Վերջին օրերի դեպքերը ցույց տվեցին մի պարզ ճշմարտություն․ սրբության տարածությունը կարելի է խախտել տարբեր ձևերով, բայց դա ամենևին նույն բանը չէ։ Նիկոլ Փաշինյանը, օրինակ, երբ սուր կամ հայհոյախառն արտահայտություն է անում սրբության կամ հոգևոր սիմվոլների մասին, դա քաղաքական հարթության վրա է։ Այդ խոսքերը մասամբ վերաբերում են իշխանություն–եկեղեցի հարաբերություններին և կարող են վիրավորել, խոցել հավատացյալներին, բայց կարևոր է հասկանալ, որ Փաշինյանը չի ներկայացնում եկեղեցու ներսը, նրա խոսքը «դրսից հարված» է։ Դա քաղաքական վարք է, աշխարհիկ միջամտություն ու այլ գնահատականի է արժանի։
Բայց երբ նախկին քահանան կամ կարգալույծ մարդը շարունակում է հանդես գալ «քահանա» կարգավիճակով, նրա վարքը ուղիղ ներսից խախտում է սրբությունը։ Օրինակ՝ Ստեփան Ասատրյանը Վեհափառ Հայրապետին անվանել է «Կտրիճ Ներսիսյան», ինչը հրահրել է հավատավոր մարդկանց արձագանքը․ նրանք հիշեցրել են՝ «Կտրիճ Ներսիսյան չի, Ստեփա՛ն»։ Այստեղ արդեն մեսիջն ուրիշ է․ խախտվում է ներսի անվտանգության կարևոր շերտը։ Տան դուռը բացում է ներսի մարդը։
Հավատացյալ ժողովուրդը տեսնում է, որ քահանաներին ավելի ագրեսիվ, սադրիչ կամ չարաշահիչ վարքի են դրդում դրսից։ Նման պարագայում ներսում պիտի ավելի կուռ գործեն, երբ հարձակումը դրսից է։ Այս դեպքում հոգևոր դասի պատասխանատվությունը անձնական է, և հենց նա պիտի պահի սրբության տարածքը։ Ներսից հարվածը ամենավտանգավորն է, որովհետև խարխլում է հավատքի և հոգևոր կյանքի հիմքերը։
Քաղաքական գործիչը կարող է սխալվել և սրբության տարածությունը վիրավորել, բայց դա արտաքին ազդեցության դաշտում է։ Դա այլ հարթության մեջ է, իսկ կարգալույծի վարքը ներսից է, և դա ուղիղ հարված է եկեղեցու արժանապատվությանը։ Այն չի կարող օրինակ դառնալ և չի կարելի ընդունել որպես նորմալ վարք։ Նա ընդամենը քաղաքական դրդմամբ գործող անձ է։ Հասարակությունը պետք է հստակ տարբերակի՝ ով է իրական հոգևորականը և ով՝ կեղծ ներկայացողը, որպեսզի պաշտպանվի սրբության և հավատքի արժեքը։ Սրբության տարածքը խաղի դաշտ չէ, որտեղ կեղծ քահանան ոտքով ոնց ուզի՝ հարվածի միլիոնավոր հավատացյալ մարդկանց արժանապատվությանը։ Ստեփան Ասատրյանին պիտի հուշել, որ հենց ի՛նքն է իր վարքով կարգալույծ արել իրեն․․․