Անկեղծորեն՝ դժվար է որեւէ իրատեսական բան ասել ԱԺ առաջիկա ընտրությունների, այն կարկատվող ու շինվող դաշինքների վերաբերյալ, որոնք բուռն գործունեություն են ծավալել, որպեսզի հերթական անգամ տոկոսներով, դեպի աստեղային տոկոսները սլանալով, հայտնվեն փափագելի մի վայրում, որը վաղուց անփոխարինելի տեր ու տնօրեն ունի:
Առհասարակ, խառնափնթորությունը շատ ժամանակ ավարտվում է ինքնաբերաբար, երբ ուղղակի տարվա ամիսներն ու եղանակներն են փոխվում, երբ հալոցք է սկսվում: Այսօրինակ դաշինքային հարաբերությունների ողջ եփուկը բնավ պատահականության արդյունք չէ, կաթսայի մեջ եռացող աջաբսանդալի մասնիկները երեսանց այլակերպ են, այնուհանդերձ, ուզեն թե չուզեն՝ նույն նյութից են թվում, այնպես, ինչպես երկարուձիգ տարիներ մի բարձի ծերացած ամուսիններն են նման:
Ըստ էության՝ դաշինքները կազմավորվում են, որ լուծարվեն:
ԱԺ առաջիկա ընտրություններից հետո փոքր-ինչ վստահաբար կարելի է ասել՝ թերեւս կամ դաշինքները կլուծարվեն, կամ հանդես կգան լրիվ այլ կազմերով, կամ էլ կգոյատեւեն՝ «չլինելու», «քարանալու» հաշվին, երբ մեռյալը մեռած է, մինչդեռ նրան ոչ ոք չի շտապում հողին հանձնել: Իհարկե, դաշինքների կիզակետերում կարելի է գտնել, առանձնացնել մարդկանց, ովքեր հետաքրքիր մոտեցումներ ունեն, փորձում են որեւէ կերպ փոխել ստեղծված իրավիճակը, առաջարկների ու նախագծերի լեզվով են խոսում:
Օրինակ՝ ես շատ կուզեի, որ հենց երիտասարդ մարդիկ ընդգրկվեին ԱԺ-ում, եւ հենց նրանք լինեին իսկապես քաղաքականություն, քաղաքական դաշտ սկզբնադրողները: Ինչեւէ, գոնե այս պահին այն, ինչ կատարվում է, համահունչ է հանրամատչելի արկածային գրականությանը: Ահա՝ դաշինքներ, միավորումներ, վերադարձ-հրաժեշտներ, խարդավանքներ, բանսարկություններ, խաղիկներ, սիրո ու ատելության խոստովանություններ, ալեգորիկ փոխաբերություններով՝ գետերով ու առվակներով բանամարտեր, գողական ռազբորկաներ, տափիկ-մափիկ ժեստեր, խոզություններ ու հավություններ… ե՞րբ էր վերջին անգամ քաղաքական կյանքն այսչափ խմորվել, բորբոքվել ու խանդավառվել:
Այստեղ ամեն ինչ կա, բացի քաղաքականությունից:
Ինչ-որ առումով այս պատկերը գուցե վերջին անգամ գալիս է ազդարարելու այն տեւական ճգնաժամը, որը ջնջել է ու շարունակ ջնջում է այս ողջ փաթեթի ներսում քաղաքական մտքի հնարավորությունը:
Արամ ՊԱՉՅԱՆ