Հարցազրույց ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի հետ
- Պարոն Մելքոնյան, որպես էջմիածինցի, որպես քրիստոնյա, ո՞նց եք զգում Ձեզ այն ամենի համար, ինչ կատարվեց Մայր Աթոռում։
- Ի՞նչ է կատարվում որ, ես տեղյակ չեմ։
- Փաշինյանի հրահանգով ուժայինները գրոհել էին Վեհարանի վրա ու փորձում էին ձերբակալել Միքայել Աջապահյան սրբազանին, նման խայտառակ տեսարան դժվար է պատկերացնել։ Առհասարակ, Եկեղեցու դեմ սկսված արշավը նորմա՞լ եք համարում։
- Աջապահյանին կարան բերեն, որովհետեւ կոչ է արել զինված հեղաշրջման ու մնացած այլ կոչեր։ Երբ իրենք կոչ են անում, պետության դեմ են դուրս գալիս, դա նորմա՞լ է, հոգեւորականն ի՞նչ գործ ունի քաղաքականության հետ։ Իր գործն Աստծու հետ է, Աստծո եւ ժողովրդի միջնորդն է հանդիսանում, բարի լինի՝ իր գործերով զբաղվի։
- Միքայել Աջապահյանը ռազմական հեղաշրջման մասին իր հարցազրույցներում խոսել է ամիսներ, տարիներ առաջ, մարդիկ ասում են՝ ժողովրդավարության բաստիոն է, ամեն մարդ իր կարծիքը կարող է հանգիստ արտահայտել, հիմա ինչո՞ւ որոշեցին դրան իրավական ընթացք տալ։
- Հա, անընդհատ էլ կոչեր եղել են, նոր չի Աջապահյանը կոչեր անում, էդ ատելությունը կա դեպի պետությունը, դեպի ժողովուրդը։
- Այդ ատելությունը միայն իշխանության նկատմամբ է՝ շատ հայտնի պատճառներով, եւ հոգեւորականն էլ մարդ է ու կարող է կարծիք հայտնել։
- Խոսքի ազատությունը ո՞րն է՝ հեղաշրջման կո՞չը։ Ասենք՝ Բագրատ Գալստանյանը եթե ասում է՝ մի երկու հոգու կգյուլլենք, հետո փողն էլ կտանք-կպրծնենք, ի՞նչ ա նշանակում, էլի, իրանք ի՞նչ գործ ունեն պետության, պետականության հետ։ Ուզում են դառնալ վարչապետ, ուզում են երկիրը ղեկավարեն, թող քաղաքացիական հագուստ հագնեն, կուսակցություն բացեն, քաղաքականությամբ զբաղվեն, մասնակցեն ընտրություններին, ոչ թե հեղաշրջում անեն։ Մի տարի է մնացել, թող մասնակցեն, ժողովուրդն իրանց ընտրի, պրծնենք։
- Սրբազանի ձայնագրության օրինականությունը դեռ հաստատված չէ, փաստաբաններն ասում են՝ ձայնն իրենն է, բայց մոնտաժված է, կարծիքներ կան, որ արհեստական բանականության միջոցով կարելի էր նման ձայնագրություն ստանալ նաեւ։ Հիմա ինչպե՞ս եք մինչեւ դատարանի որոշումը խախտում անմեղության կանխավարկածը, դուք ինչքանո՞վ եք համոզված, որ այդ ամբողջը ճիշտ է, ու շտապում եք դատավճիռ կայացնել։
- Մենք չենք շտապում, այն, ինչը կա, ճիշտ է, ձայնագրությունները, ամեն ինչը, բնական չի՞, որ իրանց պաշտպանները պիտի պաշտպանեն իրանց պաշտպանյալին։
- Բայց «խափանված» «հեղաշրջման պլանը» 2024 թվականի համար էր, չե՞ք կարծում, որ սրանով ամեն ինչ ասված է, ու տեղին չէր այս աղմուկը։
- Դե, 2024-ին չի եղել, 2025-ին կլիներ, իրանց համար ի՞նչ տարբերություն, կարեւորը ծրագիրն է, երբ լիներ, կանեին։
- 2020 թվականից հետո Նիկոլ Փաշինյանի հրահանգով իրավապահներն իբր երեք հեղաշրջման փորձ են կանխել, բայց դրանցից ոչ մեկն ապացուցված չէ, հիմա ո՞նց եք պնդում, որ հեղաշրջում էին անում։
- Ուրեմն էս փորձը լավ ա, որ ձախողվեց, շնորհակալություն մեր իրավապահներին, որ բացահայտեցին։ Հետո՝ իրանք չեն հասկանում, որ գործը, որ սկսել են, իրանց գիշեր-ցերեկ պիտի լսեն, իրանց մեջից էլ, չէ՞, մարդիկ կան, որ կարային տային։
- Չե՞ք կարծում, որ Եկեղեցու դեմ արշավն իրականում արտաքին ազդակներով է պայմանավորված, թուրք-ադրբեջանական տանդեմն է ուզում, որ Եկեղեցին, որն ազգապահպան հզոր կառույց է, չլինի։ Պատահական չէր, որ Փաշազադեի հայտնի հայտարարությունից հետո Փաշինյանը գործի անցավ, որոշեց զբաղվել հոգեւորականների կուսակրոնության ուխտով։
- Ես տեսնում եմ, որ արտաքին հետք որոշ հոգեւորականների վրա, երբ որ ասում եք՝ Եկեղեցու դեմ, Եկեղեցու դեմ չի, այլ՝ որոշ հոգեւորականների, որոնք իրենց պարտականությունները չեն կատարում եւ դուրս են եկել պետության դեմ։ Այդ հոգեւորականները Ռուսաստանից հանձնարարական են ստացել, որ հեղաշրջում անեն, որ պետք է Եկեղեցին էլ դուրս գա պետության դեմ, որ հետո հեղափոխություն լինի, քանի որ 2026 թվականին չեն կարող հաղթանակի հասնել, միայն հինգերորդ շարասյունը կարող է ինչ-որ բանի հասնել, որը չթողեցինք։
- Դուք փաստ ունե՞ք նման պնդումներ անելու համար։
- Դուք չունե՞ք, չե՞ս տեսնում՝ ինչ է կատարվում։ Լրատվամիջոցներից էլ է երեւում, Ռուսաստանի ակտիվ մասնակցությունն է դա ցույց տալիս, որ իրենց քաղաքական դաշտը ոնց է վերաբերվում մեզ։ Հիմա ուզում են տեռոր անեն, դուք տեսե՞լ եք, որ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի դեմ տեռոր անեն, էս կարգի ծրագրեր են արե՞լ։
- Ախր, տեռորը դեռ ապացուցված չէ, հորինել են։ Մոռացել եք, երեւի, որ Նիկոլ Փաշինյանը հեղափոխություն արեց, որը հիմա դուք տեռոր եք անվանում։ Բա հեղափոխության ժամանակ ծրագրեր էլ են կազմվում, փողոցներ փակվում, այլ հարց է, որ Սերժ Սարգսյանը չգնաց ռադիկալ քայլերի։
- Լավ, էլի, համեմատական մի անցկացրեք, էն ժամանակ մեկը երազում սենց բան տեսներ, կտանեին կկալանավորեին։ Հիմա տարին մի քանի անգամ ընդդիմությունը փողոցում ա, 6 ամիսը մեկ հեղափոխության, հեղաշրջման կոչ է անում, էն ժամանակ դուք կարայի՞ք դուրս գայիք փողոց, ժողովուրդը 2018-ին հելավ, որովհետեւ դանակը հասել էր ոսկորին։
- Դուք երեւի մոռացել եք նախորդ իշխանությունների դեմ ընդդիմադիրների պայքարը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ, Դուք էլ միացաք ընդդիմությանը, հիմա ասեին՝ ռազմական հեղաշրջո՞ւմ եք անում։
- Այ, տեսաք ինչ եղավ, դրա համար կոտորվեց ժողովուրդը, այնպես որ՝ նորմալ ընթացք է, մի մեղադրեք մեզ։ Բան չունեմ ասելու, անմեղության կանխավարկած կա, բայց դե՝ տեսնում ենք ամեն ինչ։ Դուք իմացեք, որ եթե հարյուր հազար մարդ էլ հելնի փողոց, Նիկոլ Փաշինյանը կգնա, բայց ո՛չ հեղաշրջում։ Բայց էդքան մարդ հաստատ չի կանգնի, որովհետեւ ժողովուրդն ամեն ինչ լավ հասկանում է, հետո՝ զգացել է պետության կորուստը, պետականության կորուստը, ժողովուրդն ազատության համը զգացել է։
- Ինչի՞ մասին եք խոսում, ի՞նչ ազատություն, սա՞ է ազատությունը, որ գրոհում են Եկեղեցու դեմ։
- Մի ասեք՝ Եկեղեցու, հոգեւորականների, նրանք, ովքեր դրժել են ուխտը եւ համարվում են բռնապետ, բռնի տիրացել են այդ պաշտոնին, պիտի հեռանան։