Հասարակություն

«Հրապարակ»․ Փաշինյանը փորձում է Մարիամի միջոցով վարկանիշ հավաքել

«Հրապարակ»․ Փաշինյանը փորձում է Մարիամի միջոցով վարկանիշ հավաքել

Տեւական պասիվությունից հետո Նիկոլ Փաշինյանի կինն ու ավագ դուստրը կրկին ակտիվացել են: Գրեթե ամեն օր տեսանյութեր է հրապարակում Մարիամ Փաշինյանը` ձիու վրա, ձիու հետ խնձոր ուտելիս, երգելիս: Մայրն էլ շարունակում է հանրությանը կրթվելու դասեր տալ, հորդորում է գիրք կարդալ, իր կարդացած գրքերն է գովազդում, իսկ երեկ իր հագուստի մասին էր գրառում արել` շնորհակալություն հայտնելով վերջին անգամ բուռն քննադատությունների արժանացած իր հագուստի հեղինակին` Խաչատուր Սուքիասյանի դստերը, որի նվիրած հագուստն էր կրել Վենսի հետ հանդիպմանը:  Փաշինյանի ընտանիքի անդամ կանայք, հավանաբար, չգիտեն, որ իրենց նկատմամբ հանրային նեգատիվ վերաբերմունք կա, հակառակը` կարծում են, թե Նիկոլ Փաշինյանին աջակցում են իրենց ակտիվությամբ:

Հասարակական, քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը, մեզ հետ զրույցում խոսելով այս մասին, ասում է. «Աննա Հակոբյանի ակտիվությունն ինձ մոտ չի երեւում, քանի որ նա իմ ֆիթբեքում չկա, սակայն աղջիկը, այո, ակտիվացել է, եւ ես ունեմ իմ բացատրությունը: Նա խոսում է այնպիսի թեմաների մասին, որոնք հետաքրքրում են երիտասարդությանը` նիհարել, մարզվել եւ այլն: Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ երիտասարդության շրջանում Նիկոլ Փաշինյանի վարկանիշը խիստ ցածր է, եւ անգամ դիսկոտեկները, որոնք կազմակերպում է նա, ցույց տվեցին, որ երիտասարդությունը չի համակրում Նիկոլին: 18-35 տարեկանների շրջանում նա չունի բացարձակ սատարում: Նրան սատարում են տարեց, հատկապես 60-ն անց կանայք, տղամարդիկ ավելի քիչ են: Ի՞նչ պետք է անի նա, եթե դիսկոտեկները չլուծեցին այդ խնդիրը: Մենք տեսանք, թե ինչ տարիքի կանայք էին դիսկոտեկին մասնակցում` բավականին առինքնող տարիքի կանայք էին: Քանի որ սոցկայքերը երիտասարդության վրա մեծ ազդեցություն ունեն, Փաշինյանները փորձ են անում Մարիամի միջոցով իբր թե վարկանիշ հավաքել: Նա այլեւս քաղաքական դասեր չի տալիս, ինչպես Վանեցյանի պորտը տեղը դրեց տարիներ առաջ, հիմա փորձում է խոսել այնպիսի թեմաներից, որոնք երիտասարդությանը կհետաքրքրեն, կգրավեն: Նա այդ ճանապարհով փորձում է մթնոլորտ ձեւավորել՝ երիտասարդությանը տանելով իր դաշտ, սակայն չեմ կարծում, որ դա իրեն հաջողվելու է: Այն ժամանակատար պրոցես է, այնքան հետաքրքիր կոնտենտ պետք է ունենաս, որ հետո դա կարողանաս վերափոխել քաղաքական հորդորների: Ցանկացած իշխանության շարժիչ ուժը երիտասարդությունն է, Հայաստանում երիտասարդությունն ընդհանրապես չի սատարում ՔՊ-ին: Հենվել տարեց մարդկանց վրա, այն դեպքում, երբ Փաշինյանի մի քանի անզգույշ հայտարարությունները` «Աղքատությունը ձեր ուղեղներում է», «Տասը հազար դրամ տանք, չեք կարողանա ծախսել», «Աղքատ եք, դա իմ պրոբլեմը չէ», իր էլեկտորատի մոտ լուրջ հիասթափություն են առաջացրել: Ես այցելում եմ մարզեր, նույնիսկ այն սեգմենտը, որն առանց ինչ-որ բան լսելու ասում էր` Նիկոլ, այժմ հասկանում է, որ Նիկոլը ոչ մի բանի պետք չէ: Փաշինյանը հասկանում է, որ ժամանակ անց կորցնելու է նաեւ այդ էլեկտորատը, ուստի փորձում է նոր փիառ-տեխնոլոգիաներ կիրառել: Առաջիկայում նոր տեխնոլոգիաներ եւս կիրառվելու են: Մարտի 1-ի փաթեթը բացեցին, շուտով կարող են լողավազաններ գնալ, թենիս խաղալ եւ էլի ինչ-որ բաներ անել, չհաշված քաղաքական հաշվեհարդարները»:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image