Քաղաքականություն

Նոր մահակ՝ ԶԼՄ-ների գլխի՞ն

Նոր մահակ՝ ԶԼՄ-ների գլխի՞ն

Ազգային ժողովի պատգամավորները, արդեն մոտ մեկ տարի, պրպտում են՝ ուզում են անպայման լրատվադաշտը «կարգավորել», նոր օրենքներ ընդունել։ Բայց այդ օրենքների անհրաժեշտությունը բոլորովին չկա, ավելին՝ ակնհայտ է, որ դրանց տակ փորձ է արվում կառավարել, զսպաշապիկ հագցնել ԶԼՄ-ներին։ Մինչ այժմ նման փորձեր «Իմ քայլը» խմբակցությունն էր անում, իսկ երեկ ստացանք ԲՀԿ խմբակցության պատգամավոր, իրավաբան Գեւորգ Պետրոսյանի կողմից մշակված՝ ԶԼՄ դաշտը կանոնակարգելու նախագիծը, որը դեռ չի դրվել շրջանառության մեջ, ուղարկվել է կից գրությամբ․ «Հարգելի գործընկեր, ակնկալում եմ Ձեր աջակցությունը նախագծի կատարելագործման ուղղությամբ: Խնդրում եմ ուսումնասիրել փաթեթը եւ ներկայացնել առաջարկներ մեկշաբաթյա ժամկետում»։

Նախագիծն ուսումնասիրելիս, սակայն, արդեն իսկ մի շարք խնդրահարույց կետերի բախվեցինք։ Հիմնական խնդիրը «Զանգվածային լրատվության մասին» օրենքում նոր 7.1 հոդվածի ավելացումն է, որով սահմանվում են «Համացանցով լրատվական գործունեություն իրականացնողների պարտականությունները»։ Դրանցում անհասկանալի, անգամ աբսուրդի հասնող պահանջ-ձեւակերպումներ կան, որոնք տարակուսելի են։ Զարմանալի է, որ նախագծի հեղինակը ոչ թե իշխանությունն է, որը երկու տարի է՝ ընկել է լրատվամիջոցների հետեւից ու ամեն կերպ փորձում է ճնշման մեխանիզմներ գտնել մեր դեմ, այլ մամուլի հետ շատ լավ հարաբերություններ ունեցող ընդդիմադիր պատգամավորներից մեկը՝ Գեւորգ Պետրոսյանը։ Նախագծով նախ ձեւակերպվել է, թե ինչ է լրատվամիջոցը։ Ի դեպ, սա ամենաբարդ խնդիրն է, որը շատ երկրներում քննարկվում է, սակայն ձեւակերպում տալը խնդրահարույց է, քանզի ժամանակակից աշխարհում մի անհատ անձ իր ֆեյսբուքյան էջով կարող է լրատվական գործունեություն ծավալել եւ ավելի շատ հետեւորդ ունենալ, քան որեւէ լրատվամիջոց։

Ահա թե ինչ է առաջարկում նա․

Համացանցով լրատվական գործունեություն իրականացնողները պարտավոր են․

1. 1)    հրապարակումներ կատարելիս առաջնորդվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով եւ այլ նորմատիվ-իրավական ակտերով

2) ճշգրիտ վերարտադրել հրապարակվող նյութը

3) հեռացնել իրենց էլեկտրոնային կայքում, ինչպես սոցիալական կայքերի` իրենց պաշտոնական էջերում անձի պատիվը եւ արժանապատվությունը վիրավորող, նսեմացնող կամ արատավորող գրառումները` ոչ ուշ, քան դրանք կատարվելուց (հրապարակվելուց) 12 ժամվա ընթացքում:
Հարց է առաջանում․ ի՞նչ է նշանակում՝ առաջնորդվել ՀՀ Սահմանադրությամբ, իսկ մինչեւ հիմա ինչո՞վ էինք առաջնորդվում՝ Չինաստանի՞ Սահմանադրությամբ, թե՞ որեւէ այլ փաստաթղթով։ Կամ՝ ի՞նչ է նշանակում՝ «ճշգրիտ վերարտադրել հրապարակվող նյութը»։ Ո՞ր նյութի մասին է խոսքը, հարցազրույց տվողի բառերի՞, թե՞ այլ բան նկատի ունի նախագծի հեղինակը։ Սա եւս հստակ չէ։
Ամենատարակուսելին ու անընդունելին, թերեւս, հետեւյալն կետն է՝ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պարտականությունների կատարման նկատմամբ վերահսկողություն է իրականացնում Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը:

Ինչո՞ւ պետք է տպագիր կամ էլեկտրոնային մամուլի նկատմամբ վերահսկողություն իրականացնի Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը: Նախագծով սահմանվում է նաեւ, թե որն է համարվում լրատվական գործունեություն իրականացնող սուբյեկտ, որտեղ եւս բազմաթիվ հարցեր են առաջ գալիս, քանզի սահմանումները բավականին խրթին են ձեւակերպված։

Այս թեմայով նախօրեին ԲՀԿ-ական պատգամավորներ Գեւորգ Պետրոսյանը, Շաքե Իսայանը եւ Նաիրա Զոհրաբյանը հանդիպում-քննարկում են ունեցել մի շարք լրատվամիջոցների հետ։ Մենք փորձեցինք զրուցել նախագծի հեղինակ Գեւորգ Պետրոսյանի հետ, սակայն չհաջողվեց։ Փոխարենը Շաքե Իսայանն ասաց, որ սա նախնական տարբերակն է, թե իրենք ինչպիսի լուծում են առաջարկում, որը երեկ ներկայացրել են լրատվամիջոցներին՝ խնդրելով մեկ շաբաթվա ընթացքում առաջարկներ հնչեցնել, այդ թվում՝ լուծման մեխանիզմների մասով: «Այսինքն՝ սա դոգմա չէ, որ հենց էսպես պետք է լինի, մեր առաջարկը սա է, բայց դու կարող է ավելի խելացի բան ես մեզ առաջարկում: Մեր խնդիրն այն է, որ քանի որ հարցն անմիջական լրատվամիջոցների գործունեության հետ կապ ունի, դուք ավելի ճիշտ կարող եք հուշել՝ ինչպես անենք: Բոլորս ընդունում ենք, որ խնդիրը կա, հիմա ուզում ենք իրար հետ գտնել լուծում»,- ասաց Շաքե Իսայանը։
Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն էլ մեզ հետ զրույցում իր տարակուսանքը հայտնեց, թե ինչու է ԲՀԿ-ն նման նախաձեռնությամբ հանդես եկել՝ նման տարօրինակ կետերով։ «Առհասարակ, գործող իշխանությունների աշխատաոճն է ԶԼՄ-ների վերաբերյալ օրենսդրական փոփոխություններ ներկայացնել՝ առանց մասնագիտական կողմերի տեսակետի։ Հույս ունեմ՝ այս դեպքում ներկայացնող կողմը կհանդիպի կամ միգուցե հանդիպել-քննարկել է։ Բայց օրենքն ինքնին վիճահարույց է, եւ կարգավորումներն այնպիսին են, որ հնարավոր չէ դրանից հստակ հասկանալ, թե ինչ նպատակ է հետապնդում եւ ինչ իրական խնդիր է լուծելու սա։ Գոնե ինձ համար համոզիչ չէ, թե ինչ գործիքակազմով է ՀՌԱՀ-ն իրականացնելու այս օրենքով իրեն վերապահվելիք լիազորությունները։ Ի՞նչ գործ ունի ՀՌԱՀ-ը էլեկտրոնային եւ տպագիր մամուլի դաշտում»,- ասաց Սաթիկ Սեյրանյանը։

Նրա համար եւս անհասկանալի է մնացել այն հարցը, թե որոնք են համարվելու ինտերնետ-տիրույթում լրատվական գործունեություն իրականացնողներ, որոնք՝ ոչ, կամ եթե 12 ժամվա ընթացքում մեկնաբանությունները չհեռացվեն, ինչ իրավական հետեւանքներ են առաջանալու եւ այսպես շարունակ։ Սեյրանյանի համար անհասկանալի է նաեւ այն կետը, թե պետք է առաջնորդվել ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով, որը, ըստ նրա, շատ ընդհանրական է գրված, եւ դրա տակ ամեն ինչ կարելի է մտցնել։ Կամ՝ ի՞նչ է նշանակում՝ ճշգրիտ վերարտադրել նյութը, որը եւս անհասկանալի ձեւակերպումների շարքից է։
«Մի խոսքով՝ շատ խնդրահարույց է նախագիծը, պետք է մասնագիտական համայնքի հետ քննարկել։ Էս տեսքով, ես կարծում եմ, չպետք է ներկայացվի որեւէ տեղ»,- եզրափակեց տիկին Սեյրանյանը։

 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image