Առողջապահության նախարարությունը այս շաբաթ կառավարության հերթական նիստին դարձյալ գումար է ուզելու, որ կարողանա փակել պետպատվերով քաղաքացիներին բուժած բժշկական կենտրոների պարտքը։ Մեր տեղեկություններով՝ այս անգամ նախարարությունը պետբյուջեից 1 մլրդ 223 մլն դրամ է խնդրելու, որ լրացնի բացը։ Նշենք, որ նախարարությունը պետպատվերով բուժման գումարի՝ ժամկետից շուտ սպառման և ԲԿ-ներին պարտք մնալու հանգամանքը բացատրում է բուժօգնության դիմողների մեծ քանակով։
Առողջապահության նախարարությունից հաստատեցին, որ նշված գումարի չափով միջնորդություն է ներկայացվել կառավարությանը, որը պետք է հաստատման դրվի այս հինգշաբթի կայանալիք նիստին։ Նախարարության ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Հասմիկ Մնացականյանը Hraparak.am-ին ասաց, որ այդ 1.223 մլրդ դրամը սոցիալապես անապահով խավին անվճար բուժօգնություն տրամադրելու նպատակով առաջացած ծախսերի գերակատարումը փակելու համար է։
«Ընդհանուր եղել է 4.5 միլիարդ գերածախսը, մաս-մաս տվել էին, մնացել էր վերջին 1.2 միլիարդը, որ մենք ամբողջությամբ ամբողջ պետպատվերը կատարենք ամբողջ միջոցառման շրջանակներում»,-ասաց տիկին Մնացականյանը։
Նա նշեց, որ այդ 4.5 միլիարդից 2 միլիարդը դեռևս տարվա սկզբին էր տրամադրվել, քանի որ իրենք ի սկզբանե էին կանխատեսել, որ գերակատարում են ունենալու, իսկ տակը մնացած 2.5 միլիարդի մի կեսը վերջերս են ստացել կառավարությունից, մյուս՝ վերջին մասն էլ այս նիստով կհաստատեն և վերջնական կմարեն պետության պարտքը բժշկական կենտրոններին, որոնք սպասարկել են կամ մինչև տարվա վերջ դեռ պետք է սպասարկեն սոցանապահով խավի ներկայացուցիչներին։
Նախարարության պաշտոնյան նաև շեշտեց, որ խոսքը միայն սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչներին պետպատվերով բուժօգնություն մատուցելու մասին է, ոչ այլ սոցիալական խմբերի՝ զինվորներ, հաշմանդամություն ունեցողներ, թոշակառուներ և այլն։