Հարցազրույց

«Հրապարակ». Փոքր դոզաներով հասարակությանը պատրաստում է

«Հրապարակ». Փոքր դոզաներով հասարակությանը պատրաստում է

«Հրապարակի» զրուցակիցն Արցախի «Արդարություն» կուսակցության համահիմնադիր Հակոբ Հակոբյանն է:

- Մայիսի 3-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Փաշինյանը մի շարք հայտարարություններով է հանդես եկել: Նա տարբեր թեմաներից է խոսել` հայրենասիրության իր պատկերացումներից, խաղաղության իր բանաձեւից՝ մինչեւ հայոց թագավորների արձաններ: 

- Առհասարակ, Նիկոլ Փաշինյանի բոլոր հայտարարությունները` 2018 թվականից սկսած, որոնք կապված են դիվանագիտական հարաբերությունների հետ` Արցախի մասով, համարում եմ խիստ վտանգավոր եւ մտահոգիչ: Այն պահից, երբ թավշյա հեղափոխությունը գերադասեցին արցախյան ազատամարտից, սկսվեց մեր պարտությունը: Այդտեղից ակնհայտ դարձավ, որ այս մարդիկ եկել են Արցախի հարցն իրենց ձեւով լուծելու` Ադրբեջանին հանձնելու տարբերակով: Մեծ հաշվով, չեմ ուզում երկար-բարակ խոսել Փաշինյանի երեկվա հայտարարությունների մասին, որովհետեւ նա նմանատիպ ելույթներ շատ է ունեցել, կապ չունի՝ Ազգային ժողովում, կառավարության նիստի ժամանակ, թե առցանց ասուլիսի տարբերակով, որը Փաշինյանի համար, կարծես, ավանդույթ է դարձել: Փոքր դոզաներով հասարակությանը պատրաստում է նրան, որ Արցախը տալով՝ հանգիստ ապրելու են մարդիկ:

- Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ռազմավարական թիվ մեկ խնդիրը եւ անվտանգության ապահովման միակ եղանակը համապարփակ խաղաղության հաստատումն է։ Բայց խաղաղության հասնելու իր պարամետրերը կարող են հայ ժողովրդի համար ընդունելի չլինել:

- Կարծում եմ, որ նրանք շատ լավ հասկանում են, թե ինչի են գնում: Իրենց սկսած պրոցեսի վերջակետն այն է, որ հասարակությունը համակերպվի Արցախի հանձնմանը: Ասել է թե՝ անհնար է պահել Արցախը։ Իսկ իրենք անմեղ են, իբրեւ՝ ամեն ինչ արեցին Արցախը պահելու համար, բայց չստացվեց: Օրվա իշխանությունը փորձում է իր իշխանության կյանքը երկարացնել հենց այս մեթոդով: Ըստ իս` Փաշինյանի բոլոր հայտարարություններն են մտահոգիչ, ես նրա հայտարարություններից ինչ-որ մի հատված չեմ կարող առանձնացնել: Ամեն դեպքում, հասարակությանն այդ թեզերով խաբել նրանց մոտ չի ստացվում: Վերջին սոցհարցումները եւս ցույց տվեցին, որ Հայաստանի բնակչության 60 տոկոսից ավելին դժգոհ է Նիկոլ Փաշինյանի կառավարությունից ու վարած քաղաքականությունից: Այնուամենայնիվ, այս իշխանություններին ոչինչ չի կանգնեցնում, պրոցեսները, հասարակությունից անկախ, գնում են այն ճանապարհով, որով Նիկոլ Փաշինյանն է ուզում: Դրա վառ ապացույցն այժմ Վաշինգտոնում տեղի ունեցող բանակցություններն են, որոնք, կարծես, արդեն իսկ գրավոր ձեւակերպումների մակարդակի են հասել՝ հավասարեցնելով Արցախում ապրող հայերին ու Հայաստանը ենթադրաբար լքած ադրբեջանցիներին:

- Այդ բանակցություններից առհասարակ Դուք ի՞նչ սպասելիքներ ունեք` դրական եւ բացասական առումներով:

- Որեւէ դրական սպասելիք չկա: Բազմիցս ասել ենք, որ Հայաստանի օրվա իշխանությունները, ցավոք, բանակցություններում որեւէ բեկում չեն կարող մտցնել, քանի դեռ նրանք բանակցության առարկայից չեն դարձել բանակցող կողմ:

- Այս պարագայում ի՞նչ լուծում կարող է ստանալ Արցախը: Ի՞նչ ճակատագրի է արժանանալու բլոկադայի մեջ հայտնված երկիրը:

- Արցախի ճակատագիրը որոշելու է Արցախում ապրող հայը: Որեւէ այլ մեկը, ոչ մի իշխանություն եւ իշխանավոր չեն կարող մեր փոխարեն որոշել: Իհարկե, նահանջներ, վնասներ ու պարտություններ կարող են լինել, սակայն Արցախի հարցը չի կարող մեկընդմիշտ փակվել, քանի դեռ այստեղ ապրում է գոնե մեկ հայ: Ես այս առումով լավատեսական եմ տրամադրված: Արցախում ապրող հայերը թույլ չեն տալու Արցախի հարցը փակել: Ալիեւի այն հոխորտանքը, թե Լեռնային Ղարաբաղի հարց չկա, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը:

- Ասում եք, որ արցախահայությունը որեւէ մեկին թույլ չի տա ի վնաս Արցախի որոշումներ կայացնել: Հետաքրքիր է` ի՞նչ կարող եք անել այդ առումով:

- Արցախահայությունն իր ղեկավարության հետ մեկտեղ պետք է հանդես գա որպես հակամարտության կողմ եւ կարողանա պաշտպանել իր իրավունքները՝ օգտագործելով բոլոր տեսակի գործիքակազմերը:

Լրահոս

Ամենաընթերցված

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիի միջազգային օդանավակայանում վերջին մեկ օրվա ընթացքում աշխատանքային ռեժիմի բազմակի փոփոխությունն...

Նիկոլն այլևս օրինական չէ

Նիկոլն այլևս օրինական չէ

Ժամանակին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ուներ հիմնական՝ մեկ կարմիր ու մեկ կանաչ գիծ: Առաջինի ա...

×
Gallery Image