Մշակույթ

Աբովյան փողոցի դուռը

Աբովյան փողոցի դուռը

Տարիներ առաջ «Մեր քաղաքը» սյունակում գրել էի, նկարագրել Աբովյան 8 հասցեում գտնվող պատմական շենքի դուռը, որը շատ երեւանցիների համար սիրելի մոտիվ էր դարձել: 



Այժմ, հուրախություն բոլորիս, շենքում վերաբացվեց «Նոյյան տապան» գրախանութը, իսկ սիրելի դարձած դուռը հանվել-տեղափոխվել է՝ ռեստավրացիոն աշխատանքների նպատակով: Հուսով ենք՝ մի օր այն նորից կվերադառնա: Ստորեւ ներկայացնում եմ իմ «Դուռը» հիշողությունը:



 



Ես ուզում եմ պատկերել ու հիշեցնել Աբովյան 8 հասցեում գտնվող սեւաթույր շենքի պահպանված դռան մասին, որից ներս 1930-36թթ. գործել է Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Աղասի Խանջյանը: Դուռն այդ նույն անցյալի վեհությունն ու հյուսվածքն է, որից խրտնում էին ֆուտուրիստները, անցյալի ձեւն ըմբռնելու անհանգստությունն է, որ փողոցում կանգնեցնում է քայլերդ ու ստիպում երկար տնտղել նրա ժամանակը:



Վերջին դուռը: Շագանակին խփող, տեղ-տեղ դեղներանգ փայտե դուռը կանգնած է` ինչպես ծառերի ետեւից նայող վախվորած գազանիկ` տխուր մտքերով տարված: Երբ լուսանկարում եմ նրան, անցորդներից մի քանիսը կանգ են առնում, նայում ինձ, հետո՝ դռանը ու նորից շարունակում քայլել: Ես ուզում եմ, որ դռանը նայեն: Ուզում եմ հանկարծ գտնեն նրան, եւ գտածը լինի օրվա այն միակ բերկրանքը, որ կարող է փոխանցել արվեստը: Ուզում եմ պատահաբար փողոցով քայլելիս, որպես նոր մայրցամաք, հայտնաբերել Աբովյան 8 հասցեի շենքի դռան լուռ գեղեցկությունը եւ տանը գիշերով սուրճ խմել, տարվել նրանով՝ սիրահարված պինգվինի պես: Հետո որոշել պրպտել պատմությունը, իմանալ դռան ճակատագիրն ու վերջում քնել խաչերի վրա թառած` կտուցները հավերժության պարույրներին աղեղած թռչունների հետ:



Երեւի շատ բան եմ ուզում, որովհետեւ վախենում եմ, որ մի օր քաղաքում նոր մայրցամաքներ էլ չեն հայտնաբերվի: Քանի որ Վենետիկից սկսեցի, այնտեղ ամեն քայլափոխին հանդիպող անցյալի մաշված մարմար, առյուծի գլուխ, պարզ սալարկ մի նոր մայրցամաքի հայտնագործում էր: Եթե Երեւանի քաղաքապետն ազդեցություն կրած լիներ ֆուտուրիզմից եւ բանաստեղծություններ ձոներ նոր տեխնոլոգիաներին, էլեկտրականությանը` մերժելով անցյալի հիշողություններ արթնացնող ճարտարապետության նմուշները, գուցե, գաղափարական այդ կոնտեքստից ելնելով, ընկալելի թվար նրա վերաբերմունքը, բայց անցյալը վկայող ժառանգությունների ոչնչացումը գաղափարական ոչ մի ընդգծվածություն չունի: Մաշտոցի պուրակը՝ վկա:



Ոչնչացված պուրակի փոխարեն ոչ թե կառուցվելու են աշխարհը զարմացնող նոր տեխնոլոգիաներին համահունչ կառույցներ կամ ապագան փառաբանող աշտարակներ, այլ առեւտրի քառակուսիներ` երկաթե չորսուներով միմյանց զոդված գռեհիկ տուփեր:



Աբովյան փողոցի շենքերն ունեին հին դռներ: Ունեին: Մեկն եմ տեսնում: Աբովյան 8, Աղասի Խանջյանի շենքի դռներից մեկը, քաշված ստվերի պես` մռայլ, անհույս: Կամարի տակ՝ մարդկային դեմքով երկու թեւավոր արծիվներ, վերջին հավատարիմ պահապանների խիզախությամբ պաշտպանում են իրենց ժամանակն ու հիշողությունը: Աբովյանով անցնելիս մի պահ կանգ առեք շենքի մոտ, նայեք անցյալի դռանը, որ ամեն ակնթարթ հեռացվում է քաղաքից:



Արամ ՊԱՉՅԱՆ

Լրահոս

Ամենաընթերցված

Երեւի հասել ենք վերջին…

Երեւի հասել ենք վերջին…

Պարոն Հովակիմյան, հիշո՞ւմ ես, մի անգամ իմ եւ քո սիրելի Աննա Իսրայելյանի մոտ հարցազրույցի էինք, եւ ես...

×
Gallery Image