Քաղաքականություն

«Հրապարակ». Արցախի ճանաչման համահայկական օրակարգ են ուզում ձեւավորել

«Հրապարակ». Արցախի ճանաչման համահայկական օրակարգ են ուզում ձեւավորել

Փետրվարի 24-25-ը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում կանցկացվի գիտագործնական համաժողով` նվիրված արցախյան շարժման 35-ամյակին։ 

Միջոցառումն ունենալու է «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագիրը։ 

Համաժողովը կազմակերպվում է արցախյան հարցում հետաքրքրություն հանդես բերող, գործունեություն ծավալող հասարակական-քաղաքական կազմակերպությունների մասնակցությամբ, մասնավորապես՝ Աբրահամ Գասպարյանի «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի, «5165» շարժման, Այլընտրանքային նախագծեր խմբի, Ավետիք Չալաբյանի «Արար» հիմնադրամի, «Համախմբում» շարժման եւ այլ կազմակերպությունների նախաձեռնությամբ ու աջակցությամբ։

Համաժողովը Հայաստանի, Արցախի, սփյուռքի եւ միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրելու այն հանգամանքի վրա, որ թեեւ ՀՀ գործող իշխանությունները փաստացի ետ են կանգնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման ուղեգծից, Արցախն արդեն կայացած պետություն է, եւ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է իրացվի հենց պետության միջազգային ճանաչման ձեւով։ 

«Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» գիտագործնական համաժողովի նպատակն է՝ քննարկել միջազգային ճանաչման իրավական փաստարկները, դրան նպաստելու ուղիներն ու մեխանիզմները, հստակեցնել Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հիմքում ընկած միջազգային իրավական դոկտրինը եւ վերհանել դրա քաղաքական հնարավորությունները։ Համաժողովի արդյունքները կներկայացվեն Հայաստանի եւ Արցախի պետական մարմիններին եւ հայկական աշխարհի բոլոր շահագրգիռ կազմակերպություններին: Կազմակերպիչները նպատակ ունեն սույնով նպաստել կամ, ավելի ճիշտ՝ համաժողովի միջոցով լուծել հետեւյալ խնդիրները․ Արցախի ճանաչման ուղղությամբ համահայկական միասնական օրակարգի ձեւավորում եւ դրա շուրջ շահագրգիռ բոլոր կողմերի համախմբում, մեկտեղել Արցախի անկախության ճանաչման ուղղությամբ գործունեություն ծավալելու ունակ անհատներին եւ խմբերին, վերհանել նրանց հնարավորությունները եւ գործունեության մեխանիզմները, նախաձեռնել միջազգային խոսույթ եւ մեդիաարշավ՝ Արցախի ճանաչման հիմքում ընկած դոկտրինի վերաբերյալ։ Երկօրյա միջոցառման համառոտ ծրագրում նշվում է նաեւ մասնակիցների ցանկը՝ համաժողովին հրավիրված են քաղաքական նախկին եւ այսօրվա բարձրաստիճան պաշտոնյաներ, համաժողովի բացման ժամանակ օրհնության խոսք կհղի Մայր Աթոռի ներկայացուցիչը, ապա բացման խոսքով հանդես կգա ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Միջոցառման խոսնակների թվում են ՀՀ եւ ԱՀ ԱԳ նախկին նախարարներ Վարդան Օսկանյանն ու Կարեն Միրզոյանը, նախկին փոխարտգործնախարարներ Շավարշ Քոչարյանն ու Արտակ Ապիտոնյանը, նախկին ՄԻՊ-եր Արման Թաթոյանն ու Արտակ Բեգլարյանը, արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը, ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը, իրավունքի մասնագետներ Վարդան Պողոսյանը, Սիրանուշ Սահակյանը, Արամ Օրբելյանը եւ այլք։

Լրահոս

Ամենաընթերցված

Երեւի հասել ենք վերջին…

Երեւի հասել ենք վերջին…

Պարոն Հովակիմյան, հիշո՞ւմ ես, մի անգամ իմ եւ քո սիրելի Աննա Իսրայելյանի մոտ հարցազրույցի էինք, եւ ես...

×
Gallery Image