Քաղաքականություն

«Հրապարակ». «Խաղաղության COP» 

«Հրապարակ». «Խաղաղության COP» 

Երեկ Ադրբեջանը կրկին խոսեց Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայական փոփոխությունների COP 29 համաժողովին Հայաստանի մասնակցության մասին։ Թուրքական լրատվամիջոցին տված հարցազրույցում Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարար, COP 29-ի գործադիր տնօրեն Էլնուր Սուլթանովն ասել էր, թե ավելի քան 50 պետությունների ղեկավարներ հաստատել են մասնակցությունը COP-ին, Ադրբեջանն ակնկալում է, որ այդ թիվը կավելանա, նաեւ Հայաստանը կմասնակցի։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱԳ նախարարի անունով պաշտոնական հրավեր է եկել։ 

ՀՀ իշխանությունն առայժմ զգուշավոր լռություն է պահպանում` չարձագանքելով Բաքվի հրավերին։ Կառավարությունից ավելի վաղ «Հրապարակ»-ին փոխանցել էին, թե Նիկոլ Փաշինյանն այս հարցին կանդրադառնա արձակուրդից հետո հրավիրվելիք ասուլիսին, բայց թե կոնկրետ երբ կլինի` լուր չկա։ Հասարակության սուր արձագանքե՞ց են զգուշանում, թե՞ Հայաստանի մասնակցության գինը դեռ որոշված չէ։ COP 29-ի նախապատրաստական փուլն անցնում է Ադրբեջանին ուղղված միջազգային ճնշումների ներքո։ Մի կողմից, հեղինակավոր գործիչներ ու բնապահպանական կազմակերպություններ կոչ են անում բոյկոտել Բաքվի համաժողովը՝ մատնանշելով մարդու իրավունքների խայտառակ խախտումներն ու էկոլոգիական խնդիրները, նաեւ հայ գերիների վերադարձի հարցն է դրված։ Մյուս կողմից, Արեւմուտքը մեծացնում է ճնշումը՝ մինչեւ համաժողովը Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու հարցում։ «Ժամանակն է՝ վճռական քայլեր ձեռնարկել կայուն եւ տեւական խաղաղության ճանապարհին։ Ադրբեջանը պետք է օգտագործի COP 29-ի հնարավորությունը՝ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար»,- հայտարարել էր Եվրահանձնաժողովի խոսնակը:

Բաքուն COP 29 գագաթնաժողովն անվանում է «Խաղաղության COP»` այն դեպքում, որ այն կայանալու է Արցախում էթնիկ զտումներ իրականացնելուց 1 տարի անց։ Արցախի խնդիրը «լուծած» Ադրբեջանն աշխարհին ցույց տալու բան պետք է ունենա, իսկ դա կարող է լինել Հայաստանի մասնակցությունն ու հայ-ադրբեջանական «խաղաղության» օրակարգի խաղարկումը։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image