«Հայկական նախագիծ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ երեկ մի խումբ լրագրողական կազմակերպություններով այցելեցինք Տավուշի մարզի Ազատամուտ, Կայան, Ոսկեպար, Վերին Ոսկեպար գյուղեր։
Ադրբեջանը, որի զինված ուժերը ներխուժել են Հայաստանի տարածքներ ու դեռ չեն պատրաստվում դուրս գալ, իմքայլականների դեմ պահանջ է դրել հանձնել Տավուշի մարզից հատվածներ, որի դեպքում հայկական գյուղերի մի մասը կարող են հայտնվել ադրեջանական ԶՈՒ նշանառության տակ կամ հայաթափվել։
Չնայած նրան, որ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Արծվաշեն էքսկլավը 1992 թվականի օգոստոսի 8-ից մինչ օրս բռնազավթված է Ադրբեջանի զինված ուժերի կողմից, ադրբեջանական կողմը ցանկանում է նաև ստանալ Արարատի մարզի Տիգրանաշեն (Քյարքի) գյուղը, որը սահմանակից է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը։
Լրագրողների հետ զրույցում «Հայկական նախագիծ» ՀԿ համահիմանդիր, միջազգայնագետ Էդգար Էլբակյանը մի շարք մանրամասներ ներկայացրեց Ազատամուտի վերաբերյալ։ Զրույցը տեղի ունեցավ այն 3 շենքի մոտ, որոնց զբաղեցրած տարածքը, հնարավոր է, որ հանձնվի Ադրբեջանին։
«Այժմ մենք Ազատամուտ գյուղում ենք, այն հատվածում, որ եթե հիմք վերցվի GPS-ային սահմանագծումը, իսկ եթե ավելի կոռեկտ՝ ԽՍՀՄ Գլխավոր շտաբի վերջին թողարկման քարտեզը, ապա սա ստացվում է բուն Հայաստանի Հանրապետության և նախկին ադրեբեջանական անկլավներից Բարխուդարլուի միջև սահմանագիծ։ Այս հետևի երեք շենքերը՝ երկու կիսակառույց և մեկ կառուցված, փաստորեն մնում են Արդբեջանի տարածքում», - ասաց Էլբակյանը։
Ըստ նրա՝ պատմականորեն և՛ Բարխուդարլու գյուղը, և՛ Աղստև գետի [հոսում է Հայաստանում և Ադրբեջանում, սկիզբ է առնում Փամբակի լեռներից] մյուս ափին գտնվող Սոֆուլուն 19-րդ դարում են առաջացել, 1887 թվականի քարտեզում արդեն կային։
«Բայց ուշագրավն այն է, որ ներառյալ 1929 թվականը, երբ դեռ Անդրֆեդերացիա էր, այսինքն՝ առանձին միութենական հանրապետություններ չկային՝ ի դեմս Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի, այս հատվածները էլի վիճելի են եղել, բայց 1929-ին մտցվել են Դիլիջանի գավառի մեջ։ […] Ե՞րբ են սրանք անկլավացել։ Մի փոքր բարդ է ասել, բայց ժամանակագրորեն միջակայքը տարորոշելը հեշտ է։ […] Ենթադրաբար, երբ Անդրֆեդերացիան փլուզվել է, այդ ժամանակ ադրբեջանցիները կարողացել են իրենց շահերն առաջ տանել և հասնել նրան, որ այստեղ հենց անկլավ լինի», - ասաց նա։
Էլբակյանի խոսքերով՝ Ազատամուտը ձևավորվել է 1970-ականներին՝ որպես բանավան․ «Ձևավորման պատճառներից մեկը եղել է նաև, որ երկու ադրբեջանական գյուղ կոմպակտ իրար կողք չլինեն՝ ապագա խնդիրներից խուսափելու համար [օր․՝ ազգայնական տրամադրությունների սրում]»
Միջագյանագետը նշեց, որ ԽՍՀՄ-ի փլուզման հետևանքով Ազատամուտը բանավանից գյուղի է վերածվել, և այժմ բնակիչների հիմնական եկամուտի աղբյուրն այգիներն են։
«Բացի այն, որ այս տարածքի կորուստն անվտանգային նշանակություն կունենա, բացի այն, որ իհարկե պետական, ազգային ինքնությանը հերթական հարվածը կլինի, նաև ազատամուտցիները տարրական (անգամ եթե անվտանգությունը մի կողմ դնենք մի պահ, չնայած մի կողմ դնելու չէ) կենսապահովման միջոցներ էլ չեն ունենա, ինչպես ասացի հիմա ԽՍՀՄ չէ, այլ տնտեսական համակարգ է, և մարդիկ ապրում են սրանով», - ընգծեց Էլբակյանը։
Նա նշեց, որ իրավիճակը 17-19-րդ դարերում այնպիսին էր, որ միշտ են ազգամիջյան բախումներ եղել, և հայերը ստիպված են եղել ավելի լեռնանտառային մասերում պատսպարվել։ «Հիմա եթե մեծ առումով նայենք, այսօրվա Հայաստանի Հանրապետության տարածքն էլ լեռնանտառային գետտո է, որտեղ բոլորս Հայկական լեռնաշխարհի տարբեր տեղերից եկել-հավաքվել ենք՝ որպես վերջին հանգրվան։ Հիմա այստեղ անտառ չի եղել, իրենք, կամաց գրավելով, առաջացել և հաստատվել են։ Հիմա եթե թույլ տանք՝ իրենք նորից գան այստեղ, վերահաստատվեն, արդեն հաջորդը Դիտավանն ու Այգեհովիտն են թիրախի տակ։ Այսօրվա ռազմական տեխնոլոգիաների պայմաններում անտառը, բան չեն փրկի։ Այն ժամանակ, երբ տարրական հրացան էր, անտառն օգնում էր, որովհետև տեսանելիությունը փակում էր։ Բայց հիմա ամեն թիզն, ամեն միլիմետրն իրոք կարևոր են», - շեշտեց նա։
«Այն արտահոսքը, որ մայիսի 19-ին, 20-ին եղավ [կապտուլյացիոն նոր փաստաթղթի], մեծ առումով բովանդակային հերքման չի արժանացել։ Այսինքն՝ ինչ-որ ձևական հերքում եղել է, որ «չկա այդ փաստաթուղթը, ցո՛ւյց տվեք, փաստաթուղթը ցույց չեք տալիս, ուրեմն չկա»։ Բայց իրականում մենք երկրորդային էլիտաների կողմից լսել ենք այդ արտահոսքի բովանդակությունն արդարացնող թեզեր։ Այսինքն՝ եղել են իշխանական գործիչ՝ հենց Տավուշցի [Վահե Ղալումյան], որը թվարկել է այս անկլավների տարածքները։ Այս ամենն ինչո՞ւ հիաշատակեցի։ Փաստաթղթային արտահոսքը, որը կոպիտ ասած ինֆոառիթն է մեր միջոցառման, վալիդության մեծ աստիճան ունի։ Ինքը համապարփակ և բովանդակային առումով չի հերքվել», - նկատեց նա։
Էլբակյանի խոսքերով՝ սահմանագծման հիմքում ընկնելու է ոչ միայն ԽՍՀՄ ԳՇ քարտեզը, GPS-ը, այլ նաև աշխարհագրական նպատակահամարությունը։ «Ու նաև հիշենք, որ Հայաստանը կապիտուլյացված երկիր է, մեկ անգամ չէ, շարունակվող։ Թշնամին կարողանում է ուժի սպառնալիքով իր կամքը պարտադրել, աշխարհագրական նպատակահարմարությունը նույնպես կարող է նրանց [ադրբեջանցիների] շահերին ծառայեցվել։ Այսինքն՝ նրանք ասեն (ժողովրդական լեզվով ասեմ)՝ «Էդ անկլավը տվել եք, վերտալյոտո՞վ ենք գալու։ Մի հատ էլ դե եկեք էն Ջաֆարլուի [գյուղ ներկայիս Ադրբեջանի Ղազախի շրջանում] կողմից միանագամից էդ Կայանով տարածք բացեք, էդ էլ տվեք մեզ, նպատակահարմարություն էլի։ Էդտեղ պիտի գա մարդ ապրի, մենք իրենց ո՞նց ենք մատակարարելու», - հավելեց միջազգայնագետը։
Նրա խոսքերով՝ հնարավոր է, որ իրենք ոչ միայն անկլավ պահանջեն, այլ ամբողջը։ «Երբ մենք շարժվենք Ոսկեպարի ուղղությամբ, կտեսնենք, որ այնտեղ անգամ պահանջելու կարիք էլ չկա, որովհետև ՀԽՍՀ-ի Ոսկեպարը ճխլվելու է երկու Ադրբեջանի միջև, ինքնստինքյան է պարպվելու, երբ որ գնանք, դա էլ կտեսնեք», - եզրափակեց Էդգար Էլբակյանը։
Զրույցից ու բնակիչների հետ խոսելուց հետո Տավուշում նախատեսված ուղղություններով այցելությունը շարունակեցինք։

