Ես մի տող ունեմ իմ պատմվածքներից մեկում․ «Միակ լավ բանը, որ այս «հեղափոխությունը» տվեց այն է, որ ես անձամբ՝ Լեւոն Ջավախյանս առերեսվեցի իմ ժողովրդի հետ եւ հիասթափվեցի»,- «Հրապարակ»-ի հետ զրույցում շեշտում է գրողը՝ հավելելով՝ սա հեղափոխություն չէր, սա գանձագողություն էր, իշխանագողություն էր։ Ջավախյանը նկատում է՝ հեղափոխության ժամանակ սոցիալ-տնտեսական կարգեր են փոխվում, այդպիսի փոփոխություն չեղավ, պարզապես աթոռին նստածը փոխարինվեց մեկ ուրիշով։
«Ում հետ խոսում եմ, ասում են՝ բա Նիկոլը չլինի, ո՞վ լինի, Ռոբերտ Քոչարյա՞նը։ Պրիչոմ Ռոբերտ Քոչարյանը, եթե էս ազգը երկնել է ու ընդամենը Նիկոլ ու Ռոբերտ է տվել, ուրեմն այս ազգն ապրելու իրավունք չունի, ուրիշ էլ մարդ չկա։ Ես շատ հիասթափված եմ»,-ասում է Ջավախյանը։
Մի պատմություն պատմեց, իր խոսքով՝ երկու նիկոլականների վեճի մասին, զարմացել է, ինչի նիկոլականներն էլ են վիճո՞ւմ։ «Շուկայի մոտով անցնում էի, մեկ էլ տեսնեմ երկու նիկոլական իրար հետ վիճում են։ Ասում եմ՝ պահո, էս նիկոլականներն էլ են վիճում, եւ ինչի՞ համար էին վիճում։ Մի հարցում համամիտ էի՝ պիտի Նիկոլ Փաշինյանի արձանը ոչ ավել ոչ պակաս Լենինի արձանի տեղը դրվի, այդ հարցում համամիտ էի։ Բայց ինչո՞ւմն էր վեճի առարկան, մեկն ասում էր թե՝ արձանը պիտի պղնձից լինի, մյուսը՝ չէ, ոսկուց պիտի դրվի, որ էս պետությունը ոսկի դառնա։ Հա, արձանը կդնեք ու կկրծեք էդ ոսկին»,-հեգնեց Ջավախյանը։
Անդրադառնում է ՝ խորհրդարանում ՔՊ-ականների եւ Քննչական կոմիտեի նախագահի միջեւ վեճին։ Հիշում է՝ իր ընկեր Վանո Սիրադեղյանի «Գյադաների ժամանակը», ասում է՝ գիտի, թե որ գյադեքին նկատի ուներ Սիրադեղյանը, բայց որ հիմա գյադաների ժամանակն է, էդ հաստատ։ «Նիկոլի թուլեն չի՞ էդ տղեն (Քյարամյանին նկատի ունի խմբ․)։ Էդ Հովիկ Աղազարյանն էլ աչքիս լույսը չի, եկել ա Վերնիսաժ, ձեռա մեկնել, ասել եմ՝ քեզ չեմ բարեւի։ Բայց տարիքով էդքան մեծ մարդուն կարելի՞ է տենց անել։ Էդ տղան նոր է 30 տարին բոլորել, արդեն տվել անցել է գեներալներին, քիչ է մնում մեդալների ծանրությունից խոնարհվի»,-նշում է գրողը։
Ջավախյանի խոսքով՝ այս իշխանությունը երկրի մի մասը տվել է թուրքին, մի մասն էլ աճուրդի է հանել, կամաց-կամաց հանձնում է, շագրենի կաշվի նման երկիրը փոքրանում է, լավ ինչքա՞ն պիտի փոքրանա։
«Արդեն հասել է սրտիս։ Ես 75 տարեկան մարդ եմ, փրկությունս արդեն մոտ եմ համարում մահվան մեջ, ես այդ ճամփով կգնամ՝ կփրկվեմ, բա էս ժողովուրդը ի՞նչ անի։ Էդ ինչ են դարձրել Ազգային ժողովը, էդ ո՞նց են խոսում։ Ձեր խմբագիր Արմինե Օհանյանը ինձ ասաց՝ Լեւոն ջան, դա նրանից է, որ փողոցից ամեն պատահական մարդու բերում ու բարձր պաշտոն է տալիս՝ հաշվի առնելով միայն նվիրվածությունը։ Սրանք թքած ունեն էս երկրի վրա, միակ տեղը, որ թքած չունեն, դա իրենց աթոռն է։ Ասում են՝ պարտվեցինք, դրա համար է զիջումների գնում։ Հասկացանք, բա ինչի՞ են դպրոցական դասագրքերը փոփոխում, ազգայինը հանում, հայրենիքը հակադրում ներկա երկրին, մեզ տանում են անցյալի մոռացման, դեմ են պատմական Հայաստանին։ Եթե ծառն արմատներ չունի, այդ ծառը չի կարող կանգուն լինել։ Նիկոլ կոչվածն ուզում է մեզ արմատներից կտրի, անպատմություն երկիր կլինի՞»,-հռետորական հարց է հնչեցնում Ջավախյանը։
Շեշտում է՝ այս իշխանությունը ժողովրդին տանում է մանկուրտացման։ Ամբողջովին վերաձեւում են հայոց պատմությունը, կրթական համակարգը, ասում է՝ լավ, պարտվեցինք, ստիպված է զիջում, բա համատարած թուրքացումն ինչպե՞ս պիտի բացատրեն, դրան ի՞նչ ասեն։ Նիկոլ Փաշինյանը, ըստ Ջավախյանի, ամեն ինչի անում է, որ թուրքերին դուր գա։
«Անուններս փոխենք, դառնանք թուրքի զավակ, ազգից էլ պրծնենք, ազգի պատմությունից էլ։ Ինձ սա է մտահոգում, ոչ թե էն ֆիզիկական պարտությունը, այն հոգեւոր ստերջությունը, որ բերում է Փաշինյանի իշխանությունը։ Նա դեմ է հոգեւոր Հայաստանին, իսկ եթե չկա հոգեւոր Հայաստան, ֆիզիկական Հայաստանը, որ ձեռքին պահած թափահարում է, մեզ պետք չի, թո՛ղ պահի իր համապատասխան տեղը»,-ասաց նա։
Հարցին՝ ինչու՞ Բաքվում պահվող հայ ռազմագերիների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության՝ հայրենիք վերադարձնելու հարցը պետական մակարդակով չի դառնում օրակարգ, գրողը պատասխանում է։ «Հետաքրքիր մարդ ես, Փաշինյանն է բռնել տվել այդ մարդկանց։ Ռուբեն Վարդանյանին ինքն է բռնել տվել, էդ ո՞նց Սամվել Բաբայանը անկաշկանդ անցավ, մյուսներին բռնեցին։ Ցուցակով բռնել է տվել այդ մարդկանց, թուրքերի հետ լավ էլ համագործակցում է»,-այսպես է կարծում Լեւոն Ջավախյանը։
Մանրամասն՝ տեսանյութում