ համաձայն եմ, որոշների հետ՝ ոչ: Ինչեւէ, ԱՄՆ-ում տեղի ունեցած, ըստ իս, պատմական ընտրությունները եւս մեկ անգամ հնարավորություն են ընձեռում մտորելու աշխարհում ներկա պահին ընթացող քաղաքական հույժ կարեւոր իրադարձությունների, առհասարակ՝ դրանց բնույթի շուրջ: Բայց այսօր, շեղվելով Թրամփի բուն հայացքների ու պատկերացումների պարույրից, փորձեմ մի փոքր ներկայացնել նրա գրողական բավականին բուռն գործունեությունը: 



Պարզվում է՝ Դոնալդ Թրամփը ոչ միայն միլիարդատեր է, հայտնի կնատյաց, ռասիստ, TV շոուների աստղ, մոդել, թվիթերագիր ու նոր չինական պատի շինարար, այլեւ տասնյակ գրքերի հեղինակ: Իր բեղուն գրիչը շարժելով՝ Դոնալդը գրել է բազում գրքեր, քանակով այնքան շատ, որ Վիքիպեդիայում մատենացանկի համար առանձին էջ է հատկացվել: Գրեթե բոլոր գրքերի թեման հաջողությունն է, իհարկե՝ առաջին հերթին բիզնեսում, կորպորացիաներում, այնուհետեւ՝ քաղաքականության, անձնական հավակնոտությունների կալվածքում եւ այսպես շարունակ:



«Ողջ մնալ գագաթին», «Գոյատեւման արվեստը», «Վերադարձի արվեստը», «Ամերիկան, որին մենք արժանի ենք», «Ինչպես հարստանալ», «Բարձրանալու ուղին», «Մտածիր՝ ինչպես միլիարդերը, այն ամենը, ինչը հարկավոր է իմանալ հաջողության, անշարժ գույքի եւ առհասարակ կյանքի մասին», «Իմ լավագույն խորհուրդը գոլֆի վերաբերյալ», «Ինչու ենք մենք ուզում, որ դուք հարստանաք», «Խոհեր մեծ բաներից եւ մի արգելակիր», «Իմ լավագույն խորհուրդը անշարժ գույքի վերաբերյալ», «Հաջողության բանաձեւը», «Թրամփը երբեք չի հանձնվում: Ինչպես իմ ամենամեծ խնդիրները վերածեցի հաջողության», «Ավելի թափով Ամերիկա», «Միդասի շնորհը», «Հաշմված Ամերիկա: Ինչպես Ամերիկային նորից դարձնել մի մեծագույն տերություն»:



Հիրավի «բանաստեղծական» են վերնագրերը: Գրող Թրամփը, իր հաջողության փոխաբերությունը գրքից գիրք տարածելով, որպես հեղինակ, որպես ժամանակի երգիչ, նյութին անդավաճան է մնացել: Նրա գրքերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով եւ դարձել գործարարների, միշտ, միշտ եւ միշտ հաջողության ձգտող անձանց սեղանի գիրքը:



«Դոնալդ Թրամփ՝ 21-րդ դարին համահունչ, վարպետաց վարպետ, կարելի է ասել՝ լեգենդար հեղինակ, աննկուն, հույժ բովանդակային, բացառիկ ոճով, մարդկային հոգու, երազանքների ամենախորը գիտակ, որ կարող է ճանապարհ ցույց տալ, լինել հոգու եւ մտքի միակ փրկիչը»,- գրում է գրականության բավականին կարկառուն մասնագետներից մեկը, ապա շարունակում. «Այսօր Թրամփը կարելի է ասել, նոր դարի ձայնն է, ամերիկյան, համաշխարհային գրականության լավագույն ավանդույթները շարունակող այն հեղինակը, որը գիտի, թե իր ընթերցողն իրենից ինչ է ուզում, գիտի, թե ով է նա: Եվ Դոնալդը բաշխում է իր գիտակցության, իր կյանքի փորձից կուտակած խորհուրդները: Նա խոսում է մի խնդրից՝ հաջողությունից, որով այլեւս պայմանավորված է մեր ողջ գիտակցական, սոցիալ-հոգեբանական կյանքը, եւ որի առկայությունն այնքան անհրաժեշտ է Աստծո յուրաքանչյուր զավակին: Առանց հաջողության ո՞վ ենք մենք, ողորմելի արարածներ, չար ու փծուն: Թրամփն իր գրքերով երկխոսում է այն գրողների հետ, որոնք նույնպես չեն զլանում խորհուրդներ տալ, մատնանշել հաջողության ճանապարհներ: Թրամփը երկխոսում է «Ինչպես գրել վեպ», «Մեծ գրող դառնալու ճանապարհը», «Խորհուրդներ արձակի տեխնիկայի վերաբերյալ», «10 քայլ, եւ դուք ամենահաջողակ ու ճանաչված գրողն եք», «Գրողական խորհուրդների ամենամեծ անթոլոգիան» ստեղծագործությունների հետ: Եվ այս երկխոսությունն անդադար է, քանի դեռ կա Թրամփը»:



Ահա՝ այսպես է իր խոսքն ավարտում գրականության ականավոր մասնագետը: Գուցե ժամանակն է, որ գտնվեն հայ հրատարակիչներ, որոնք, ի վերջո, զարկ տան Թրամփի հեղինակած գրքերը թարգմանելու ծայրահեղ անհրաժեշտ գործին…



Արամ ՊԱՉՅԱՆ

Լրահոս

Ամենաընթերցված

Երեւի հասել ենք վերջին…

Երեւի հասել ենք վերջին…

Պարոն Հովակիմյան, հիշո՞ւմ ես, մի անգամ իմ եւ քո սիրելի Աննա Իսրայելյանի մոտ հարցազրույցի էինք, եւ ես...

×
Gallery Image