Քաղաքականություն

Խոստանում են լսել հանրության կարծիքը

Խոստանում են լսել հանրության կարծիքը

18 քաղաքական ուժերից 7-ն իրենց նախընտրական ծրագրերում ընտրողներին խոստանում են որոշումների ընդունման գործընթացում հանրային մասնակցությունն ապահովվել և ականջալուր լինել թե հանրային կարծիքին: Մենք առանձնացրել ենք այդ խոստումները․

«Ուժեղ Հայաստան» դաշինք (N 3)

Ծրագիրը (էջ 50, 56) պարունակում է թափանցիկության և հաշվետվողականության բարձրացման հանձնառություններ։ Սակայն հանրային մասնակցության բաղադրիչը ծրագրում արտահայտված է հիմնականում անուղղակիորեն՝ թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքների միջոցով, առանց ներկայացնելու քաղաքացիների կամ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների որոշումների կայացման գործընթացներում ներգրավման կոնկրետ ինստիտուցիոնալ մեխանիզմներ։

«Միասնության թևեր» կուսակցություն (N 6)

Ծրագրում (էջ 8, 45) նախատեսվում է պետական կառավարման ոլորտում ապահովել հանրային լայն մասնակցություն, իսկ հանքարդյունաբերության ոլորտում՝ ներդնել խիստ բնապահպանական ստանդարտներ և հանրային վերահսկողություն։ Ծրագրով նաև առաջարկվում է ապահովել բաց կառավարում՝ սփյուռքի մասնակցությամբ, և ստեղծել ինստիտուցիոնալ հարթակներ, որոնց միջոցով սփյուռքի կառույցներն ու անհատները կմասնակցեն ռազմավարական ծրագրերի քննարկմանն ու իրականացմանը։

«Բարգավաճ Հայաստան» (N 7)

Ծրագրում (էջ 6) շեշտադրվում է ներքին համերաշխության, հասարակական համախմբման և քաղաքացիական ազատությունների պաշտպանության կարևորությունը։ Նախատեսվում է խթանել հանրային և քաղաքացիական համերաշխությունը, ամրապնդել ազատ կամարտահայտման և իրավունքների պաշտպանության երաշխիքները, ինչպես նաև ապահովել արդարադատության և իրավապաշտպանության ինստիտուտների գործունեությունը հանրային համերաշխության տրամաբանությամբ։ Միաժամանակ, ծրագիրը պարունակում է հանրային մասնակցության և քաղաքացիական դաշտի հնարավոր սահմանափակման տարրեր։ Մասնավորապես, ծրագիրը ներառում է մի դրույթ, ըստ որի՝ պետությունը պետք է կիրառի մտածված և համակարգված քայլեր՝ «ներքին թշնամությանն ու պառակտմանը ծառայող գործիքակազմի հայտնաբերման և չեզոքացման ուղղությամբ»։ Թեև այս ձևակերպումը ներկայացվում է ազգային համերաշխության և անվտանգության համատեքստում, այն կարող է լայն մեկնաբանության հնարավորություն ստեղծել և հանգեցնել քննադատական կամ այլախոհ դիրքորոշումներ արտահայտող խմբերի, լրատվամիջոցների կամ հասարակական կազմակերպությունների գործունեության սահմանափակման ռիսկերի։

«Հայ ազգային կոնգրես» (N 10)

Ծրագրում (էջ 14) նախատեսվում է կառավարության համագործակցություն քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և զանգվածային լրատվության միջոցների հետ՝ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացման նպատակով։ Սակայն քաղաքացիական հասարակության մասնակցությունը դիտարկվում է բացառապես հակակոռուպցիոն քաղաքականության համատեքստում, և ծրագրում չեն ներկայացվում որոշումների ընդունման գործընթացներում հանրային մասնակցության ապահովման ավելի լայն կամ ինստիտուցիոնալ մեխանիզմներ։

«Ժողովրդավարական համախմբում» (N 14)

Ծրագրում (էջ 16, 17) նախատեսվում է պետական իշխանության լեգիտիմության ապահովում հասարակության հետ շարունակական շփման միջոցով։ Միաժամանակ, ծրագիրը պարունակում է քաղաքացիական դաշտի հնարավոր նեղացման և հանրային մասնակցության սահմանափակման ռիսկեր։ Մասնավորապես, ծրագրում առաջարկվում է սահմանափակել այլ պետությունների կողմից ֆինանսավորվող և նրանց շահերը սպասարկող ուժերի գործունեությունը։

«Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» (N 15)

Ծրագրում (էջ 14) նախատեսվում է քաղաքացիների ներգրավում ոստիկանության գործունեության վերահսկողության և գնահատման գործընթացներում՝ տարեկան բաց հաշվետվությունների, հանրային լսումների և քաղաքացիների գնահատման մեխանիզմների միջոցով։ Սակայն նշված մեխանիզմները վերաբերում են բացառապես ոստիկանության գործունեության հաշվետվողականությանն ու գնահատմանը, և ծրագրում չեն ներկայացվում քաղաքացիների կամ քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովման ավելի լայն կամ ինստիտուցիոնալ մեխանիզմներ։

«Քաղաքացիական պայմանագիր» (N 16)

Ծրագրում (էջ 3, 14) կարևորվում է քաղաքացիական հասարակության և գործարար համայնքի դերակատարությունը խաղաղության գործընթացներում, սակայն քաղաքացիական հասարակության ուղղակի ներգրավման կամ հանրային վերահսկողության առանձին մեխանիզմներ չի նախատեսվում։ Միաժամանակ, ծրագրում ներառված է Հայ Առաքելական եկեղեցու «բարենորոգման» պետական օրակարգի վերաբերյալ դրույթ։ Քանի որ կրոնական կազմակերպությունների ներքին կառավարման հարցերին պետական միջամտությունը կարող է առաջացնել սահմանադրական և մարդու իրավունքների հետ կապված հարցեր, այս դրույթը կարող է դիտարկվել որպես հասարակական ինքնակազմակերպման և ինստիտուցիոնալ ինքնավարության սահմանափակման ռիսկ պարունակող մոտեցում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image