Քաղաքականություն

Կտեսնեն ու կփոխեն

Կտեսնեն ու կփոխեն

Մի քանի օրից վերջապես հայտնի կդառնա Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ամբողջական կազմը, հնարավոր է լինեն անակնկալներ, հնարավոր է առհասարակ որեւէ անակնկալ այլեւս ուժգնություն չունենա եւ չզարմացնի ոչ ոքի: Տարիների ընթացքում ՀՀ քաղաքացուն կատարելապես հիշում են մեկ անգամ՝ նախընտրական քարոզարշավի շրջանակում: Նրանց ժողովում են փոքր ու մեծ հրապարակներում, ընդարձակ վայրերում, գյուղամեջերում, ակումբներում ու տարատեսակ նիստերի դահլիճներում։ Ժողովում են ու ներկայացնում այն բոլոր ծրագրերն ու գաղափարները, որոնք միտված են բարելավելու մեր կյանքը, այն համակարգված, իրատեսորեն կարգավորելու, լուծելու մեր պետության առջեւ ծառացած գերխնդիրները: 



Իսկ խնդիրներն անչափ շատ են, հարյուրավոր, մեծ ու փոքր, առօրեական խնդիրներ կան, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն: Հայաստանում աղքատ է բնակչության երրորդ մասը՝ 900 հազար մարդ: Եվ այս մարդիկ հենց այս պահին զուրկ են կենսական, մարդկային կյանք վարելու անգամ չնչին հնարավորությունից: Բոլորը գիտեն, նրանց երեխաներից շատերը դպրոց չեն հաճախում, գրքեր չունեն, ապրում ու մեծանում են քարուքռերի, անկտուր հյուղակների ու դեն նետված տնակների մեջ: Հիմնականում աղքատ ընտանիքների երեխաներն են պահում երկրի սահմանները, նրանք են զոհվում, զրկվում իրենց միակ կյանքից, նրանք են, որ չեն կարողանում համալիր բուժում ստանալ, հոգալ իրենց հարազատ բարեկամների առողջությունը:



Եվ, ցավալիորեն, հենց նրանք են հասարակության մի ստվար հատվածի, քաղքենի ու սնամեջ ինտելեկտուալների, թաղային խուժանի, հանցագործ թափթփուկների, խեղկատակների ու հաճկատարների գլխավոր թիրախը, նրանց ճակատին են կաշառակերների, ձայն վաճառողների ու անբարոյի պիտակներ փակցնում, կարծես վստահաբար գիտեն, ունակ են ըմբռնելու աղքատությունը, ուստի բաց ճակատով արժանապատվություն ու նամուս են քարոզում, մատ թափ տալիս:



Միեւնույն է՝ փաստացի աղքատությունը կողքից ըմբռնել, կողքից վերապրել անհնար է, ու, վերջին հաշվով, դեռ ընտրությունները՝ մի կողմ, ահա այս աղետի համար ովքե՞ր են պատասխանատվության ենթարկվելու, ինչպե՞ս է այն հաղթահարվելու, ի՞նչ եղանակով: ՀՀ քաղաքացուն վերհիշած կուսակցությունները, դաշինքները բեմերից, հեռուստաեթերներից համահավաք ներկայացնում են իրենց նախընտրական ծրագրերը, որոնցում գրեթե բոլոր հարցերի պատասխանները կան, գծված են խնդիրները լուծելու քարտեզները, բոլորը հավատացնում են, համոզում, որ այս անգամ, միանշանակ, ամեն ինչ անելու են, որպեսզի Հայաստանում իրավիճակ փոխվի:



Համոզվողները, հավատավորներն ովքե՞ր են, այն մարդի՞կ, որոնք 20-25 տարի ապրել են կողք կողքի եւ միմյանց չեն ճանաչել: Հայաստանի հեռավոր գյուղերում գուցե այս օրերին առաջին ու վերջին անգամ են իրականության մեջ տեսնում ազգի փրկիչներին, հետո նրանց կտեսնեն հեռուստաէկրաններին՝ նույն փտած, կիսադիակային, հազար տարվա դեմքերը, նույն կապիտալիստական նեխած սիստեմի մեջ, նույն խոստումներով ու փրկողական ծրագրերով: Կտեսնեն ու կփոխեն ալիքը:



Արամ ՊԱՉՅԱՆ

Լրահոս

Ամենաընթերցված

Երեւի հասել ենք վերջին…

Երեւի հասել ենք վերջին…

Պարոն Հովակիմյան, հիշո՞ւմ ես, մի անգամ իմ եւ քո սիրելի Աննա Իսրայելյանի մոտ հարցազրույցի էինք, եւ ես...

×
Gallery Image