Մեծ քաղաքների կործանումը հողին է հավասարեցնում մնայունության պատրանքը, դրա ամբողջական պատկերը: Հինգ տարի առաջ ո՞վ կարող էր պատկերացնել, որ Հալեպն այլեւս Հալեպ չի լինելու, այլ մի հիշողություն հիշողության բացակայության մասին: Բազմիցս հալեպահայերի հետ զրուցել եմ այն երկրի, այն քաղաքի մասին, որը տարիներ շարունակ կեցավայր ու ծննդավայր է եղել՝ փոխանցելով լավագույնը, դառնալով իրենց ճակատագրի ծանրակշիռ մասը: Իսկ հիմա մնացել է միայն հիշողությունը, եւ ոչ ոք չգիտի, թե ինչպես է յուրաքանչյուր առանձին մարդը վերապրում այն, ինչն է հիշում, ինչն է արդեն մոռացել եւ ինչու:
Հալեպի ազատագրման լուրը եւս կարծես դարձավ լուրերից հերթականը: Կործանվել է, քանդվել է, ազատագրվել է՝ կվերակառուցվի: Բառերը եւ անգամ ամենասարսափելի լուսանկարները, որոնցում պատկերված են մեռած, խոշտանգված, մասերի բաժանված երեխաներ, տարեցներ՝ խաղաղ բնակչություն… պատմելուց ու վավերագրելուց անդին ի զորու չեն բացահայտել մահվան շրջանակները, կենդանացնել այն կյանքերը, որոնք զոհ դարձան կույր ատելության, անհանդուրժողականության, մեծ քաղաքականության խաղերին ու ռազմական զբոսանքներին:
Այն մարդը, ով կորցնում է իր հարազատ քաղաքը, կարծես կորցնելու որեւէ բան էլ չունի, որովհետեւ ամենը՝ իր անցյալը, ներկան ու ապագան, քաղաքի մեջ էին. ճակատագիրը մարդկային քաղաքի մեջ էր՝ ճարտարապետությունը, գրականությունը, ծառերը, լուսասյուները, քաղաքի կատուները, հացի փռերն ու թերթի կրպակները, տոնավաճառներն ու շուկաները, մանկության փողոցները, սիրելի բակերն ու անկյունները, պատշգամբներն ու փոքրիկ սրճարանները:
Հինգ տարի համակարգչի էկրանի առջեւ նստած դիտել Հալեպի սպանդը, հազարավոր տեսաձայնագրությունները, հազարավոր լուսանկարները, որոնք գալիս են ասելու, որ ոչինչ հնարավոր չէ անել, միայն օրորեք ձեր գլուխները, ախուվախ արեք, գոնե հեռու հեռվից կարեկցեք մարդկանց ու հասկացեք, որ ձեր ժամանակներում հնարավոր են թե ցեղասպանություններ, թե պետության ոչնչացում, թե մի ողջ քաղաքակրթության ավեր, թե աներեւակայելի, չլսված դաժանություն: Պա՞րզ է: Դե հիմա անցեք ձեր առօրյա հոգսերին, մինչեւ նոր ձայնագրություններ, մինչեւ նոր լուսանկարներ, որոնք տարածվում են մամուլից մամուլ, կայքից կայք եւ հանուն «սուրբ» վարկանիշի օգտագործվում անխնա:
Ես Հալեպում երբեք չեմ եղել, բայց համարձակվում եմ վերհիշել Հալեպը՝ համացանցում փնտրել-գտնելով քաղաքի նախապատերազմական լուսանկարները, որոնց մեջ տները դեռեւս հյուծված ու փշրված ոսկորներ չեն, իսկ մարդիկ դեռեւս մարդիկ են: Հինգ տարի անց մի լուսանկարում տղան հրաժեշտ է տալիս իր մեռած եղբորը, ձեռքը հպել է նրա արյունոտ մազերին: Տղան ինքն իրեն է հրաժեշտ տալիս՝ իր կյանքին, իր քաղաքին՝ Հալեպին: «Մեր» օրերում հրաժեշտի ակնթարթն այն աստիճան է ստորացվել, որ անամոթության ու sentimentalism-ի համարում ունի: Բայց տղան ոչ «մեր» օրերից է, ոչ էլ լսում է մեզ, նա հեռվում է, անմատչելի հեռավորության վրա եւ պարզապես հրաժեշտ է տալիս իր մեռած եղբորը:
Արամ ՊԱՉՅԱՆ