Հասարակություն

«Պետական ինքնությունը» Հայաստանում ազգային անվտանգության համակարգի բաղադրի՞չ է, թե՞ ոչ

«Պետական ինքնությունը» Հայաստանում ազգային անվտանգության համակարգի բաղադրի՞չ է, թե՞ ոչ

Չենք չափազանցնի, եթե ասենք, որ հայաստանյան հանրային-քաղաքական դիսկուրսում հիմա ամենից տարածված թեման, որը քննարկվում է, անվտանգությունն է, մասնավորապես՝ Հայաստանի անվտանգային խնդիրներն ու երկրի առաջ ծառացած մարտահրավերները։ Դրա մասին խոսում են թե՛ իշխանությունները եւ իշխանամերձ շրջանակները, թե՛ տիտղոսավոր կամ խորհրդարանական ընդդիմությունը, թե՛ գրպանային ընդդիմությունը, թե՛արտախորհրդարանական ընդդիմադիրները, թե՛ պարզ մարդիկ ․․․ մի խոսքով՝ բոլորը։ Սակայն այդ խոսակցություններն ու քննարկումները որքան էլ որ ահռելի ծավալ են զբաղեցնում՝ բովանդակային առումով, այնքան էլ հարցերի, գաղափարների կամ թեզիսների լայն սպեկտր չեն առաջարկում։ Նախքան այս թեմայով մեր դիտարկումները շարունակելը, նախ գնանք Ռուսաստան։

Ռուսաստանի իշխանությունները բավական հետաքրքիր նախաձեռնություններով են հանդես գալիս։ Նախ՝ խստացվել է «պատմական հիշողության դեմ ոտնձգությունների» համար նախատեսված պատասխանատվությունը։ Կա ընդհանուր կոնսենսուս, որ այդ պատասխանատվությունը խստացվի այնքան, որ ադմինիստրատիվից դառնա քրեական։ Ինչ է սա նշանակում։ Այն, որ, օրինակ, Հայրենական մեծ պատերազմի վերաբերյալ ընդունված պատմական տեսակետին հակասող տեսակետը կարող է դիտարկվել որպես ոտնձգություն պատմական հիշողության դեմ։

Ռուսաստանի համար, նկատենք, Հայրենական մեծ պատերազմը դարձել է պետական ինքնության բաղադրիչ, ընդ որում՝ շատ կարեւոր։ Ռուսաստանի իշխանությունները, եթե ավելի պարզ խոսենք, ըստ էության, զբաղված են նաեւ պետական ինքնության պաշտպանությամբ։ Հիմա վերադառնանք Հայաստան։ Անվտանգության հետ կապված հարցերի վերաբերյալ հանրային-քաղաքական դիսկուրսում ինձ, օրինակ, հետաքրքիր է իմանալ, թե արդյոք խոսվո՞ւմ է Հայաստանի համար «պետական ինքնություն» հասկացության մասին, կամ արդյոք կա՞ նման սահմանում, թե Հայաստանում «պետական ինքնություն» ասվածը որն է, ինչ բաղադրիչներից է կազմված, եւ որքանով է այն պաշտպանված։ Նույնքան հետաքրքիր է, թե Հայաստանում սահմանվա՞ծ է արդյոք անվտանգության տեսակետից «ազգային ինքնություն» կամ «հայկական ինքնություն» հասկացությունը, ի՞նչ բաղադրիչներ ունի այն, որքանո՞վ է պաշտպանված եւ այլն։

Եվ, ի վերջո, Հայաստանի ազգային անվտանգության համակարգում «պետական ինքնություն» եւ «հայկական ինքնություն» կամ «ազգային ինքնություն» հասկացությունները որքանո՞վ են ներկայացված։ Գուցե այժմյան իրականության պայմաններում շատերն այս թեման համարեն ոչ առաջնային, սակայն իրականում սա շատ կարեւոր հարց է, որովհետեւ ոչ հեռու ապագայում հենց ինքնությունն է մնալու այն գլխավոր զենքը, որով հնարավոր է լինելու պահպանել Հայաստան պետության հայկական դիմագիծը։ Սա կարեւոր է նաեւ այն իմաստով, որպեսզի կարողանանք սահմանել «պետական ինքնության», «ազգային կամ հայկական ինքնության» դեմ-հանդիման առաջացած սպառնալիքները։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image