Թվիթերյան իր էջում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը գրել էր, որ իրեն ու իր համախոհներին հունվարի 20-ին գժական շոու է սպասվում։ Մի օգտատեր գրառման տակ զայրացել էր․ «Երդմնակալությունը քեզ համար կլոունադա չէ, որ շոու սարքես»։
Բայց միլիարդատեր Դոնալդ Թրամփն իր կարիերայի ընթացքում բազմաթիվ դիտարժան շոուներ սարքողի լուրջ համբավ ունի ու գիտի, թե ԱՄՆ շարքային քաղաքացուն ինչպես են զվարճանք ու անմոռանալի ժամանց մատուցում։ Գուցե երկու հարյուր միլիոն արժողությամբ երդմնակալության ժամանակ որոշ աճպարարություննե՞ր ցույց տա կամ, ասենք, հայտարարի, որ ընդամենը մեկ ժամ հետո փակելու է ԱՄՆ տանող բոլոր ճանապարհներն ու երկրից վերջնականապես արտաքսելու է սեւերին։ Ո՞վ իմանա։
Իբր ավելի քաղաքակիրթ աջերը եղունգներն են կրծում, գլուխները պատերին են տալիս, ցավից ոռնում են։
Ձախերը քթի տակ ժպտում են, ցույց տալիս, թե իրենք գիտեն, իրենք վաղուց գիտեն, թե ուր է տանում կապիտալիզմը, ու ինչ է լինում դրանից հետո։
Ձախերի ու աջերի արանքում մուտացիաների ենթարկված Թրամփը՝ մի քիչ ավելի ա՞ջ․․․ թե՞ լրիվ աջ․․․ ո՞վ իմանա։
Թերեւս ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ է, որ նորընտիր նախագահն այսչափ անկանխատեսելի է, ոչ ոք չգիտի, թե հաջորդ րոպեին միլիարդատիրոջ գլխում ինչ միտք կբուսնի, ինչ կասի, ումից կնեղանա, ում կսպառնա, ում կասի՝ fantastic guy, fantastic guy, եւ այսպես շարունակ։
Վերլուծաբաններից շատերի կարծիքով, ԱՄՆ-ն ապրում է ծանր ժամանակներ, քանի որ ակներեւ են հասարակության մեջ խորը անջրպետ, ակնհայտ հիասթափություն դեմոկրատներից, Օբամայի վարչակազմից, կրկնություններից, օդի մեջ տրվող ու օդից երկիր չիջնող խոստումներից։ Սակայն Թրամփը եւս խոստումներ է տալիս, այլ կերպ չի էլ կարող լինել։ Խոստանում է Մեծ ԱՄՆ, խոստանում է աշխատատեղեր, խոստանում է զգլխիչ շոուներ։ Նա ԱՄՆ օրինական ընտրված նախագահն է։ Մարդիկ, ընտրողների հայտնի քոլեջը հենց նրան են վստահել երկրի ղեկը, եթե անգամ դահճի վստահեին, ուրեմն ԱՄՆ-ն կունենար դահիճ նախագահ, եւ այդ նախագահը կլիներ ԱՄՆ-ի օրինականությունը։
Դոնալդ Թրամփը գոնե այս պահին ԱՄՆ-ի համահավաք դեմքն է, ԱՄՆ-ի իրականությունը, անգամ եթե երդմնակալության ժամանակ ատրճանակ հանի ու կրակելով սպանի տասնյակ մարդկանց։
Արամ ՊԱՉՅԱՆ