Երեկ քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը մի հայտարարություն արեց՝ ասելով, որ իշխանությունը ուռճացրել է նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի վարկանիշը եւ նրա միջոցով փորձում է քաղաքը տանել: Սա նաև խոսում է այն մասին, որ հետընտրական միավորումն անհնարին է դառնում։
Hraparak.am-ը հետաքրքրվեց Վարդան Ղուկասյանից, թե ինչու՞ Մարտուն Գրիգորյանը նման հայտարարություն արեց եւ ինչ է սպասվում առաջիկայում՝ ընտրություններից հետո: Ղուկասյանը ընդդիմադիր թեկնածուներին առաջարկ արեց․
«Հիմա ես ընդդիմադիր բոլոր թեկնածուներին առաջարկ ունեմ՝ ինձանից շատ ով ձայն հավաքեց, միանում եմ ձեզ՝ առանց պաշտոն ուզելու, բայց որ ես շատ ձայն ունեցա, կտեսնենք՝ ով է մաքուր, կմիանան ինձ, թե չէ․․․․, բայց դա էլ ասեմ, եթե 3 հոգի հանկարծ իրար միանան ու գան ինձանից ձեն ուզեն, ուրեմն էս իշխանության կամքն են կատարելու » ։
«Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորող, համայնքապետի թեկնածու Կարեն Մալխասյանից Hraparak.am-ը հետաքրքվեց, թե ինչպիսի՞ն է իրենց դիրքորոշումը, ընդունու՞մ են Ղուկասյանի առաջարկը։
«Մենք սկզբունքային ենք, եթե մի բան ասում ենք, ուրեմն այդ ձևաչափով էլ շարժվում ենք։ ՔՊ-ի հետ չենք համագործակցելու, իսկ մնացած ուժերի հետ՝ ում սկզբունքն ու շահը քաղաքն է, ով քաղաքը զարգացնելու տեսլական ունի, համագործակցության եզրեր կարող է գտնենք։ Եթե չգտանք, ոչ մեկի հետ էլ չենք համագործակցի։ Սպասենք ընտրությունների արդյունքներին, տեսնենք՝ ով է շեմը հաղթահարում, ըստ այդմ կգործենք»,-ասաց թեկնածուն։