Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 8-ին Սպիտակ տանը, այսպես կոչված, խաղաղության դեկլարացիան ստորագրեցին, ինչպես նաեւ՝ «Թրամփի երթուղի» անունը կրող միջանցքի մասին հռչակագիր ընդունեցին, որով ուղիղ կապ է ստեղծվում Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ, իսկ դրա նկատմամբ վերահսկողության բոլոր լծակները տրվում են ԱՄՆ-ին: Այդ միջանցքն անցնում է Իրանի հետ սահմանի երկայնքով եւ որոշակիորեն շոշափում է նաեւ Ռուսաստանի Դաշնության շահերը: «Հրապարակի» զրուցակիցն է ռուս քաղաքագետ Մոդեստ Կոլերովը:
-Ի՞նչ տեղի ունեցավ օգոստոսի 8-ին Սպիտակ տանը: Ի՞նչ կտա դա Հայաստանին:
-Ստորագրվել է միայն դեկլարացիա՝ նպատակների մասին: Դրա մանրամասները հայտնի կդառնան ապագայում, ու հենց դրանց համար էլ պայքարը կգնա: Իսկ հիմա պարզ է մի բան՝ Հայաստանը հրաժարվեց իր Սյունիքի սուվերենիտետից 99 տարով, կտրեց իր բոլոր հարաբերություններն Իրանի հետ ու ոչինչ չստացավ դրա դիմաց:
-Բայց ասում են, որ ստորագրված դեկլարացիան խաղաղություն կբերի մեր տարածաշրջան, հանուն խաղաղության են գնացել այս զիջումներին:
-Կապիտուլյացիան միշտ խաղաղություն է բերում: Իսկ այս դեպքում խաղաղության ամենաիսկական երաշխիքը Հայաստանի ընդհանրապես բացակայությունն է, գոյություն չունենալը: Ներողություն եմ խնդրում, բայց ինձ թվում է, որ Հայաստանի ակտիվ բնակիչների մեծ մասն աջակցում է Փաշինյանին:
- Իսկ ինչպե՞ս են այս իրավիճակին նայում Կրեմլում: ՌԴ-ն ԱՄՆ-ի հետ քննարկե՞լ է այդ միջանցքի հարցը, ի վերջո, այս տարածաշրջանում ազդեցության մասին է խոսքը գնում: Լուրեր են շրջանառվում, որ ՌԴ-ն կարող է համաձայնության եկած լինել ԱՄՆ-ի հետ՝ Ուկրաինայում որոշակի զիջումների դիմաց:
- Ես հասկանում եմ Հայաստանում այն մարդկանց մեծամտությունը, ովքեր կարծում են, որ ԱՄՆ-ում եւ ՌԴ-ում երկկողմանի հարաբերությունների կոնտեքստում մտածում են Հայաստանի մասին: Բայց ոչ մի փաստ եւ ապացույց դրան չկա: Ռուսաստանը վաղուց է հեռացել Հայաստանից ու նրա ճակատագրից:
- Ըստ Ձեզ՝ ո՞վ ի՞նչ է ստանում, եւ Հայաստանին ի՞նչ է մնում սրա արդյունքում:
- Այս ամենի գլխավոր նպատակն Իրանն է, գլխավոր զոհը՝ Հայաստանը, գլխավոր հաղթողը՝ Ադրբեջանը, իսկ գլխավոր գոհը՝ Ռուսաստանը, ինչո՞ւ, որովհետեւ ՌԴ-ն ստիպված չեղավ վճարել ոչ մի բանի համար: Թրամփն ազատեց Ռուսաստանին Անդրկովկասի՝ սարդերով լցված ամանից: Դա Թրամփի նվերն էր Ռուսաստանին՝ կվերցնի՞ արդյոք այդ նվերը Ռուսաստանը: Հիմա Ռուսաստանն ուղղակի պարտավոր է վտարել Հայաստանին ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից, Ադրբեջանին՝ սիրելիների ցուցակից, իսկ ադրբեջանցի ու հայ քաղաքացիներին պետք է զրկի Հայաստանի ու Ադրբեջանի հետ առանց վիզա ռեժիմից: