Մշակույթ

Քաղաքագրություն. Հայկինոն եւ Երեւանը

Քաղաքագրություն. Հայկինոն եւ Երեւանը

Աբովյան փողոցով իրավունք չունի անցնելու ոչ մի կառք, ավտո, էշ, բայց տեսար՝ թռչունի արագությամբ ավտոներ սուրացին, որոնց մեջ նստած են Ղափանի շրջակայքից հավաքված թուրքերը եւ պարսիկ բեռնակիրները… Գնում են հանվելու։ Նրանք այնպես են նստած ավտոմոբիլների մեջ, այնպես պինդ, որ կարծես իրենց կյանքի մեծ մասն ավտոների մեջ են անցկացրել:



Կինոհանումը Երեւանում կենցաղային երեւույթ է դարձել. չես գտնի մի բակ, որի բնակիչներից մեկն ու մեկը, լինի դա պառավ, ծերունի թե մանուկ, մասնակցած չլինի որեւէ ժապավենի։ Նրանց բռնում է ռեժիսորի հմուտ եւ զգայուն շոշափուկը եւ դուրս քաշում իրենց խորշերից: Մի ժամվա կինոարտիստներին մեծ զարմանք է պատճառում մանավանդ այն հանգամանքը, որ իրենց, համարյա թե խնդրելով, տանում են, նկարում,- այդ էլ բավական չէ՝ դեռ փող էլ են տալիս:



…Հանվում է «Խասփուշի» տեսարաններից մեկը։ Ըստ կինոպիեսի, մի պարսիկ ծեծի պիտի ենթարկվի. ծեծվողը մեր շնորհալի դերասան Հրաչյան է, ծեծողները՝ ղանթարցի կինոդերասանները։ Ռեժիսոր Բեկնազարյանը փորձում է. փորձն անցնում է հաջող, այսինքն՝ մեր պարսիկները ցույց են տալիս, որ ծեծում են, բայց իսկապես չեն ծեծում, այլ ձեւացնում են, անցնում են իսկականին բառի… իսկական իմաստով: Հրաչյան կարիք չունի ցավ ձեւացնելու, նա գոռում է իսկական ծեծվողի գոռոցով. սաստել չի լինի, որովհետեւ պարսիկները կշփոթվեն: Հրաչյան գոռալով դիմանում է եւ ոտի ելնում արդեն կապտած մարմնով…



Բազմաթիվ են կուրյոզները:



Գիշերվա ժամը 1-ին, քաղաքի մի մասում, հսկայական էլեքտրոնների եւ լուսարձակների տակ նկարահանվում է մասսայական մի տեսարան. իրար են խառնվել իսկական եւ դերասան պարսիկները, շրջակա կտուրները լիքն են, ամբողջ թաղը վազում է՝ ներկա լինելու առօրյա երեւույթ դարձած կինոնկարահանումին, ընկ. Բեկնազարյանի բարձրախոսն իշխում է ամբոխային հոսող տեսարանի վրա:



Լուսարձակների գետերը ճեղքում են մութը, ուղղաձիգ եւ զիգզագ:



Մեծ հույսեր կան՝ կապված «Խասփուշ»-ի հետ: «Խասփուշ»-ը պետք է լինի Հայկինոյի գլուխգործոցը:



Ռուսաստանից կամ արտասահմանից եկած ոչ մի նկար, հաջող թե անհաջող, երեւանցի կինոդիտողի համար էկրանից դուրս գոյություն չի ունեցել, բայց ահա Հայկինոյի «Զարեն» գոյություն ունեցող ժողովրդականացած երգերի մոտիվներով երգվում է. «Լեյլի Մեջնուն»-ը փոխել են «Զարեի»:



Հե՜յ, ժողովուրդ, լսեցեք,
Զարեի սերն եմ պատմում,
Հե՜յ, ժողովուրդ, լսեցեք,
Սայդայի ցավն եմ ասում եւ այլն…



Այնուհետեւ նկարագրվում է երգում Թեմուր խանի միջամտությունը եւ այլն, ամբողջ կինոսյուժեն:



…Երբ «Չար ոգին» ցույց տվեցին, հետաքրքիր էր տեսնել հանդիսականների էնտուզիազմը, որոնք խաղացել էին, կամ որոնք հանդիպում էին էկրանի վրա իրենց ծանոթներին:



- Վո՜ւյ, ախչի, Սաթիկը…



- Կարոն, Կարոն՝ սելի վրա…



- Գեղամ, Դուգլասի պես ես դուրս եկել…



- Էշը խանգարեց, թե չէ՜…



Անկասկած, Հայկինոն Հայաստանի խորհրդային իշխանության նվաճումներից մեկն է։ Յոթ տարի առաջ ոչ ոք չէր պատկերացնում, որ մենք կունենանք մեր համալսարանը, մեր թատրոնը, մեր կինոն: Հայկինոն, ինչպես բոլոր խոշոր ձեռնարկությունները, զերծ չի եղել պակասությունից եւ սայթաքումներից, բայց այն, ինչ արել է եւ ինչ որ անում է նա, չի թողնում ոչ մի կասկած, որ ՍԽՍՀ Հայկինոն նվաճել է իր տեղը խորհրդային կինոլանդիայում:



Գուրգեն Մահարի, 1928թ.



Պատրաստեց Արամ ՊԱՉՅԱՆԸ

Լրահոս

Ամենաընթերցված

Երեւի հասել ենք վերջին…

Երեւի հասել ենք վերջին…

Պարոն Հովակիմյան, հիշո՞ւմ ես, մի անգամ իմ եւ քո սիրելի Աննա Իսրայելյանի մոտ հարցազրույցի էինք, եւ ես...

×
Gallery Image