Նախընտրական պայքարը դեռ կինո չի դարձել, ավելի ճիշտ՝ միֆական կինոսցենար, որի սկիզբը, միջնամասն ու ավարտը կարծես թե բացահայտված են, կռահելի, այնուհանդերձ, ինչ-որ քաշող բան կա այս ողջ սցենարի մեջ, որից կտրվելն այդքան էլ հեշտ գործ չէ։ Մի խոսքով՝ պարզ է, թե խոսքն ինչի մասին է։ Խնդիրը դաշինքների ներքին բնույթը, իրար «անհամապատասխան» թվացող մարդիկ չեն կամ, ասենք, զարմանքի առարկան՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի» անհավանականությունը չէ, այլ ընտրողների վերաբերմունքն այս ամենի հանդեպ։
Վերջին հաշվով, դեպի ԱԺ ընթացող դրախտային նավակին բարձված դաշինքները ցույց տալու նոր շարժապատկեր չունեին։ Մինչդեռ նոր գաղափարներ, մտքեր, որոնք հետաքրքիր մարդկանց գիտակցություններում առկա են, այնուամենայնիվ, կյանքի չեն կոչվում, մտքի փակ, անկատարության թաքստոցում են։ Այս պարագայում խնդրո առարկան լեզուն է, որը դեռեւս չի գտնվում։ Ակներեւ է՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը» խոհի ու գաղափարի շուրջ չի կառուցվել, այլ տեղի ու դիրքի, կարելի է պատկերացնել՝ նաեւ հավասար հարթություններ պահպանելու առիթով։
Հետաքրքիր է, որ այսօրինակ դեպքերում ընտրողների մի ստվար հատված գիտակցում է, թե ինչ է կատարվում, եւ նույնը գիտակցում են նորակառույց դաշինքները, բայց արի ու տես՝ այդ գիտակցումը զանց է առնվում։ Ապագա թեկնածուները լրջմիտ հայացքներով փորձում են վերստին հանդես գալ գաղափարի անունից, գաղափարի ներսից ու շատ ժամանակ ավելի հեռուն են գնում, քանի որ իրենց քաղաքական ուտոպիայի մեջ են ուրվագծում։
Այնինչ բարվոք կլիներ լսել գեթ մեկ խիզախ խոստովանություն, որ ԱԺ են գնում որոշակիորեն տեղեր զբաղեցնելու ու որոշակիորեն ՀՀԿ-ի դեմն առնելու կամ նրա լինելությունը վերահաստատելու նպատակով։ Հետագայում դաշինքների փլուզումը մեզանում երեւելի արձագանքի չի արժանանում, քաղաքական իսկապես բուռն սկանդալի չի վերածվում, ինչպես դրանց ստեղծվելու պատմությունը։ Օրինակ՝ Ծառուկյանի վերադարձն ինչ-որ առումով քաղաքական սկանդալի վերածվելու հավակնություն ուներ, բայց ապշանքի, ափսոսանքի ու «վայ քու»-ների մեղմալիքով անցավ-պրծավ։ Ինչպես Մհեր Արշակյանն է գրում իր հոդվածում՝ «Շատ խորհրդանշական է, որ այս մռայլ ինքնադրսեւորման մեջ որոշակի աշխույժ դեր են ունեցել հանգուցյալները։ Ի՜նչ ակտիվ մասնակցություն ընտրություններին։
Ապրողներից շատերն այդպիսի մասնակցություն չեն ունեցել։ Զվարճալի է, բայց ոչ՝ ծիծաղելի։ Որովհետեւ այս ամբողջ պատմության մեջ Հայաստան չկա։ Այս ամբողջ պատմությունը դիակների խնջույքն է ապրող օրգանիզմի վրա, կյանքի օդն ապականելու նրանց խնամված մեթոդաբանության հաղթահանդեսը» (աղբյուրը՝ http://www.ilur.am/)։
Եվ նույնը՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի» դեպքում, որը զվարճալի փաստ է, բայց ոչ՝ ծիծաղելի։ Ահա, վերստին սկզբում օդի մեջ անհավանականության զգացմունքի տատանումն էր, հետո՝ հեգնանք, եւ այսպես շարունակ։ Իրականում այս ամենի մեջ էականը մեր վերաբերմունքն է, թե մենք ինչու պիտի զարմանանք՝ իրար կողք կողքի տեսնելով այս մարդկանց, ինչու պիտի զարմանանք, երբ Սեյրան Օհանյանն ընդդիմադիր դաշտում է հայտնվում եւ դաշնակից է տեսնում Րաֆֆի Հովհաննիսյանին։
Այս զարմանքը երբեւէ ծանրակշռություն չէր ունենա, եթե վերաբերմունքի կերպը փոխվեր, եւ եթե այդ վերաբերմունքն օրերից մի օր ազդեցիկ լիներ։ Անշուշտ, նման օր կարող է գալ, միայն մի դեպքում, երբ մենք քաղաքականություն ունենանք, երբ անդրադարձումը ՀՀԿ-ն չլինի, քաղաքական միտքն ու գաղափարական հենքն ամբողջապես չկառուցվեն ի դեմս իշխող կուսակցության, այդ կուսակցության հաջողությունների ու անհաջողությունների «հաշվին», թե չէ հայելու մեջ՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի» ֆոնին, ՀՀԿ-ն գնալով կերպավորվում է։
Արամ ՊԱՉՅԱՆ